Alexander Shirvanzadeh

Մելանիա

I

Մելա՛նիա, ուրախացի՛ր. Պետերբուրգից հեռագիր ստացա, սենատը գործը վճռել է մեր օգտին։ Հորեղբորս որդին հույս ուներ մեզանից չորս հարյուր հազար ստանալու, հիմա չո՛րս կոպեկ չի ստանա։ Օ՜հ, վերջապես ազատվեցի գլխացավից։ Այժմ կարող ենք ապրել, ինչպես հարկն է։

Ինքր՝ Սամսոն Ֆրանգուլյանն, այնքան ուրախ էր, այնքան զգացված, որ ամուր գրկեց ամուսնուն և համբուրեց։ Երեսուն տարի աշխատասեր մարդը ոսկոր է կոտրել, դիզել ահագին հարստություն և հանկարծ մի անգործ ազգական ուզում էր խլել այդ հարստության մի երրորդականը։ Հանաք բան չէր բաժանվել մի այդպիսի գումարից։ Եվ բաժանվել այն ժամանակ, երբ նա գործերը թողել էր, տեղափոխվել Կովկասի մայրաքաղաքը «հանգստանալու և ապրելու» համար։

Նա երջանիկ էր։ Թեև ավելի քան կես դար արդեն անցել էր նրա գլխով, բայց կազմվածքը դեռ պահպանել էր կանոնավորությունը, ձայնը դեռ հնչում էր խրոխտ, քայլվածքը դեռ աշխույժ էր, իսկ ստամոքսը բոլորովին անխախտ։ Փույթ չէ, որ մազերը կիսով չափ ճերմակել էին դա ժամանակի անխուսափելի հետևանքն էր։ Կար միայն մի հոգս, որ երբեմն նրան գցում էր ծանր մտատանջության մեջ։ Սակայն, հուսալով իր հարստության վրա, նա հավատացած էր, որ այս հոգսից էլ կարող է ազատվել․․․

Վեց տարի էր անցել ընդամենը, որ նա ամուսնացել էր։ Ունեցել էր երկու զավակ, որոնցից անդրանիկը մեռել էր դեռ ծծից չկտրած, մնում էր երկրորդը երկու տարեկան մի տղա։ Այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի սև գիծ չէր անցել ամուսինների միջով։ Մարդն իր բնական տակտով ու խելքով, կինը կրթությամբ և մտքի համեմատական զարգացմամբ կարողացել էին հարգել իրարու ինքնասիրությունը և կենակցել հաշտ, անխռով։ Կար մի հանգամանք, որ միշտ պիտի երաշխավորեր Մելանիայի հարգանքն ու պատկառանքը դեպի ամուսինը այսպես էր համոզված Սամսոնը. Մելանիան աղքատ ծնողների զավակ էր, Սամսոնը՝ հարուստ։ Եթե Մելանիան երիտասարդ է, կրթված, գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, սրա փոխարեն՝ Սամսոնը կերակրում է նրա ծնողներին, ուսում է տալիս եղբայրներին և խոստանում է իր ծախսով ամուսնացնել քույրերին։ Ուրեմն, կշեռքի թաթերը հավասար են: Եվ ոչ մի խոչընդոտ Սամսոնի բախտի առջև, և ոչ մի մռայլ ամպ նրա կյանքի հորիզոնում։ Իսկ այսուհետև նամանավանդ չպիտի լինի, քանի որ Սամսոնը թողել է գործերը և անձնատուր եղել կնոջն ու նրա կամքին։ Քանի որ նա լիակատար իրավունք է տվել Մելանիային ծախսել, որքան կամենում է, ապրել, ինչպես քեֆն է, ծանոթություններ սկսել ում հետ փափագում է։

