Alexander Shirvanzadeh

Նամակը

Գնացքը պատերազմի դաշտից բերում էր մի քանի տասնյակ ծանր ու թեթև վիրավորներ։ Ֆելդշերն ու գթության քույրերը շտապ-շտապ անցնում էին վագոնից վագոն և տառապող հերոսների ամենաթեթև կարիքը հոգում ամենամեծ եռանդով, չնայելով որ շատերը գրեթե ամբողջ գիշերն անց էին կացրել անքուն։ Ոմանք իրենց հոգու խորքում դժգոհ էին անգամ, որ վիրավորների համեստ պահանջները թույլ չեն տալիս ավելի մեծ եռանդ ցույց տալու։ Նման այն նորադարձ ֆանատիկոսներին, որոնք որքան ևս շատ են աղոթում, դարձյալ գոհ չեն իրենց ջերմեռանդությունից։

Առանձնապես համեստ և անտրտունջ էր մի երիտասարդ սպա Տ...տի զորաբաժնից։ Գրեթե անմորուս, անբեղ մի պատանի ցորենի գույն մազերով, պայծառ դեմքով և կապտագույն աչքերով, որոնց անմեղ արտահայտության մեջ նորատի տիտանի հոգին էր կարդացվում։

Պառկած էր նա վագոնի ներքին նստարաններից մեկի վրա, որին ժամանակավոր մահճակալի հարմարություն էր տրված։ Նրա աջ թևը, ճերմակ փաթաթանի մեջ՝ ընկած էր կրծքի վրա անզոր, որպես գնդակահար ճայ։

Միայն այդ չէր նրա վերքը։ Թշնամու երկրորդ գնդակը ջախջախել էր նրա ձախ ազդրի ոսկորը։ Գթության քույրերի հոգատար հարցերին նա շարունակ պատասխանում էր, թե ցավ բնավ չի զգում, թեև, հարկավ, զգում էր։ Գլուխը թեթևակի դեպի ձախ ուսը թեքած, նայում էր լուսամատով Կովկասյան լեռներին, որ, մեկը մյուսին հաջորդելով, նրա համար ներկայացնում էին անսովոր, բայց սքանչելի մի կոլեյդոսկոպ։

Երկրորդ անգամ էր նա անցնում այդ ճանապարհը, աոաջին անգամ պատերազմ գնալիս և այժմ։ Բայց գնալիս գիշեր էր, և նա ոչինչ չտեսավ։ Լինելով հյուսիսի լայնատարած դաշտերի ծնունդ, սովոր անսահման լայնության և տափակության, նրա հոգին գրեթե ճնշվում էր, սիրտը սեղմվում երկու շարք վիթխարի բարձունքների նեղուցքի մեջ։ Մերթ ընդ մերթ նրա գունատ դեմքը մեղմիկ ժպտում էր, հոգնած աչքերը հանդարտ փակվում էին, որպեսզի մի-մի րոպե անցած նորից բացվեն ավելի մեծ հաճույքով դիտելու սքանչելի տեսարանները։

Մի տարի էր ընդամենը, որ նա սպա էր։ Ավարտելով զինվորական դպրոցը, անմիջապես մտել էր Տ...տի զորաբաժինը՝ պոդպորուչիկի աստիճանով և ահա այժմ վերադառնում էր պատերազմից իբրև հերոս։

