Alexander Shirvanzadeh
Կեցցե՛ Բեթղեհեմ
Երկու տարի սրանից առաջ չարչարանաց շաբաթին, ուղիղ այն օրը, երբ տաքարյուն Պետրոս Առաքյալը իր թրով կտրեց հրեից քահանայապետի ծառա, Ռոդշիլդների նախահայր և իմ անվանակից, պատմական զինվոր Մաղքոսի ականջը, ես ասպարեզ եկա «Տարազի» էջերում՝ քանի մի ժամանակակից հերոսների ոչ թե ականջները կտրելու, այլ տարազը ձևելու համար։ Հազիվհազ երեք ամիս տևել էր իմ գրական գործունեությունը, երբ մի օր ինձ հայտնեցին, թե իմ երկու ականջն էլ տակից կկտրեն, եթե չեմ դադարիլ ֆելիետոններ գրելուց։ Հայտնի բան է, ես չկամեցա իմ գլուխը զրկված տեսնել այդ մի զույգ գեղեցիկ թիկնապահներից, ուստի շտապեցի պոչս ծալել, տեղս նստել, այսինքն, հեռացա գրականության ասպարեզից։
Բայց գրականություն ասած բանը թղթախաղի կամ արբեցողության պես մի ախտ է։ Ով մի անգամ վարակվել է այդ ախտով, նա դժվար թե կարողանա բոլորովին ազատվել նրանից։ Մոտենում է չարչարանաց շաբաթը, զարթնում են իմ մեջ հին-հին հիշողություններ, և ես նորից ուզում եմ, ինչպես ասում են պոլսեցիները, ինք զինքս ասպսրեզ նետել։
Շատ բաներ են անցել այդ երկու տարվա ընթացքում, շատ դեպքեր են պատահել։ Իմ սիրեցյալ հերոսներից ոմանք Թիֆլիսից հեռացել են (բարի ճանապարհ), ոմանք ծերացել են (նորագույն ներկերը նրանց մազերին օգնական), և ոմանք վախճանվել են (աստված նրանց հոգին լուսավորի)։ Ես անցյալ մարդկանց և անցած դեպքերի մասին այլևս չեմ խոսի։ Ես կսկսեմ ամենանորագույն և ամենախոշոր երևույթներից։ Երևույթներ, որոնցից մի քանիսը ընդունակ են աշխարհ սասանեցնելու և իրոք սասանեցնում էլ են․․․
Սկսեմ այն նշանավոր երևույթից, որ մեծանուն Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության (ականջդ կանչի Եզեկյան) ընդհանուր ժողովներին մասնակցող անդամներ թիվը ավանդական «քառասունից» անցել է։ Դա մի այնպիսի երևույթ է, որ, անշուշտ, ռուսահայերի ապագա պատմության մեջ կբռնի անթիվ էջեր, այնքան հարուստ է մեր պատմությունը։ Թե՛ նախընթաց և թե՛ անցյալ կիրակի օրվա ժողովին մասնակցում էին ուղիղ յոթանասունևյոթ անդամներ, այն էլ բոլորը հռետորներ, և ի՜նչ հռետորներ։
Բայց ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հայ հոգևորականության կատաղի քննադատները այս անգամ «շահավետ» էին համարել հոգևորականության թևի տակ մտնել և ժողովի նախագահ էին ընտրել մի քահանա, որ հռչակավոր է այն բանով, որ լրագրերում տպում է ամիսը քառասունևութ պաշտոնական և քառասուն ոչ պաշտոնական նամակներ։ Նախագահի ձախ կողմում նստած էր Շեքսպիրի թարգմանիչ, մանկավարժ, բանաստեղծ, օտար ճանապարհորդների չիչերոն, լեզվագետ, գիտնական, ընտրությունների ժամանակ էստաֆետի դեր կատարող և իր քչախոսությամբ հայտնի Ստեփանոս Մալխասյանցը։ Նախագահի աջ կողմում ես նկատեցի ընկերության խորհրդի խորհրդավոր քարտուղար մեղա՜ աստված․․․ Համբարձում Առաքելյանին, որ չգիտեմ ինչ դյութական զորությամբ, քարտուղարի համեստ սեղանի մոտից համբարձվել էր վեր և իրան հատուկ գրացիայով բազմել նախագահական սեղանի քով։