Նա մի ձեռքով գրկեց Մելանիային և, երջանկության ժպիտն երեսին, անցավ նրա հետ սենյակից սենյակ՝ մի անգամ ևս նոր կացարանն աչքի անցկացնելու։ Ամեն ինչ արդեն կարգին էր. սենյակները կահավորված ու զարդարված, յուրաքանչյուրն առանձին ճաշակով, լուսամուտները վարագուրված թանկագին կտորներով, հատակները ծածկված խայտաբղետ գորգերով։ Ամեն տեղ երևում է տանտիրոջ առատաձեռնությունը և տանտիկնոջ ճաշակը։ Ախոռատանը կապած էին սքանչելի ձիերը, որ Սամսոնը նոր էր ստացել Մոսկվայի մի հայտնի գործարանատերից։ Գավթում կառապանը երգ ասելով, սրբում ու հղկում էր, առանց այն էլ հայելու պես փայլող, կարեթը։ Խոհարար, սպասավոր, նաժիշտ, տնտեսուհի բոլորը զբաղված էին իրենց գործով, բոլորն ակնածությամբ նայում էին իրենց տիրուհու աչքերին։

Մելանիան ուներ միջոց ծանոթանալու ում հետ ևս կամենար։ Հարուստ էր, երիտասարդ, գեղեցիկ ու կրթված հանգամանքներ, որոնք կարող էին նրա առջև բաց անել ամենաամուր փակված դռները։ Եվ նա կարողացավ օգտվել իր միջոցներից։ Նրան ընդունում էին ամեն տեղ սիրով և այցելում ավելի սիրով։ Նա երևում էր բոլոր հասարակական երեկույթներում, բալերում ու պարահանդեսներում։ Նա դիտում էր, ուսումնասիրում և ամեն կերպ աշխատում իր հագուստը, ձևերը, ամբողջ կենցաղը հարմարացնել արիստոկրատիկ շրջանի կենցաղին։ Եվ այնքան ընդունակ էր, որ մի քանի ամիս անցած՝ արդեն նրա մեջ կարելի էր նկատել ահագին առաջադիմություն դեպի գեղեցիկը, նուրբը և հաճելին:

Արդեն ամբողջ քաղաքը խոսում էր Ֆրանգուլյանների երեկույթների, ճաշերի, ձիերի, կահ-կարասիքի, մանավանդ Մելանիայի բազմաթիվ տուալետների ու խոշոր ադամանդների մասին։ Երբ նա, Ժորժիկին կողքին նստեցրած՝ բոննայի հետ սեփական կառքով անցնում էր քաղաքի գլխավոր փողոցով, հարյուրավոր աչքեր նախանձով ուղեկցում էին նրան բարևներով։ Իսկ Մելանիան գիտեր այդ բարևներին պատասխանել ըստ արժանվույն։ Յուրաքանչյուրին ցույց էր տալիս այնքան ուշադրություն, որքան միայն արժանի էր համարում։ Նա ընդունակ էր հարգել մարդկանց ոչ միայն դիրքն ու ծագումը, այլև խելքը, ճաշակն ու քաղաքավարությունը։ Նրա ծանոթների շրջանն ընդարձակ էր և բազմատեսակ։ Ձմեռվա կիսին արդեն նրա հյուրասենյակում վաճառականների կանանց հետ կարելի էր տեսնել բանկիրների ու չինովնիկների կանանց, երբեմն նաև այս կամ այն իշխանուհուն։

Սամսոնը դեմ չէր դրան, թեև հոգու խորքում շատ էլ չէր համակրում նոր ծանոթներից ոմանց։ Բանկիրների ու չինովնիկների հետ նա առաջ էլ բարեկամություն ունեցել էր, իսկ իշխանների հետ չգիտեր ինչպես վարվել։ Երբեմն իրեն զգում էր շատ անհարմար վիճակի մեջ։ Մեկմեկու հետևից նրա տնից վռնդվում էին այն սովորույթները, որոնց հետ կապված էր իր սաղմով և մտցվում նորերը։ Բայց նա դարձյալ չէր բողոքում, և լուռ հպատակվում էր Մելանիայի պահանջներին։ Վախենո՞ւմ էր։ Ոչ․ նա երկչոտ չէր։ Կամքի ուժ չունե՞ր։ Ոչ. փալաս մարդ չէր, եթե կամենար, կարող էր ամեն ինչ տակն ու վրա անել և նորից վերադառնալ նախկին կենցաղին։

Նա սիրում էր Մելանիային, սիրում էր վեց տարի նրա հետ կենակցելուց հետո, սիրում էր մանավանդ այժմ, երբ Մելանիան օրեցօր գեղեցկանում էր ու կենդանանում։ Ահա նրա անտրտունջ հլության միակ պատճառը։