Մինչ նրա մոլոր հայացքը թռչկոտում էր լեռնից-լեռ, միտքը սլացել էր հեռու, շատ հեռու։ Այնտեղ, ուր նա թողել էր մերձավորներին իր սրտի մեծ բաժնի հետ։ Մտածում էր նա իր ծնողների մասին, որոնց երեք որդիներն էլ պատերազմ էին գնացել։ Մտածում էր քույրերի մասին, որոնց ամուսինները նույնպես պատերազմում էին։ Բայց ամենից պարզ, ամենից հրամայողական նրա առջև պատկերանում էր այն էակի կերպարանքը, որի հետ վեց ամիս էր արդեն կապված էր փոխադարձ սիրո կապով։ Պատերազմը քայքայեց նրանց ծրագիրը։ Ստիպված եղան անսահման փափագով սպասված ամուսնությունը հետաձգել անորոշ ժամանակով... Դա նրանց համար անսպասելի մի սյուրպրիզ էր։ Սակայն երկուսն էլ նրան ընդունեցին անտրտունջ։ Քանի որ հայրենիքը զոհ է պահանջում, այն որ տղամարդն է, որ կվախենա այդ զոհաբերությունից։ Եթե նրան չուղարկեին անգամ պատերազմ, նա ինքը ամեն ջանք պիտի գործ դներ, որ ուղարկեն։ Զինվորը հենց նրա համար է զինվոր, որ ինքը փափագե թշնամու դեմ կռվի դուրս գալու...

Այնպես չէ՞, Իրինա, հարցրեց նա իր սիրեցյալին կատարյալ երեխայական պարզամտությամբ։

Հրաժեշտի նախընթաց երեկոն էր այդ, երբ նրանք վերջին անգամ զբոսնում էին տեղական պարտեզի մի խուլ ճեմելիքում։ Այնտեղ էին նրանք առաջին անգամ խոստովանել իրենց փոխադարձ սերը։

Իհարկե, այդպես է, Լեոնիդ, իհարկե, այդպես է, կրկնեց նույն երեխայական պարզամտությամբ Իրինան, շիկահեր գլուխը ամուր սեղմելով նրա կրծքին։

Եվ մի փոքր անցած, նա ավելացրեց։

Բայց տես, չմոռանաս քո Իրինային։ Ասում են, Կովկասի սևաչյա աղջիկները շատ վտանգավոր են և շատ չար։

Իրինա՛, գոչեց Լեոնիդն անկեղծ վրդովմունքով, դու ինձ վիրավորում ես։ Առաջինը ես երդվել եմ մինչև մահ քեզ հավատարիմ մնալու և կմնամ։ Երկրորդը, Կովկասը վայրենիների երկիր է. այնտեղ կանանց բանեցնում են գրաստի տեղ։ Երևակայում եմ ինչի են նման նրանք։

Լավ, լավ, սիրելիս, մի՛ նեղանա։ Ես կատակ արի, ես հավատում եմ քեզ, օ՜օ՜, շատ՝ եմ հավատում։

Եվ, մի փոքր լռելով, Իրինան հարցրեց.

Նամակներ գրելո՞ւ ես։

Այդ ի՞նչ հիմար հարց է։ Իհարկե գրելու եմ:

Տես, չմոռանաս։ Գիտցիր, որ եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու եմ։

Չի ուշանա։

Երդվիր։

Երդվում եմ։

Ինչո՞վ։

Քո անունով։

Ոչ, ես ուզում եմ, որ երդվես թրովդ։ Դու նրան ավելի հավատարիմ կմնաս։

Երդվում եմ թրովս, գոչեց Լեոնիդը, ձեռքը զարկելով թրի պատյանին։

Այժմ ապահով եմ, որ կկատարես խոստումդ։

Եվ Լեոնիդը, արդարև, կատարեց իր խոստումը։ Կատարեց նույնիսկ կռվի դաշտում, նույնիսկ այն երեք ճակատամարտերից մեկի միջոցին, որոնց մասնակցեց։ Կատարեց մինչև այն ժամանակ, քանի որ թշնամու գնդակը չէր ջախջախել նրա ձեռքը, հակառակի պես աջը և ոչ ձախը։

Այսօր 7-րդ օրն էր, որ նա չէր գրել Իրինային։ Եվ այդ նրան ավելի զգալի ցավ էր պատճառում, քան վերքերը։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում Իրինայի բերանում «եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու եմ» խոսքը։ Այդ նշանակում է, որ նա այժմ տանջվում է անչափ, և որովհետև նրա շիտակ բնույթը վճռական է, կարող է որևէ վտանգավոր քայլ անել։ Հանկարծ տեսար խելագարի պես վազեց պատերազմի դաշտը իր Լեոնիդին փնտրելու։

