Alexander Shirvanzadeh

Անվերնագիր մի պատկեր

Մարտ ամիսը տակավին չէր բոլորել յուր շրջանը, օդի մեջ արդեն տիրում էր գարնանային բուրմունքը։ Մաքուր էր երկնքի կամարը, ինչպես խնամող ձեռքով հստակված հակնթագույն ապակի, նոսր էր օդը, թեթև, հեշտաշունչ, որպես եթերքը։

Թևատարած արծիվները սլանում էին անհուն բարձրության վրա։ Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների և անտառների գագաթներով, դաշտերի ու մարգերի վրա։

Ես նստած էի մի վիթխարի կաղնիի տակ, որի տերևները չէին բացվել, իմ միտքը ակամա սլանում էր դեպի երկնքի խորությունը, և թռչնոց թագուհիների եթերային բարձրությունը իմ ոչնչության զգացումն էր սաստկացնում։ Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոշտ ձայն ընդհատում էր իմ մտածման թելը։ Ես նայում էի շուրջս։ Ահա անցնում են երկու պարարտակազմ մարդիկ: Իմ ականջիս հասավ նրանց ջերմ վիճաբանության մի դարձվածը.

Կմեռներ նա քաղցից, եթե ես նրան ձեռք չկարկառեի։ Նայեցի հակառակ կողմը։ Անցնում էին երկու պճնազարդ տիկիններ, հետևելով երկու զույգ հրեշտականման մանուկների։ Իմ լսելիքը ընդունեց գեղեցկուհիներից մեկի վերջին պարբերությունը։

Եթե մյուս խանութից գնեի, տասը ոսկի պակաս կվճարեի։

Իմ դիմաց անցնում էին երկու առույգ երիտասարդներ։

Ախ, ինչ գեղեցիկ է գարունը, մարդկային սրտի մեջ նա սփռում է կենսական մի նոր հյութ։

Գնանք ինձ մոտ ճաշելու, պատասխանեց մյուս երիտասարդը, այսօր իմ խոհարարը շոտլանդական կարկանդակ է պատրաստել։

Նայում եմ դեպի վեր։ Այնտեղ դարձյալ սլանում են արծիվները։ Եղևնիների խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկները ծլվլում են, գետի հանդարտ ընթացքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում է մի մեղմ շշուկ։ Արևի պայծառ ճառագայթները ջրի տարածության վրա գոյացնում են միլիոնավոր ադամանդներ։ Իմ բորբոքված ջղերը զգում են մի հաճոյական անդորրություն։ Կարծես ես ուզում եմ նիրհել, նիրհել բնության ծոցում հեռու մարդկային իրարանցումից, հեռու կյանքի ապկանված ալյաց շփումներից հեռու նույնիսկ իմ անձի այն տարրերից, որ երեսնամյա գոյությանս ընթացքում իմ և մարդկային արարածների մեջ հաստատել են մի անխախտելի կապանք։

Սակայն անցուդարձ անող կանանց ու մարդկանց ձայները ստեպ-ստեպ ընդհատում են անուշ նիրհս։ Որքա՜ն անախորժ են, որքա՜ն ճնշողական այդ ձայները և որքա՜ն այդ առօրյա կյանքին վերաբերող խոսքերը հակասում են շուրջս տիրող բնության ներդաշնակությանը։

Ես ականջներս փակում եմ, տարածվում եմ մեջքիս վրա դալար խոտի մեջ ու հայացքս ուղղում դեպի վեր ու վեր. որքան նա կարող է թափանցել դեպի խորքը, այնքան հեռու են իմ մտքերը։ Վերջաապես աղմուկը ընդհատվում է, տիրում է խորին լռություն, լսում եմ միայն իմ սրտի արագ բաբախման զարկերը, ուրիշ ոչինչ։ Այնինչ միտքս անընդհատ սլանում է… Կարծես այնտեղ, այն վերօդային անհուն խորության մեջ փնտրում է մի բան, որոնում է մի երևույթ, որին վաղո՜ւց-վաղո՜ւց սպասում էր։ Բայց ոչինչ, ոչինչ չի երևում, նույնիսկ միմյանց շուրջը պտտվող և մրցմամբ միմյանցից բարձր սահող արծիվները, կարծես անհետանում են և չքանում։

Հանկարծ հորիզոնի վրա նշմարվում է վարդագույն ամպի մի բեկոր։ Նա անշարժ է։ Փչում է մի թեթև հողմ, բեկորը մեծանում է, նոսրանում, թափանցիկանում, սփռվում է, ծածկում երկնակամարը մի խայտաբղետ հաճոյական շղարշով։ Մի վայրկյան ևս, և շղարշի ծայրերը հետզհետե սկսվում են սեղմվել, ծալվել և եգիպտական թագուհու ձյունափայլ քղանցքի ձևերն ընդունել։ Դարձյալ մի վայրկյան, և ահա պատկերանում է մարդկային արարածի մի կերպարանք: Տեսողությունս երկնակամարի վրա որոշում է մի կին։ Ամպային շղարշի տակից երևում են պարզ-կինամոնագույն թանձր մազերը, որ սփռվում են նրա գրավիչ ուսերի վրայով դեպի ուռած կուրծքը: Նա նայում է դեպի ետ, և նույն վայրկյանին երևում է մի այր մարդ, մոտենում է նրան։ Նրանք ժպտում են միմյանց երեսին։ Երկնային զույգը հեռու է ինձանից, շատ հեռու, սակայն ես լսում եմ նրանց ձայնը։ Այո, նրանք խոսում են։

Իմ սիրելիս, արտասանում է կինը։ Որքան նուրբ է նրա ձայնը, քաղցրահնչուն, կարծես Բեթհովենի անմահ սոնատները նրա տկար արձագանքն են։

Իմ սիրելի, կրկնում է տղամարդը։

Եվ երկուսն էլ համբուրում են միմյանց։ Կինը իր գլուխը մեղմիկ թեքում է սիրեցյալի կրծքին։ Ես լսում եմ նրա սրտի բաբախման ձայնն անգամ, զգում եմ, թե նրա շնչերակները որպիսի ուժգնությամբ են զարկում։ Երկուսն էլ գրեթե միևնույն տարիքի են, միևնույն հասակի, երկուսն էլ բարեհամբույր կերպարանքով։ Երիտասարդի խաժ աչքերում վառվում է բանաստեղծական հուրը, կնոջ աչքերը բարի են, գրավիչ ու սփոփեցուցիչ։ Ոչ, ես կյանքիս ընթացքում մի այնպիսի ներդաշնակ զույգ չէի տեսել և չպիտի տեսնեմ։ Նրանց ամեն մի նայվածքը արտահայտում էր սեր, ամեն մի շարժումը՝ սիրո նշան: Ինձ թվում էր, որ նրանք իսկապես մի արարած են կազմում բնության բախտաբեր կատակով երկուսի բաժանված։ Ես անթարթ աչքերով նայում էի նրանց և, ականջներս լարած, լսում էի նրանց փոխադարձ փաղաքշանքները։ Նախանձ չէի զգում իմ սրտում և որևէ գրգռումն։ Ես միայն հիանում էի, կարծես նրանց թախտի ստվերը ինձ վրա սփռելով բախտավոր էք դարձնում ինձ ևս։

Սիրո՞ւմ ես ինձ, կրկնում էր կինը։

Մի արտասանիր այդ բառը։ Նա շատ ժլատ է, որպեսզի կարողանա արտահայտել իմ զգացման չափը։ Մարդիկ այդ բառը աղավաղել են։

Ի՞նչ գործ ունենք մարդկանց հետ, մենք նրանցից հեռու ենք։ Նայիր, ահա երկրի երեսում սփռված են նրանք... Ախ, որքան չնչին են, ողորմելի։ Լինել այս մաքուր, անարատ և վսեմ բնության մի հատորը և այդչափ ընկղմվել կյանքի տիղմի մեջ... Օ՜ֆ, այդ անտանելի է...

Եվ մենք երբեք չպիտի իջնենք նրանց շարքը։

Օհ, երբեք... Ի՞նչ, դու կամենում ես, որ ես լինեմ այն տիկնոջ պե՞ս, նայիր, ինչպես ոգևորված գովում է իր մարդու խելքը, որովհետև այդ մարդը նրա կուրծքը զարդարել է մի ադամանդով։

Իսկ այն տղամարդը ինչպես կատաղել է, որ ընկերը նրանից հնգի փոխարեն վեց ոսկի է պահանջել մի բրդի կտորի համար։

Կռվեցեք, գոչեց կինը մի ուրախ քրքիջ արձակելով, իսկ մեր հարստությունը անբաժան է, որովհետև նա փոխադարձ սերն է։

Եվ նրանք դարձյալ համբուրվեցին։

Բայց ո՞վ է ալն խղճալին, որ մեջքի վրա խոտի մեջ պառկած դիտում է մեզ։

Ես սոսկացի այդ գոչյունից, երեսս մի կողմ դարձրի: Այո, ես խղճալի էի նրանց աչքում և երբեք ինքս ինձ այնքան դժբախտ չէի համարած, որքան նույն րոպեին։ Քնած նախանձը հանկարծ զարթնեց իմ մեջ։ Այն, ինչ որ ես որոնել էի ինձ համար կյանքի ընթացքում ու չէի գտել, վայելում էր մի ուրիշը, իմ աչքի առաջ և ինձ ծաղրում։ Ես կամեցա բողոքել, կատաղել անգամ։ Բայց բերանս չբացվեց, որ կարողանայի մի խոսք արտասանել, ես զգացի մի անբնական անդորրություն։ Իսկ նրանք ինձ չէին ծաղրում, այլ խղճում էին, անկեղծ խղճում։ Այն ժամանակ իմ կատաղությունն անցավ. ինքս ես ինձ սկսեցի խղճալ: Ընկճվեցի ճնշվեցի, դարձա բոլոր ուժերից զրկված մի մարմին և միայն կարողացա գոչել․

Ո՞վ բախտավորներ, ես ձեզ չեմ նախանձում բայց գթացեք ինձ ու ասացեք՝ ինչի՞ց է բաղկանում մարդու բուռն երջանկությունը։

Սիրուց, գոչեց կինը։

Ես սիրել եմ, պատասխանեցի ես, և փոխադարձաբար սիրվել, բայց երկար չի տևել մեր սերը, և ես այժմ անբախտ եմ։

Ո՞վ է եղել քո սիրո առարկան։

Մի կին։

Միայն մե՞կը։

Ուրիշ ի՞նչ էիր կամենում։ Նա գեղեցիկ էր։

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

The Conversation, 1969
The Conversation, 1969
Play Online