Զարմանալի բան. մի քանի ամսվա մեջ այդ կինն այնքան փոխվել էր, որ Սամսոնը ապշում էր, դիտելով նրան։ Դա այլևս առաջվա համեստ, նույնիսկ ամոթխած Մելանիան չէր։ Մի ձմեռվա ընթացքում ցույց տվեց այնչափ համարձակություն, եռանդ, կենսական ուժ, որչափ ցույց չէր տվել գուցե ամբողջ կյանքում։ Տեղափոխվելով մի շրջանից մի ուրիշը, կարծես, նոր մթնոլորտի հետ շնչում էր նոր ոգի, նոր աշխարհայացք, նոր զգացումներ։ Նրա թմրած էությունը արթնացել էր և արտահայտում էր իր բնական ուժը, որ ելք չէր գտել նախկին միջավայրում։ Այնտեղ, ծննդավայրում կային զանազան կաշկանդող պայմաններ գռեհիների բամբասանքները, ազգականների ծաղրը, ծնողների չքավորությունը։ Այստեղ թե՛ նրա և թե՛ Սամսոնի անցյալի հետ ոչ ոք ծանոթ չէր։ Այստեղ ընդունում էին նրանց այնպես ինչպես կային այժմ հարուստ և ժամանակի ազդեցությամբ այնչափ տաշված ու հղկված, որ կարող էին ամեն շրջան մտնել և խորթ չթվալ։

Սամսոնը, տեսնելով կնոջ մեջ այս արմատական առաջադիմությունը, ավելի ու ավելի էր սիրահարվում նրա վրա։ Նա՛, այդ հիսունչորս տարեկան մարդը, մինչև հիմա ըստ արժանվույն չէր գնահատել իրենից երեսուն տարով փոքր կողակցին և, կարծես, այժմ զգում էր իր սխալը։ Նա պարծենում էր մտքում Մելանիայի գեղեցկությամբ, սալոնական ձիրքով և վարվելու շնորհքով։ Նա ուրախ էր նրա երիտասարդությանը։ Սակայն, այն հանգամանքը, որ ինքն այդ կնոջից երեսուն տարով մեծ է, նրա մեջ հղացրեց մի նոր, տակավին անծանոթ, մի անտանելի զգացում։

Նա սկսեց խանդել։ Խանդել ավելի ու ավելի ենթարկվելով այն մտքին, որ վաղուց նրան պատճառում էր ծանր հոգս․․․

II

Իբրև զգաստ, խելացի և հեռատես մարդ, Սամսոնն իր կասկածները դեռ թաքցնում էր։ Եվ առիթ էլ չուներ խանդելու։ Գիտեր, որ խիստ անարդար կլինի, եթե բացարձակ հայտնի Մելանիային, թե վախենում է նրա այժմյան կենսասիրությունից։ Կար և մի ուրիշ հանգամանք, որ ստիպում էր նրան լռել, նա չէր ուզում նախանձամիտ ու կասկածոտ ասիացի համարվել ո՛չ կնոջ և ո՛չ մանավանդ օտարների աչքում։ Միևնույն ժամանակ չէր ուզում ցույց տալ, թե վստահ չէ սեփական ուժերին կամ կնոջ հավատարմությանը։

Եվ այսպես, նա լռում էր։ Բայց տանջվում էր, և այս տանջանքը, նոր միայն սկսված, արագ-արագ զարգանում էր։ Տեսնելով Մելանիայի հետզհետե թարմացող ու գեղեցկացող դեմքը՝ երբեմն երկյուղից ցնցվում էր։ Չէ՞ որ մի օր, վերջապես, այդ նորաբաց ծաղիկը կարող է երեսովը տալ նրա տարիքը։ Մի՞թե կարելի է բնությունը բռնաբարել շարունակ և մնալ անպատիժ, բոլորովին անպատիժ։