Պետք է անպատճառ գրել, այսօր ևեթ։ Հեռագիրը Իրինային գոհացնել չէ կարող, ընդհակառակը ավելի կվախեցնի: Բայց ինչպես գրել։ Պետք է դիմել մի ուրիշի օգնության։ Գուցե գթության քույրերից մեկի՞ն։ Նրանք այնքան բարի են, այնքան հոգատար, որ սիրով կկատարեն նրա խնդիրը։ Բայց ոչ, այդ անկարելի է։ Ի՞նչ, թելադրել մի օտար անձի այն, ինչ որ նվիրական է Լեոնիդի համա՞ր, այն, ինչ որ այժմ, ճիշտ այժմ, ավելի քան երբևիցե, հուզում է նրա՞ն սերը դեպի Իրինան։ Նա կարող է ծաղրելի դառնալ օտարի աչքում այս ողբերգական պահին, երբ ամենքը, ամենքը, նույնիսկ ամենախիստ էգոիստները, մոռացել են անձնականը հանրայինի համար, երբ ամենքին մի և միայն մի զգացում է զբաղեցնում և հուզում, սերը դեպի տառապող հայրենիքը։

Գնացքը կամաց-կամաց դանդաղեցրեց իր ընթացքը, հանդարտ մոտեցավ Թիֆլիսի կայարանին և կանգ առավ։

Լեոնիդն աչքերը փակ շարունակ մտորում էր Իրինայի մասին, երևակայելով նրան մերթ հուսահատությունից արտասվելիս, մերթ երկաթուղու գնացքներում։ Նա գրեթե չէր լսում և չէր զգում, թե ինչ է կատարվում իր շուրջը:

Ֆելդշերը, կարծելով որ նա քնած է, ձեռքը մեղմիկ դրեց նրա ճակատի վրա և կամացուկ արտասանեց.

Պարոն սպա, արդեն հասել ենք, պետք է իջնել։

Լեոնիդն աչքերը բաց արավ, փորձեց վեր կենալ, մի վայրկյան մոռանալով ոտքի վերքը։ Ֆելդշերը թույլ չտվեց և ծառաների օգնությամբ խնամքով դուրս բերեց նրան վագոնից ձեռքերի վրա։

Կայարանում ժողովվել էր բավական մեծ բազմություն վիրավորյալներին դիմավորելու համար։ Մի խումբ տիկնայք և օրիորդներ իրենց հետ բերել էին ծաղկյա փնջեր, քաղցրավենիք, մրգեղեն, ծխախոտ։ Միմյանց առաջելով, նրանք շտապեցին իրենց համակրանքը, կարեկցությունը և հիացմունքն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին։ Մի ինչ-որ տիկին, թե օրիորդ Լեոնիդի առողջ ձեռքի մեջ դրեց մի գեղեցիկ փունջ։ Լեոնիդը լուռ, գլխի թեթև շարժումով հայտնեց իր շնորհակալությունը։ Նրան խնամքով տեղավորեցին օտոմոբիլի մեջ և տարան հիվանդանոց։

Այնտեղ նա անմիջապես քնեց երկար ժամանակվա անքնությունից հետո։ Երբ աչքերը բաց արավ, իր գլխի մոտ տեսավ կանգնած մի կանացի կերպարանք։ Դա մի երիտասարդ աղջիկ էր թուխ երեսով և սաթի պես սև աչքունքով։ Մեջքից քիչ թեքված, նա ժպտում էր այնքան մեղմ, այնքան կարեկցաբար, միևնույն ժամանակ հեզ ու երկյուղած, որ Լեոնիդն իսկույն մոռացավ և՛ իր մարմնավոր ցավը, և՛ իր հոգեկան տառապանքը։ Թվաց նրան, որ իր առջևը կանգնած է մեկն իր հարազատներից։ Քույրը կամ մայրը, որ երկար ժամանակ անհուն տանջանքներով սպասել էր նրա վերադարձին և այժմ երջանիկ էր, որ նրան տեսնում էր կենդանի, թեև ծանր վիրավորված։

