Ashken Keshishyan
Երբ փոքր էի...
***
Երբ փոքր էի մորս հետ
քայլում էինք պապիս տուն։
Այդ ժամանակ մեր թաղամասի
փողոցները ինձ հսկա
օձեր էին թվում,
որոնք կարող էին ձգվել
մինչև աշխարհի վերջը,
իսկ աշխարհի վերջը
ինձ մեծ ու վախենալու փոս էր թվում։
Այդ պատճառով ես թողնում էի
մորս ձեռքը
և ոչ թե կողքից էի քայլում,
այլ բադի ճուտիկի պես
ետևից ընկած,
որ ամբողջ ճանապարհին
հետևեմ միայն մորս ոտքերին։
Ես հիշում եմ, նրա շագանակագույն
կոշիկները, ոնց էր կոխորտում
ասֆալտին փռված արևը,
և քայլում էի՝ անվախ,
աշխարհի վերջի փոսը լցվում էր
մորս սիրով։
Ու չկար աշխարհի վերջ։
***
Հորս կառուցած այս տունը
սիրում է մորս,
երբ մայրս նորից մեր տանն է
տան պատերը
ուղղվում են,
մի տեսակ հպարտ են կանգնում,
առաստաղից կախված
ջահի փոխարեն
արևը ուժեղ լուսավառվում է,
ու տան բոլոր առարկաները
դեղնածորում են լուսաթաթախ։
Երբ մայրս նորից մեր տանն է
Նա իր փոքրիկ մարմնով
Գրկում է մեզ
այս տան հետ միասն
ու երկինք է բարձրացնում։