Այս սքանչելի գեղարվեստական երրորդությունը այնքան հրապուրիչ էր, որ ամենքի հայացքը գրավվել էր դեպի ինքը։ Դահլիճի չորս հինգերորդական մասը բռնել էին հայկազյան նորագույն դեմոսթենեսները։ Ոմանք աթոռի վրա փռվել էին այն դիրքով, որ ես կարծում եմ ներկա եղող գեղեցիկ սեռից շատերը պետք է նրանց փոխարեն ամոթից կարմրեին։ Մի լրագրի աշխատակից, որ պստիկ մարդկանց հետ իսկի գործ չունի և միշտ զբաղված է Սալսբյուրիին ու Բիսմարկին խորհուրդներ տալով, սուլթանին սպառնալիքներ կարդալով և Եվրոպայի քաղաքական վիճակը որոշելով, երևի, հետևելով անգլիական պառլամենտի անդամներին, որոնց վրա մեծ ազդերություն ունեն նրա երևելի հոդվածները, մի ոտը ձգել էր աջ, մյուսը՝ ձախ, մի թևը դրել էր հետևը, մյուսը առաջին շարքի հենարանի վրա, այնպես որ, կարծես, ժողովի դահլիճը տրակտիր էր․․․ Ավելացրեք սրան, որ այդ երևելի հրապարակախոսը շարունակ հըռ-հըռ ծիծաղում էր իր նման մի քանիսի հետ։ Մի ծիծաղ, որ ամենայն իրավամբ Ժողովականներից մեկը շպրտելով, «ետ դարձրեց» նրանց։
Առհասարակ այդ ժողովում մի խմբակ անդադար հռհռում էր, երբ մի խելոք բան էր լսում։ Դա նշանավոր երեվույթ է, որի հոգեբանական բացատրությունը կարելի է գտնել հայտնի պսիխիատոր Կրաֆտ էբինգի և Լոմբրոզոյի գրվածներում...
Հըռ֊հըռ ծիծաղողների հակառակ, ժողովում կային և խորհրդավոր լռողներ, որոնք ամբողջ ժողովի ժամանակ զբաղված էին փիլիսոփայորեն իրանց քթի պնչերը տրորելով Թե ինչո՞ւ էին այդ սֆինքսները լռում, չգիտեմ, բայց, տեսնելով նրանց, ես հիշեցի մի հին հունական, թե հռոմեական փիլիսոփայի նշանավոր խոսքը, որ նա ասել է լռող մարդկանց վերաբերմամբ․ «Եթե խելոք ես, լռելդ հիմարություն է, եթե հիմար ես, լռելդ խելոքություն է»։
Այդ խորհրդավոր լռողների թվում ես նկատեցի մի պոլիտիկան, որ մինչև այսօր հայտնի է եղել «չաչանակ» անունով։ Բանից երևաց, որ այդ մարդու լռելն այդ երեկոյան մի նպատակ ուներ։ Պետք է խոստովանած, որ, իսկապես, նա ոչ մի քայլ չի անում առանց հետին նպատակի։ Նա այնքան ճարպիկ է որ գիտե մի ձեռով յոթ ձմերուկ բռնել, մանավանդ, եթե ձմերուկների մեջ ոսկի կորիզներ կան։ Օրինակ նա գիտե միաժամանակ քառասուն ընկերությունների անդամ լինել և մի երեկո այցելել յոթ ժողով։ Տեղը եկած ժամանակ նա ազատամիտ է, ուրիշ անգամ հետադեմ, բայց միշտ պահպանողական յուր հաշիվների վերաբերմամբ։ Նա գիտե միաժամանակ երեք խոսակցի ականջ դնել, հնգին պատասխանել, բոլորին էլ քաղցր ժպտալով։ Նա այնքան զգույշ է, որ երբեք իր կարծիքն ուղղակի չի հայտնի նույնիսկ եղանակի մասին։ Օրինակ, եթե սաստիկ անձրևի ժամանակ նրան ասեք «պարոն, անձրև է գալիս», նա կարտասանի՝ «այո, թեև, գուցե, այսինքն, բայց իմ կարծիքով, բայց և այնպես, կարելի է ասել, սակայն պետք է ասել» և այլն, և այլն։