Պարոն սպա, դուք արթնացաք՞. արդյոք ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել, արտասանեց անծանոթը, գիշերային փոքրիկ սեղանի վրա դնելով մի տուփ քաղցրավենիք։

Կար ինչ-որ մի մտերմական նոտա այդ արծաթահնչուն ձայնի մեջ։ Մի անսահման անկեղծ շեշտ, որ նույն վայրկյանին հափշտակեց Լեոնիդի հավատը դեպի անծանոթը։

Շնորհակալ եմ, արտասանեց նա, բայց դուք ո՞վ եք, ներեցեք հարցնել:

Ես վիրավորներին խնամող կանանց կոմիտեի անդամուհիներից մեկնեմ։ Հրամայեցեք, պատրաստ եմ ծաոայելու:

Շնորհակալ եմ, ինձ ոչինչ հարկավոր չէ։

Բայց ասում են, որ ամբողջ օրը դուք կերակուր չեք ընդունել:

Քաղց չեմ զգում ամենևին:

Չե՞ք ծխում։

Ոչ:

Շատ բարի: Թույլ տվեք նստել ձեզ մոտ, գուցե հարկավոր լինի իմ օգնությունը: Օ՜օ, ոչ, ես ձեզ չեմ ձանձրացնի իմ հարցերով պատերազմի մասին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Եվ անծանոթը նստեց սեղանի քով դրած աթոռի վրա։

Լեոնիդը զղջաց իր մերժման մասին, կարծելով որ դրանով վիրավորեց անծանոթին, որի հագուստից, դեմքից, ձևերից զգացվում էր, որ գթության քույրերից չէ և ոչ էլ մի հասարակ աղջիկ։ Բայց իրավ որ նրան ոչինչ հարկավոր չէր։ Ոչինչ, բացի մի հատիկ նամակից, որի բովանդակությունը կլանել էր նրա հոգին ու միտքը ամբողջովին։ Ահ, չխնդրե՞լ, արդյոք, այդ աղջկան հանձն առնել նրա սրտի թարգմանը լինելու Իրինայի առջև։ Նա այնքան պարզ ձևով է առաջարկում իր օգնությունը, նրա համակրելի ձայնի մեջ, նրա համեստ ու գունատ դեմքի վրա, նրա խոշոր, սև աչքերի խորքում այնքան անկեղծություն, այնքան կարեկցություն կա, որ հազիվ թե Լեոնիդը ծաղրելի թվա նրան իր զգացումներով դեպի Իրինան։

Օրիորդ, որոշեց նա, վերջապես, երկար տատանվելուց հետո, ես մի բան կկամենայի խնդրել, չգիտեմ որքան հարմար է։

Պարոն սպա, ձեր դրության մեջ ներելի չէ լինել չափազանց նրբատես։ Հրամայեցեք։

Գիտեք, ես ուզում եմ մի նամակ գրել, շատ կարևոր է, բայց, ինչպես տեսնում եք, անկարող եմ։

Իսկույն, ասաց օրիորդը և անմիջապես չքացավ։

Երկու րոպե չանցած, նա վերադարձավ, բերելով թուղթ, գրիչ և թանաք։

Թելադրեցեք, ես պատրաստ եմ, ասաց նա, նստելով իր տեղը։

Բայց Լեոնիդը, շնորհիվ իր համեստության, մի անգամ ևս տատանվեց։

Ներեցեք, օրիորդ, ասաց նա, դուք առաջին անգա՞մն եք ուրիշի համար նամակ գրում։

Պարոն սպա, այժմ դա սովորական մի բան է: Դեռ երեկ ես երկու նամակ գերցի. մեկը մի կապիտանի համար իր ամուսնուն, մյուսը մի երիտասարդ պորուչիկի համար իր մորը...

Բայց իմ նամակը պիտի գրեք...

Մի անձի, որին սիրում եք, այնպես չէ՞, լրացրեց սևաչյան, ժպտալով այնպիսի ժպիտով, որ միանգամայն քաջալերեց Լեոնիդին։ Թելադրեցե՛ք։

Դուք ինչի՞ց իմացաք այդ, հարցրեց սպան, շառագունելով տասը տարեկան աշակերտի պես։

Ձեր տատանումներից ու շփոթությունից: Բայց երկար չխոսենք. դուք կարող եք հոգնել։ Զբաղվենք նամակով։ Ձեր սիրեցյալը նրան սպասում է այնպիսի տառապանքով, որ դուք երբեք, երբեք չեք կարող երևակայել...

Այս խոսքերն արտասանելիս օրիորդի ձայնը դողաց զգալի։

Ներեցեք, օրիորդ, հետաքրքրվեց Լեոնիդը, ինձ թվում է, որ դուք ևս...

Չեք սխալվում, պարոն սպա, ես ևս ձեր սիրեցյալի վիճակումն եմ։ Ես հարսնացու եմ պահեստի մի պրապորշչիկի, որ նույնպես պատերազմի դաշտումն է։ Դուք հեռու հյուսիսից եկել եք կռվելու մի թշնամու դեմ, որ նախ և առաջ իմ ազգի թշնամին է, իսկ իմ նշանածը գնացել է հեռու հյուսիս կռվելու ձեր մյուս թշնամու դեմ, որ մեզ ևս մեծ չարիքներ է պատճառել։ Բավական է, դուք հոգնեցիք, զբաղվենք նամակով։

Բայց, օրիորդ, ձեր խոսքերն ինձ այնքան հետաքրքրեցին, որ չեմ կարող ինձ զսպել։ Թույլ տվեք ինձ հարցնել. ի՞նչ է նշանակում «իմ ազգը», «դուք», «մենք»։ Մի՞թե դուք ռուսուհի չեք։

Իբրև քաղաքացի ես ռուսուհի եմ, բայց ազգով ոչ։

Ուրեմն դուք ո՞վ եք։

Հայուհի։

Հայուհի՜, գոչեց Լեոնիդը զարմացած, բայց դուք այնքան ուղիղ և մաքուր եք խոսում ռուսերեն, որ ես չէի կարող երևակայել...

Պարոն սպա, ես ավարտել եմ գիմնազիան և երկու տարի բարձրագույն կուրսերի ուսանողուհի եմ եղել, ինչպես կկամենայիք, որ չկարողանայի՞ ռուսերեն խոսել։

Եվ ձեր ազգի մեջ շա՞տ կան ձեզ նման օրիորդներ..․ Ուզում եմ ասել, ձեզ նման կրթվածներ։

Պարոն սպա, դուք չեք խնայում ձեզ։

Ոչ, դա շատ հետաքրքրական է, շատ։

Ինձ նմանները, պարոն սպա, շատ սովորական են մեր ազգի մեջ, անթիվ...

Լեոնիդը քանի մի վայրկյան լռեց, ապա նորից շառագունելով, ասաց.

Ներեցեք, օրիորդ, ես մեղավոր եմ ձեր ազգի և ձեր երկրի առջև։

Ինչո՞վ, արդյոք։

Մանկությունից ես լսել եմ և մինչև այսօր հավատացած էի, որ Կովկասը մի վայրենի երկիր է և որ նրա ազգաբնակությունը գաղափար չունի լուսավորության մասին, իսկ կանայք...

Գրաստի դեր են կատարտւմ, այնպես չէ՞, պարոն սպա։ Թելադրեցեք ձեր նամակը։ Անո՞ւնը ձեր հարսնացուի։

Իրինա։

Գեղեցիկ անուն է։ Գրեցի. «Իրինա»։

Առանց որևէ ածականի՞, սիրելի կամ թանկագի՞ն։

Ես կավելացնեմ, բայց սերը, պարոն սպա, կարոտ չէ ածականների... Ես ավելացրի թանկագին։ Շարունակեցեք։ Չնկարագրե՞մ արդյոք ձեր դրությունը։

Ոչ։ Ես չեմ ուզում, որ նա իմանա, թե ես վիրավորված եմ, այն էլ այսպես։

Բայց նա կիմանա, միևնույնն է, քանի որ նամակը դուք չեք գրում։

Գրեցեք, որ աջ ձեռս մի փոքր վնասվել է, միայն՝ ոչ գնդակից։ Օ՜о, Իրինան սարսափում է գնդակից այն օրից, երբ կարդացել է դում-դում գնդակի մասին։

Պարոն սպա, եթե ուզում եք, որ ձեր սիրեցյալը չտանջե իրան հազար ու մի ավելորդ ենթադրություններով, երբեք մի թաքցնեք նրանից ոչ մի ճշմարտություն, գիտեք, ոչ մի ճշմարտություն, որքան ևս դառն լինի նա։

Ձեր նշանածը գրո՞ւմ է ամեն ինչ։

Գրում է և պիտի գրե։

Իսկ եթե չգրե։

Կգուշակեմ ինքս և ավելի վատ գույներով։

Բայց եթե ես գրեմ, որ ձեռս և ոտս ջարդվել են գնդակից, Իրինան կկարծե, որ ինձ պիտի անդամահատության ենթարկեն։ Գիտեք, այդ ես սպասում եմ։

Թող կարծե, փույթ չէ։

Ուրեմն, ոչի՞նչ, եթե նա ինձ պատկերացնե անդամալույծ, այլանդակված։

Թող պատկերացնե։

Բայց պատկերը կսարսափեցնե, կզզվեցնե անգամ նրան։

Կսարսափեցնի, բայց չի զզվեցնի, եթե սիրում է ձեզ։

Ուրեմն, եթե ձեր նշանածը մի օր ձեզ ներկայանա, տերը մի արասցե, ձեռը կամ ոտը կտրած...

Պարոն սպա, ռուս աղջիկը գիտե սիրել, և մենք խեղճ հայուհիներս չենք, որ այդ մասին պիտի դասեր տանք նրան։ Բայց ահա ինչ. մենք՝ հայուհիներս սիրում ենք շատ մեծ դժվարությամբ, իսկ երբ սիրում ենք, մոռանալը մեզ համար ավելի դժվար է, քան մինչև գերեզման տանջվելը մեր սիրեցյալի համար։

Գրեցեք, ինչպես կամենաք, ես կպատմեմ բոլորը։

Եվ Լեոնիդը նկարագրեց այն ճակատամարտերը, որոնց մասնակցել էր, այն վերքերը, որ ստացել էր, և այն սոսկալի հետևանքը, որ կարող էին ունենալ այդ վերքերը։

Երբ բոլորը վերջացավ, նա ասաց.

Բայց մենք մոռացանք մի բան։

Ի՞նչ, հարցրեց հայուհին։

Ավելացնել, որ ներկա նամակը իմ խոնարհ խնդրով բարեհաճեց գրել մի հայուհի, մի բարեսիրտ, բարեկիրթ, սևաչյա կովկասուհի ... որ նա...

Ներեցեք, պարոն սպա, ընդհատեց օրիորդը գրիչը դնելով սեղանի վրա, նամակն արդեն ստորագրված է ձեր անունով, իսկ այդ խոսքերն ես ավելացնել չեմ կարող։

Ինչո՞ւ։

Որովհետև դուք պարտավոր եք խնայել ձեր սիրեցյալի հանգստությունը։

Բայց չէ՞ որ նամակը դուք եք գրում, ոչ ես։

Ես ինձնից ավելացրել եմ, որ նամակը գրում է հիվանդանոցի բժիշկներից մեկը, և, տեսեք, դիտմամբ ձեռագիրս խոշորացրել եմ, որպեսզի ձեր հարսնացուն չիմանա, թե գրողը կին է։

Բայց չէ՞ որ այդ ևս ճշմարտություն է և շատ սովորական։

Այո, սովորական և բոլորովին անվտանգ, բայց ես համոզված եմ, որ դա նրան հազարապատիկ ավելի կտանջե, քան ձեր վերքերը։

Դուք խելացի եք։ Խնդրեմ նամակը ծրարեք։

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

The disaster of war
The disaster of war
Play Online