Երբ նա անխոհեմաբար, կուշտ ճաշից հետո, սեղանատանը կամ ննջարանում (մանավանդ այստեղ) գրկում էր Մելանիային, այնպիսի մի ցնցում էր արտահայտում երիտասարդ կնոջ կրակոտ մարմինը, որ Սամսոնը ուղղակի սարսափում էր։ Այնպես, որպես մարդ կարող էր սարսափել, եթե ձեռը վերցնի մի գեղեցիկ իր և հանկարծ զգա, որ նա լեցուն է դինամիտով։ Այդ սիրուն աչքերի այրող շողերը բորբոքում էին նրա հնացած արյունը, բայց և ասեղների պես ցցվում նրա սրտի մեջ։ Այդ կարմրախայտ հյութալի շրթունքների ու նուրբ պնչերի դողոցը շարժում էր նրա մաշված կիրքը, բայց և ցավ պատճառում նրա ուղեղին։ Այդ կլորիկ ու գեղակազմ կրծքի բաբախումը հրահրում էր նրան, բայց և սարսուռ ազդում նրա մարմնին։ Այո՛, Մելանիան բոլորովին նախկին Մելանիտն չէ, այն, ինչ որ էր ընդամենը կես տարի առաջ։ Նա վառվել է ինքն իր մեջ և այրվում է ինքն իր հրով։

Ա՜խ, եթե Սամսոնը երեսունհինգ տարեկան լիներ: Ի՞նչ օգուտ, որ տակավին առողջ է ու թարմ՝ իր տարիքի համեմատ։ Ի՞նչ օգուտ, որ այսօր էլ դեռ երակների մեջ զգում է երիտասարդական արյուն։ Այնուամենայնիվ նա ծեր է և միայն ինքն է զգում, թե որքան ծեր է... Նա հիսունչորս տարեկան է, և հենց այն միտքը, թե երեսուն տարով մեծ է կնոջից, կարող է թունավորել Մելանիայի կյանքը։

Մի անգամ միջօրեին, նախաճաշից հետո, երբ գինին փոքր-ինչ ներգործել էր Սամսոնի վրա, հանկարծ պատանեկական աշխույժով փաթաթվեց Մելանիայի պարանոցին և սկսեց անվերջ համբուրել նրան։ Մելանիան ճիգն արավ և կարողացավ դուրս սլկվել նրա գրկից։ Սամսոնը աչքերը հառեց նրա երեսին։ Ա՜խ, որքա՜ն գեղեցիկ էր երիտասարդ կինը այդ պահին, ինչպե՞ս սազում էր նրան գարնանային թեթև հագուստը յուր բաց մանիշակի գույնով ու սպիտակ մետաքսյա դանթելներով։ Նրա դեմքի գծերն ավելի էին նրբացել։ Կանացի հրապույրը բուրում էր նրա ամբողջ կերպարանքից, որպես մի քաշող մագնիսական, մի արբեցուցիչ ուժ։

Սամսոնը չկարողացավ իրեն զսպել, նորից հարձակվեց մի քանի քայլ հեռու կանգնած Մելանիայի վրա։ Այս անգամ կինը ձեռները հորիզոնաձև տարածեց առաջ՝ պաշտպանվելու համար։ Նրա լայն թևերը հետ քաշվեցին. բացվեցին նրա փափուկ բազուկները մինչև արմունկները, և թարմ կաշվի նրբիկ սպիտակությունը ավելի գրգռեց Սամսոնին։ Սակայն, այն ի՞նչ անսովոր ժպիտ էր, որ սահեց Մելանիայի շրթունքներով, և ինչո՞ւ նրա աչքերը փակվեցին... կիրք էր արդյոք այդ, սառնություն, մի՛գուցե ատելություն, մի՛գուցե․․․

Սամսոնը մի քայլ հետ կանգնեց և հանկարծ հարցրեց.

Մելա՛նիա, դու ինձ սիրո՞ւմ ես։

Նրա ձայնը դողաց։ Հարցը նոր էր, անսպասելի։ Վեց տարվա ընթացքում Սամսոնը երբեք մի այդպիսի հարց չէր տվել Մելանիային և այժմ տալիս էր, և այն էլ այնպիսի տարօրինակ եղանակով ու հուզված ձայնով։ Մելանիան ցնցվեց ու գունատվեց։ Նա չիմացավ ինչ պատասխանի, նա միայն անորոշ ժպտաց և հայացքը դարձրեց դեպի բակը։

Սիրո՞ւմ ես ինձ, կրկնեց նույն դողդոջուն ձայնը։

Նույն լռությունը։

Սամսոնը մոտեցավ Մելանիային, երկու ձեռով բռնեց նրա ձեռները ու նայելով աչքերին, ասաց.