Համեստության քողի տակից ես տեսնում էի նրա իսկական պատկերը, որ փայլում էր նրա աչքերի մեջ, որոնց բիբերը անդադար պտտում են այս ու այն կողմ։ Բանն այն է, որ այդ երեկո մտադիր էր ժողովի նախագահ ընտրվել և չէր ուզում իր չաչանակությամբ մի քանի ավելորդ ձայներից զրկվել։ Այն կաստան, որի քուրմն է նա, որոշել էր նախ բժիշկ Նավասարդյանին սևացնել, հետո սպասել, որ ժողովից հեռանան անկախ մտքի տեր անդամները և, դահլիճում մնալով, կաստայի անդամները, «միաձայն» նախագահ ընտրեն պոլիտիկանին։ Սակայն նրա նետը այս անգամ քարին կպավ, վասնզի Նավասարդյանը չսևացավ․․․ Մի խոսքով, դա մի նշանավոր ժողով էր, որի ժամանակ ես տեսա, ի միջի այլոց, «ձայների առավելություն» ասած բանի մի նոր զորությունը։
Բանից դուրս է գալիս, որ «ձայների առավելությամբ» հրաշքներ կարելի է գործել, օրինակ՝ մեկին խելոք հռչակել մյուսին՝ հիմար, մեկին բարոյական, մյուսին՝ անբարոյական, մեկին գեղեցիկ, մյուսին՝ տգեղ, մեկին տաղանդավոր, մյուսին՝ անշնորհք, մեկին պատվավոր, մյուսին՝ անպատիվ։
Դրա համար ուրիշ բան հարկավոր չէ, բավական է քվեարկել և վերջացավ։ Եթե դուք, դիցուք, ուզում եք, որ ձեր բարեկամը գեղեցիկ կամ խելոք, կամ պատվավոր ճանաչվի, գրվեցեք մի ընկերության անգամ, վճարեցեք 100 ռուբլի, բերեք ձեզ հետ 20 սպիտակ քվեներ և դուք ձեր նպատակին հասաք։ Ընդհակառակը, եթե ձեր մի թշնամուն ուզում եք պատժել, բերեք 20 քվեներ, և ժողովի ձայների առավելությամբ կվճռի, որ նա անպատիվ մարդ է թեկուզ շատ պատվավոր լինի, կամ անճոռնի է թեկուզ Ապոլլոնի պես գեղեցիկ լինի, կամ հիմար է թեկուզ Նապոլեոնի չափ խելոք լինի։ Այս ուղղությամբ ումին կամենաք կարելի է մինչև անգամ գիժ հռչակել, բավական է քվեարկել, սևացնել, և խեղճ մարդուն, հայդա՜, գժատուն... Շուտով, երևի, ձայների առավելության սիրահար մեր երևելի գործիչները սկսեցին ամուսնանալ, ճանապարհորդել, քնել, ուտել, խմել, տրեպակա պարել, ոստոստալ քվեարկությամբ և ձայների առավելությամբ...
Ի նկատի ունենալով «ձայների առավելության» այս գերբնական զորությունը հարցեր վճռելում, ես կարևոր եմ համարում առաջարկել պատկառելի ընկերության ապագա ժողովին քվեարկությամբ վճռել հետևյալ հասարակական մեծ նշանակություն ունեցող անլուծելի հարցերը.
ա) Վերջապեա, Համբարձում Առաքելյանը հանճա՞ր է թե՞ ոչ։ բ) Ստեփանոս Մալխասյանը ե՞րբ է չափահաս դառնալու։
գ) «Մշակը» քանի՞ խմբագիր ունի։
դ) Նրա պաշտոնական խմբագիրը միևնույն առարկայի մասին քանի՞ կարծիք ունի։
ե) Ո՞վ է ավելի մեծ մարդ, Խաչատուր Մալումյա՞նը, թե՞ Բիսմարկը։