Alexander Shirvanzadeh

Ակոյի տոնածառը

Փոքրիկ, աղքատիկ քաղաքում, ուր տները մի հարկանի են, կտուրները խարխուլ, փողոցներն անսալահատակ, աղտոտ, տուր ցնցոտիներն այնքան սովորական են, որ այլևս ոչ ոքի գութը չեն շարժում, չքավորի համար չքավորությունը շատ էլ զգալի չէ։ Այնտեղ բախտերի մեջ անդունդներ չկան, կա միայն գույների տարբերություն, մեկն ավելի գորշ, քան մյուսը։

Բայց երբ քաղաքը մեծ է, հարուստ, ցերեկները խանութներում ցուցադրված փարթամ ապրանքներն են շլացնում անցորդին, գիշերները՝ կլուբների և թատրոնների էլեկտրական լույսերը, չունևորների ներվերը մերկանում են և սոսկալի ցավով են ընդունում կառքերի դղրդյունն ու օվտոմոբիլների սուլոցները։

Վաղուց էին մերկացել բանվոր Գալուստի ներվերը։ Այն օրից, երբ համոզվել էր, որ մինչև կյանքի վերջը պիտի սալին զարկե ծանր մուրճը, որ ահա տասներկու տարի է օրը տասը ժամ զարկում է և որ այնքան նրա մարմինը չի ավրել, որքան հոգին է քայքայել։

Որպես բանվոր, որի համար հանգստությունն է երկրային բարձր հաճույքը՝ նա սիրում էր հասարակ տոները, երբ նրա հոգնած մարմինը նիրհում էր ընտանեկան հարկի տակ։ Բայց կային տարվա մեջ երկու մեծ տոներ, որոնց նա ատում էր հոգու ամբողջ զորությամբ։ Ատում էր ոչ նրանց խորհուրդը, այլ այն բոլորը, որ մարդիկ կապել էին այդ տոների հետ արտաքո կարգի ծախքեր, որ պարտավորական են թե հարստի և թե աղքատի համար։

Ահա չորրորդ անգամն է Գալուստը տարվա միևնույն միջոցին տանջվում է ավելի քան իր երեսուն ու հնգամյա կյանքի ընթացքում։

Նոր տարին մի կերպ անցավ, բայց ծնունդն ու մկրտությունը մնում են. մի՞թե այս անգամ էլ նա չպիտի կարողանա կատարել իր խոստումը գնել իր մի հատիկ Ակոյի համար տոնածառ և զարդարել ու լուսավորել այնպես, ինչպես անում են բոլոր հայրերն իրենց զավակների համար՝ հենց այս ահագին տան մեջ, որի ներքնահարկում նա ապրում էր խլուրդի պես։

Ո՛չ, այս տարի էլ խաբել երեխային նա չի ուզում և չի կարող։ Դեռ մի ամիս առաջ Ակոն նրան հիշեցրեց.

Հայրիկ, տոնածառը չմոռանաս, լավը, մեծը...

Եվ հետո ավելացրեց.

Ես ուզում եմ, որ շաքարի գառնուկներ էլ լինեն, թմբուկ էլ, սուլիչ էլ...

Լա՛վ, Ակո ջան, այս տարի տոնածառ կունենաս, անպատճառ կունենաս։

Անպատճա՛ռ, կրկնեց Գալուստի կինը դառը հեգնությամբ, երեք տարի է խաբել ես, այդ էլ կլինի չորրորդը։ Գոնե մի՛ խոստանար։

Դյուրին է ասել «մի խոստանար»: Կարելի՞ է մերժել այդ անմեղ աչքերին։ Նրանք այնպիսի հավատով են նայում նրան։ Այդ փոքրիկ, ճերմակ ձեռքերին։ Նրանք այնպիսի գգվանքով են փաթաթվում նրա կոշտ պարանոցին։

Բայց ինչպե՞ս։ Անցյալ ամիսների աշխատավարձը ստացել է և արդեն ծախսել, մնում են մի քանի ռուբլիներ։

Հուրիկ, թաթախման երեկո ձուկ հարկավո՞ր է։

Դե, իհարկե, հարկավոր է, ի՞նչ հարցնելու բան է։

Ուզում եմ ասել, որ ձուկն այս տարի թանկ է, կրակի գին։

Թանկ է, թե էժան՝ պետք է առնել, օրենք է․․․

Այդ մի ռուբլի. յուղ, բրինձ, ածուխ, այդ էլ ամենաքիչը մի ռուբլի։ Տերտերն էլ գալու է, իհարկե։

Տերտերն էլ, տիրացուն էլ։

Պրծավ։ Գրպանումս մնացել է ուղիղ երեք ռուբլի։ Հերիք է։

Ոչ, պետք է ուրիշ միջոց գտնել, ձուկն էլ անհրաժեշտ է, տերտերն էլ... Մեծ բան չի պահանջվում, դարձյալ մի երեք-չորս ռուբլի։ Գալուստը գիտե որտեղ գնել էժան զարդարանք տոնածառի համար։ Ամեն օր նա երկու անգամ անցնում է մեծ հրապարակի վրա գտնվող փայտյա խանութների մոտով։ Արդեն նա իր մտքում ընտրել է բոլորը, ինչ որ պահանջում է Ակոն։ Ավելի՛։ Արդեն նա ծառը զարդարել է իր ձեռքով և լուսավորել գույնզգույն մոմերով ու լապտերներով։ Ակոն ուրախ-ուրախ թռչկոտում է ծառի շուրջը, ծափ տալով, պարելով, երգելով։ Ինչպե՜ս են վառվել նրա սևորակ աչքերը, ինչպե՜ս են կարմրել նրա գունատ այտերը, ինչպե՜ս է նրա տափակ կուրծքն ուժգին բարձրանում ու իջնում։

Գալուստը սիրտ առավ կառավարչի օգնականից խնդրելու առաջիկա շաբաթվա վարձը։

Ի՞նչ, գոչեց օգնականը ծիծաղելով, չկատարած աշխատանքի վա՞րձ։ Այդ ո՞րտեղ է տեսնված։

Բայց կկատարեմ այդ գործը։

Ոչ, եթե քեզ տամ, մյուսներն էլ կպահանջեն։ Գնա գործիդ, առանց այդ էլ վերջերս դուք՝ բանվորներդ, շատ եք երես առել։

Բայց տոնածա՞ռը, Ակոն մաշվում է, ասաց մտքում Գալուստը և գլուխը կրծքին թեքելով, դուրս եկավ գրասենյակից։

Հուսահատությունը պաշարել էր նրան։ Նա տեսնում էր, որ այս անգամ էլ պետք է խաբի Ակոյին։ Իսկ այդ ավելի դժվար է, քան առաջ, որովհետև Ակոն վեց տարեկան էր։ Արդեն փոքրիկը մի տեսակ կասկածով ու թերահավատությամբ է նայում իր հոր երեսին և էլ առաջվա պես չի թախանձում։

Այն օրը մանուկը, հորը ճանապարհ դնելով, ասաց.

Եթե այսօր էլ չբերես, էլ քո խոսքին չեմ հավատալու։

Գալուստը շուռ դուրս եկավ և գնաց գործի։ Երբեք նա այնքան ճնշված չէր եղել։ Նա, որ սովորաբար առավոտները գործի գնալիս երգում կամ շվացնում էր գյուղական երգեր։

Ինչպե՞ս, ո՞րտեղից: Եվ որքան մտածում էր, այնքան ելքը դժվարանում էր։ Նա մտավ գործարանի գավիթը, առանց սովորական բարևներ տալու աջ ու ձախ հանդիպող ընկերներին...

Հանկարծ նրա հայացքն ընկավ մեկ բանի վրա։ Նա կանգ առավ մի քանի վայրկյան։ Մի միտք անցավ նրա գլխով և անմիջապես պաշարեց նրա հոգին։ Այնտեղ, գործարանի շրջապատի մոտ կար մի գորշ-դեղնագույն բան, որ փայլում էր արեգակի առավոտյան ճառագայթներից։ Օրն երկու անգամ նա անցնում էր այդ առարկայի մոտով․ ինչո՞ւ միայն այսօր ուշադրություն դարձրեց նրա վրա։

Գալուստը ժպտաց տարօրինակ ժպիտով։ Նրա մռայլ դեմքի վրա փայլեց անսպասելի հուսո նշան։ Նա մտավ արհեստանոց, պատռված չուխան հանեց, մի կողմ ձգեց և վերցրեց մի փութանոց մուրճը։

Ամբողջ օրը նա գործում էր և մտածում․ այն գորշ-դեղնագույն առարկայի մասին, որ երևում էր արհեստանոցի մրոտ լուսամուտից, և որքան շատ էր նայում, այնքան ավելի ու ավելի էր հուզվում։

Նրա հուժկու և հոլանի բազուկները գործում էին առանձին եռանդով, բայց անփույթ, չպահպանելով հարվածների հերթը և ընկերներին խանգարելով։

Ահա, վերջապես, վերջին սուլոցը՝ օրն ավարտված է։

Գալուստը մուրճը դրեց իր սովորական տեղը, սրբեց ճակատը կապտագույն շապկի մրոտ փեշով, չուխան հագավ, սեղմեց գլխին գդակը և արհեստանոցից դուրս եկավ։

Օրն արդեն մթնել էր թեև դեռ վեց ժամն էր։ Գալուստը մի անգամ ևս հիշեց Ակոյի դեմքը, լսեց նրա կեղեքիչ հարցը՝ «էլի՞ չբերեցիր» նրա գլուխը պտտեց։ Այդ երեխան սպասելուց հոգնեց։ Նա կարող է վշտից հիվանդանալ։ Քիչ չեն պատահել նման դեպքեր։ Ակոն կարող է մեռնել, Ակոն չի դիմանալ... Տեր աստված, ազատիր Գալուստին փորձանքից։ Բայց աստված խուլ է աղքատների համար, Գալուստը վաղուց, շատ վաղուց գիտե այդ բանը։ Որ այդպես է, ինչո՞ւ չարհամարհել նրա օրենքները, ինչո՞ւ չմեղանչել։ Այո, Գալուստը կանե ինչ որ մի անգամ արդեն վճռել է անել․ թող լինի, ինչ որ լինելու է։

Հասնելով գործարանի շրջապատին, նա քայլերը դանդաղեցրեց։ Թույլ տվեց որ ընկերները հեռանան։ Դարբասի մոտ երկու պահապաններ խուզարկում էին բանվորներին, չլինի թե նրանք գործարանից բան տանեն իրենց հետ։ Այդ կողմից նոր կառավարիչը, որ մի երիտասարդ ինժեներ էր, չափազանց խստապահանջ էր։

Նա ասում էր.

Ես կարող եմ բանվորին ամեն բան ներել, բացի գողությունից։ Գողի համար ես գութ չունեմ։

Գալուստը մոտեցավ փայլուն առարկային, որ այժմ մի մութ կետ էր առանց ձևի։ Նա մի վճռական շարժումն արավ, թեքվեց և իր ուժեղ ձեռքերով առարկան բարձրացնելով, շրջապատի վրայից ձգեց փողոց։ Ապա նա հանգիստ քայլերով մոտեցավ դարբասին։ Նա վերջինն էր։ Պահապանները նրան սովորաբար չէին խուզարկում։ Տասներկու տարի էր նա աշխատում էր այդ գործարանում, և ոչ ոք նրան չէր կասկածել։ Նա հայտնի էր իր մանկական հեզությամբ և ամոթխածությամբ։

Գնա՛, Գալո, մենք քեզ ճանաչում ենք, ասաց պահապաններից մեկը սովորական դարձվածքը, երբ Գալուստը կանգ առավ դարբասի առջև։

Գալոն ցնցվեց այդ խոսքերից և շտապեց դուրս գալ։ Դարբասը փակվեց։ Փողոցում նա սպասեց մինչև որ բանվորների վերջին խումբն անհետացավ։ Նա մոտեցավ այն տեղին, ուր գցել էր առարկան, հանեց չուխան, փաթաթեց նրա մեջ առարկան, վերցրեց կռնատակը ու հեռացավ արագ քայլերով։ Նրա համագյուղացիներից մեկը, գործարանից ոչ հեռու պահում էր մանր ապրանքների խանութ։

Գալոն ուղղակի այնտեղ գնաց։ Բարեբախտաբար խանութում ոչ ոք չկար, բացի խանութպանից։

Օհո՜, Գալո, հանդիպեց նրան մանրավաճառը, որ մի զվարթ, կատակասեր մարդ էր, կարմիր այտերով ու հաստ պարանոցով, ինչպես տեսնում եմ, քեֆդ ներսումդ վառել ես, որ ձյուն-ձմեռ չուխեդ կռնատակդ ես դրել։

Գալոն ոչինչ չասաց։ Աջ ու ձախ նայելով, կապոցը դրեց վար և նայեց խանութպանի երեսին։

Այդ ի՞նչ է։

Կռան, պատասխանեց Գալոն, ճանապարհի վրա ընկած էր, վերցրի։ Թող քեզ մոտ մնա, Մարուք ջան, էգուց կիմանանք ով է տերը, իրեն կտանք։

Գտել ես, հա՜ա՜, արտասանեց Մարուքը մի տեսակ նենգությամբ, է՛հ, փառք աստծու, որ վերջապես դու էլ մի բան գտար։ Ընկերներիդ շատերը շաբաթ չի անցնում, որ մի բան չգտնեն․ թող մնա կաշխատենք տիրոջը գտնել։

Գալոն ոչինչ չասաց, բայց հասկացավ, որ խանութպանը գուշակել է իր սուտը։ Նա երեսը դարձրեց դուրս գնալու։

Սպասիր, ա մարդ, ո՞ւր ես վազում, կանչեց նրան խանութպանը։

Գալոն կանգ առավ։

Խանութպանը բաց արավ դրամարկղը և, այնտեղից դուրս բերելով երեք ռուբլի, առաջարկեց Գալոյին։

Վերցրու, ասաց նա։

Ինչո՞ւ համար։

Վերցրո՛ւ, փող է, հող չէ։

Գալոն նայեց թղթադրամին, ապա Մարուքի երեսին և վիզը քորեց։

Վերցրո՛ւ, նազ մի արա, քեզ համար է նորություն, ես սովոր եմ։ Դուքանիս ետևում էլի կա դրանցից մի քանիսը․ ընկերներդ են բերել։ Ես բոլորի տերերին պետք է գտնեմ և, հե-հե-հե, պիտի տամ իրենց։ Քո կռանի տիրոջն էլ կգտնեմ, միամիտ կաց, հե-հե-հե, քոնը երեք մանեթից ավելի չարժե։ Վերցրու։ Դե լավ, էս էլ քեզ մի մանեթ, եղավ չորս։ Որ սպանես էլ ավելի տալ չեմ կարող։ Ես գիտեմ, որտեղ ես գտել։ Կառավարչին էլ եմ ճանաչում, օգնականին էլ, հասկանո՞ւմ ես ինչ եմ ուզում ասել։ Վերցրու․ քրիստոսի առեք կերեքը վկա, ավելի չարժե․․․

Գալոն առանց մի բառ արտասանելու, խլեց խանութպանի ձեռքից դրամը և, չուխան հագնելով, դուրս գնաց։

Նա վազեց շուկա։ Դրամն այրում էր նրա ձեռը, շտապեց ազատվել նրանից։ Նա գնեց բոլորը, ինչ որ հարկավոր էր Ակոյի համար։ Ավելացան մի քանի տասնյակ կոպեկներ։ Գալոն մտավ գինետուն, իրարու ետևից խմեց չորս բաժակ օղի, առաջին անգամ իր կյանքում։ Զվարթացավ և շտապեց տուն Ակոյին էլ զվարթացնելու։

Տոնածառը դուրս եկավ հրաշալի մի բան, մինչև անգամ ավելի լավ, քան մի քանի հարուստ տներում։ Գոնե այդպես ասացին հարևան կանայք։

Ակոն երջանիկ էր, Ակոն ուրախությունից ոտների տակ երկիր չէր զգում։

Ուրախ էր Ակոյի մայրը, նա շարունակ կրկնում էր.

Ա՛հ, վերջապես, վերջապես։

Բայց ի՞նչ պատահեց Գալոյին։ Ահա երեք օր է նա դարձել է անճանաչելի։ Ծննդյան երեկոն նա անցկացրեց տխուր, մկրտության օրը նույնպես, հետևյալ օրը դարձյալ։ Նա մեծ մասամբ, նստած խոնավ սենյակի մութ անկյունում, լուռ նայում էր մերթ տոնածառին, մերթ Ակոյին, մերթ հատակի մի կետին և գլուխը տարօրինակ շարժում։ Կնոջ հարցերին պատասխանում էր մութ բառերով և ձեռքերի անորոշ շարժումներով։ Ակոյի երախտագետ համբույրներին պատասխանում էր ծանր հառաչանքներով, մինչև անգամ մի տեսակ սառնությամբ։ Մի երկու անգամ նա փոքրիկին իրենից հրեց անսովոր կոպտությամբ։ Մի անգամ էլ կնոջը հայհոյեց չտեսնված բան։

Տոներն անցան, բայց տոնածառը դեռ ցցված էր սենյակի մեջտեղում։

Հերիք է, վերցրու, դեն կորցրու, ասաց Գալոն կնոջն այն առավոտ, երբ տոներից հետո աշխատանքը գործարանում սկսվել էր։

Չէ՛, մայրիկ, թող մնա, թող մնա, աղերսեց Ակոն։

Պահիր ինչքան ուզում ես, բայց ես չտեսնեմ, չտեսնեմ։

Նա շտապեց գործարան։ Ամբողջ օրը նա ինքն իրենը չէր, աշխատում էր արբածի պես։

Գալո, մուրճդ զգույշ բանեցրու, կրկնում էր վարպետը շարունակ։

Զգույշ եմ։

Բայց նա զգույշ չէր։ Երկու անգամ նա զարկելու հերթը փախցրեց։ Երրորդ անգամ նա շտապեց, և նրա մուրճը դիպավ ընկերոջ մուրճին։ Այդ ընդհարումից ընկերը ստացավ զորեղ հարված ու ընկավ գետնի վրա։

Ի՞նչ արիր, ավանակ, դու հարբած ես, գոռաց վարպետը։

Առաջին անգամն էր Գալոն լսում այդպիսի բաներ։

Ես հարբած չեմ, ասաց նա մուրճի կոթը սեղմելով ձեռքերի մեջ։

Ուրեմն ցնդվել ես։

Խելքս գլխիս է, վարպետ։

Բարեբախտաբար, հարվածը վտանգավոր չէր և ստացողը բարի մարդ էր։

Սաքո՛ւլ, ասաց Գալոն, տարօրինակ ժպտալով, մի ուրիշ անգամ դու կզարկես ինձ, երբ իմ օրին կլինես։

Բայց ի՞նչ է քո օրը, ասա, որ մենք էլ իմանանք։

Ոչի՛նչ, ոչի՛նչ։

Արտասանելով այս բառը, նա այնպիսի մի զորեղ հարված տվեց շիկացած երկաթին, որ սպիտակ պեծերը մինչև առաստաղ բարձրացան ու ընկան հեռավոր բանվորների վրա։

Մի քանի պեծեր դիպան վարպետի երեսին։

Բարձրացավ ընդհանուր ծիծաղ։

Գալոն գիշերը տանը չի քնել, կատակեցին ոմանք։

Վարպետը կատաղեց։

Դուրս եկ շարքից, դո՛ւրս, գոռաց նա, դու կարող ես մարդ սպանել։

Գալոն մուրճը իջեցրեց, հենվեց նրա կոթի վրա արմունկներով, նայեց աջ ու ձախ և ասաց․

Վարպետ, ես կյանքումս չեմ մտածել մարդասպանության մասին։ Գողության մասին էլ չեմ մտածել։

Դու հիվանդ ես, գնա տունդ, պառկիր, ասացին մի քանիսը, աչքերդ վառվել են կրակի պես։

Ես հիվանդ չեմ։

Եվ կամեցավ գործը շարունակել, բայց այդ պահին հանկարծ սկսվեց մի իրարանցում։

Ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, լսվեցին այս ու այն կողմից։

Բոլոր վարպետներն ու բանվորները դադարեցին գործելուց և շրջապատեցին կառավարչի օգնականին, որ գոռում էր․

Շո՛ւտ, ամենքդ ժողովվեցե՛ք, իսկույն կգա։

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, հարցրեց Գալոյի վարպետը։

Գողություն, պատասխանեց մեկը, կռան են գողացել գործարանից։ Կառավարիչը գալիս է քննություն կատարելու։

Գալոն գունատվեց։ Մուրճը ձեռում նա դանդաղ քայլերով մոտեցավ խմբվածներին։

Եկավ կառավարիչը գործակատարներով ու պահապաններով շրջապատված։

Տիրեց ընդհանուր լռություն։ Բանվորների կոշտ ու մրոտ դեմքերն արտահայտեցին խորին լրջություն։ Նրանք նայում էին իրարու երեսին հետաքրքրված, երկյուղով։

Գողությո՞ւն, ներկա կառավարչի օրերո՞վ, երբ գողությունը հայտարարված է սպանության հավասար ոճիր։ Ո՞վ պիտի լինի դժբախտը, որ ինքն իրեն կործանում է։

Կառավարիչն ասաց.

Լսեցեք. գործարանի բակից գողացված է մի մեծ, արժեքավոր կռան։ Թե երբ, հայտնի չէ։ Այս պատճառով ես պահապաններին կենթարկեմ տուգանքի։ Բայց որ գողացողը ձեզնից մեկն է այս ես հաստատ գիտեմ։ Դե՛հ, թող առաջ գա մեղավորը և գողությունը խոստովանի։ Ես նրան ոստիկանության չեմ հանձնիլ և բանտ չեմ նստացնիլ։ Ես կարձակեմ առանց հետևանքների։ Լսո՞ւմ եք։

Նորեն տիրեց լռություն, նորեն բանվորները նայեցին իրարու երեսին։ Ապա սկսեցին շշուկներ, ենթադրություններ, փոխադարձ կասկածներ։ Կասկածեցին ամենքին, բացի մի քանիսից, որոնց թվում էր Գալոն։ Նրա շիտակությունը հայտնի էր ամենքին։ Ոչ ոք չհիշեց նրա անունը, ոչ ոք չնայեց նրա երեսին։ Իսկ նա կանգնած էր խմբից մի փոքր հեռու, մեն-մենակ, գունատ, աչքերը գետնին հառած։ Նրա շրթունքները դողում էին, լայն կուրծքը ուժգին բարձրանում էր ու իջնում։

Կառավարիչը, մի քանի վայրկյան սպասելուց հետո, շարունակեց.

Դուք լռո՞ւմ եք, ոչինչ չե՞ք ասում։ Դուք չե՞ք ուզում մատնել ձեր ընկերոջը։ Օգնական, հեռախոսով կանչեցեք պրիստավին և խնդրեցեք, որ հետ ոստիկանական շուն բերի։ Շունը դրանցից ազնիվ է, նա կգտնի գողին։ Պահապաններ, ինչո՞ւ չեք խոսում։ Ո՞ւմ եք կասկածում, ասացեք։

Սիմոնին, Ավետանց Սիմոնին, ասացին պահապանները միաձայն։

Բանվորները հառաչեցին․ թեթևություն զգալով։ Չէ՞ որ կասկած կարող էր ընկնել նրանցից յուրաքանչյուրի վրա։

Մի քանիսը, որոնց վրա անցյալում մեղքեր կային, ասացին։

Այո՛, Սիմոնը հայտնի է, անկասկած նա է գողացել։

Առաջ եկավ մի նիհար, կուրծքը ներս ընկած երիտասարդ։

Դո՞ւ ես Սիմոնը, հարցրեց կառավարիչը։

Հրամանքս։

Դո՞ւ ես գողացել կռանը։

Չէ, աղա, ես գող չեմ։

Այդ կտեսնենք. պահապաններ տարեք դրան, պահեցեք մի տեղ, ես իսկույն պրիստավին կկանչեմ հեռախոսով։

Պահապանները բռնեցին Սիմոնի թևերից։

Թողեք ինձ, թո՛ղեք, ես գող չեմ, պաշտպանվում էր բանվորը։

Շունը կասե գող ես, թե չէ, ծիծաղեցին ոմանք։

Դե՛հ, ցրվեցե՛ք ձեր գործին, հրամայեց օգնականը և հետևեց կառավարչին, որ գողին գտած համարելով, դիմեց դեպի արհեստանոցի դռները։

Հանկարծ Գալոն, որ մինչև այդ վայրկյան լուռ ու անշարժ կանգնած էր, գոռաց.

Տղե՛րք, ասացեք կառավարչին, որ սպասե։

Կառավարիչը կանգ առավ։ Ամբոխը նորեն խմբվեց։

Գալոն հանդարտ քայլերով մոտեցավ կառավարչին և գդակը վերցրեց։

Կռանը ես եմ գողացել, ասաց նա անհողդողդ ձայնով։ Սիմոնին բաց թողեցեք, նա անմեղ է։

Ամենքը զարմացան։

Նա գժվել է, նա հարբած է, տելին է տալիս, լսվեցին այս ու այն կողմից։

Դո՞ւ, զարմացավ կառավարիչը։

Այո՛, ես, կրկնեց Գալոն։

Այդ անհավատալի է, ասաց օգնականը։

Սուտ է ասում Գալոն, նա չի գողացել։ Նա ազնիվ մարդ է, լսվեց շատերի բերնից։

Գալոն ազնիվ էր, տոնածառը նրան գող շինեց, պատասխանեց Գալոն։

Տոնածա՞ռը, ի՞նչ է ասում, պարզ խոսիր, գոչեց կառավարիչը։

Ես ասում եմ, կռանը ես եմ գողացել։ Մարդ ուղարկեցեք մանրավաճառ Մարուքին հարցնելու։

Կառավարիչը հրամայեց Սիմոնին ազատ թողնել։

Պահապանները մոտեցան Գալոյին։

Հարկավոր չէ ինձ բռնել, ասաց Գալոն, ես ինքս կանեմ, ինչ-որ հարկավոր է։

Եկ գրասենյակ, ես կկարգադրեմ, հրամայեց կառավարիչը։

Գալոն հետևեց նրան։

Նույն երեկո նրան արձակեցին առաջին քննությունից հետո։ Կառավարիչը խնայեց նրա ընտանեկան կացությունը, բայց գործից զրկեց։

Հինգ օր անցած Գալոյի կապտած դիակը գտան ծովի ափին, ավազների մեջ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Noah's descent from Mount Ararat
Noah's descent from Mount Ararat
Play Online