Համարձակվիր չսիրել, ատամներս ցույց կտամ։

Ասաց կես լուրջ և կես կատակի եղանակով, բայց ավելի կոշտ, քան մեղմ, ավելի իշխանական, քան բարեկամական տոնով։ Եվ իր խոսքերի մեջ ինքն էլ զգաց ինչ-որ չարագուշակ հնչյուն։

Հուզումը, մանավանդ զղջումը թաքցնելու համար, Սամսոնը դուրս գնաց սենյակից:

Մնալով մենակ՝ Մելանիան նստեց առաջին պատահած աթոռի վրա և ընկղմվեց մտախոհության մեջ։

«Սիրո՞ւմ ես ինձ», հնչում էր նրա ականջին։ Ի՞նչ պատասխաներ։ Միթե նա ինքը գիտե՞, սիրում է, թե չէ։ Նա միայն գիտե, որ Սամսոնը իր օրինական ամուսինն է nւրիշ ոչինչ: Մի մարդ, որի հետ անխզելի կերպով կապված է մինչև մահ՝ սկսած տասնույոթ տարեկան հասակից։ Ծնողները նրան չստիպեցին գնալ այդ մարդուն, այլ «համոզեցին»։ Նրան բացատրեցին բոլոր հանգամանքները. և նա համաձայնվեց։ Նա հասկացավ, թե դառնալով Սամսոն Ֆրանգուլյանի կինը, պիտի բախտավորեցնի իր ծնողներին այսքանն արդեն բավական էր։ Ոչինչ հակադրություն չէր զգում սեփական ճակատագրի և ծնողների կամ քույրերի ու եղբայրների բախտի մեջ։ Իր վիճակը ձուլված էր համարում նրանց վիճակի հետ։ Երջանիկ են, ինքն էլ երջանիկ կլինի․ անբախտ են, ինքն էլ կանբախտանա ահա բոլորը։ Եվ եթե ասում են թե Սամսոն Ֆրանգուլյանի հետ անպատճառ բախտավոր կլինի, կնշանակե ճշմարիտ են ասում։ Ինչո՜ւ չգնար այդ մարդուն։ Կյանքը նրա համար մի անծանոթ աշխարհ էր, ինքը կանգնած նրա տակավին փակ դռների առջև։ Եթե սիրող ծնողները, բռնելով թևից, դպրոցական նստարանից նրան ուղղակի ամուսնական կյանքի մեջ մտցրին, միայն և մի միայն հավատալով և սիրելով նրանց՝ ընդունեց այս վիճակը։ Բայց ի՞նչ է եղել նրա ապրուստը այս վեց տարվա ընթացքում։ Այն, ինչ որ տվել են մի կողմից ամուսնու դիրքն ու հարստությունը, մյուս կողմից՝ մայրական բնազդական սերը դեպի իր զավակները։ Ի՞նչ է այժմ, այս րոպեին, կյանքը նրա համար։ Շքեղ տուալետներ, թանկագին ադամանդներ, ճոխ սեղան, նոր շրջան, պարեր, երգ, զվարճություն։

Այժմ նրան հարցնում են՝ «սիրո՞ւմ ես»։ Սիրո՞ւմ է, արդյոք։ Ո՞ւմ, Սամսոն Ֆրանգուլյանին, այդ... ծերունուն... այդ... Ի՞նչ պատասխաներ այդ մարդուն։ Մի՞թե ասեր, թե մի դառն գաղտնի կսկիծ մորմոքում է նրա սիրտը, երբ գգալով ինչ-որ ներքին անծանոթ հոգեկան պահանջ, մտածում է նաև ամուսնու մասին...

Փոքրիկ պարտիզում դայակի հետ խաղում էր երկու ու կես տարեկան Ժորժիկը։ Մելանիան դուրս եկավ սենյակից, մոտեցավ նրան, գրկեց ու համբուրեց անսովոր ջերմությամբ։ Նա հուզված էր և զգում էր, որ ձմեռվա արեգակի գոլ ճառագայթները իր երակների մեջ տարածում են ինչ-որ անսովոր ջերմություն, իսկ սիրտը ճնշվում է... հորդացող արյունից, հագուրդ չստացող կրքերից...

Be the first who will comment on this

Other parts of "Մելանիա"

Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon