Anush Tasalyan

Մոլորակն ինձ մի գարուն է պարտք

Կատուն խախտեց օդում կախված լռությունն ու իր փամփլիկ պոչը քսելով ոտքերիս՝ հիշեցրեց իր գոյության մասին: Ես հասկացա՝ այնքան եմ խորասուզվել մտքերիս հորձանուտում, որ կտրվել եմ իրականությունից: Այդ պահին ինձ աշխարհին կապողը ճոճաթոռս էր, որ մեկ առաջ, մեկ հետ ճոճվելով, մտքերս էր կարդում: Բայց կարծես հոգնեց, ու կանգ առավ... Ինձ իմ տուն ‹‹հրավիրող›› այս պահին չկա, որովհետև դու դեռ տանը չես: Իսկ երբ տանը չես․․․ Երբ տանը չես, պարզապես քայլում եմ, որովհետև երբեմն ոտքերն իրենք իրենց քայլում են, իսկ ուղեղն ինքն իրեն է մտածում, չի ուզում տիրոջն անհանգստացնել։ Հասկանում են, որ, մեղմ ասած, տխուր ես, ու չեն խառնում քեզ իրենց գործերին: Երբեք չեմ սիրել գործուղումները: Քո՛ գործուղումները, ինչի պատճառով գիշերը ծանրանում է հոգնած կոպերիս։ Դրանք քեզ համար գուցե և հետաքրքիր ու բազմազան են, իսկ ինձ համար՝ դժվար ու ձանձրալի: Առավել ևս այս անգամ, երբ ամեն ինչ տակնուվրա է եղել ինչ-որ թագավարակի պատճառով: Ինչ –որ , մեղմ ասած... Այլևս ոչ մի հեքիաթ չղջիկների մասին: Գոնե իմ սերունդը չի հորինի որևէ լավ բան այդ կիսամուկ-կիսաթռչունների մասին, որովհետև նրանք սպանեցին մեր մեջ թաքնված բյուր հեքիաթները՝ տանը մնալու, աշխարհից կտրվելու , արձակուրդ ունենալու գաղտնի հեքիաթը, որ յուրաքանչյուրիս մեջ թաքուն ապրում էր: Հիմա չկա այդ հեքիաթը: Դուռն աշխարհի առաջ փակելու մտորումներն իրական դարձան: Իսկ դուք ասում եք՝ հեքիաթ: Կոտրվեցին բոլոր բարի հեքիաթները, մոլորվեցին մեր մտքերից, ու երես դարձրեցին: Հեքիաթ, մանկական բանաստեղծություն կամ առակ չղջիկի մասին: Էլ որևէ մեկը չի գրի: Ոմն չղջիկ սպանեց բոլոր հեքիաթները, որոնք դարձան իրականություն՝ դառն ու աղետաբեր, ու մենք արթնացանք մի օր այլ իրականության մեջ: Տանը մնալու հեքիաթը դարձավ իրականություն՝ անպատեհ ու չպլանավորած։

Պատուհանից կախված լիալուսինը ներս սողոսկեց՝ իր հետ բերելով այս գարնան փշատի ու յասամանի՝ հիշողությամբ վերականգնվող բույրը։ Ու ես հասկացա, որ մոլորակն ինձ իմ կյանքից գողացած մի գարուն է պարտք։ Լուսինն ընկավ սուրճիս գավաթի մեջ, հոգնած լող տվեց, քնեց կատվի հարևանությամբ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade