Aksel Bakunts

Աքարում

Աքար գյուղը գեղանիստ է, շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում։ Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ։ Բայց արևը կեծանելիս փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը։

Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով անաչք գլուխները դարձնում են աջ ու ձախ, ասես բոժոժ են հյուսում:

Աքարում կա քոս, արևից քոսը գրգռվում է, մեջքը պատին են քսում կամ դռան շեմքին, քերում ձեռքով, մինչև արյուն գա: Աքարում աչքացավ կա, և երեխաները արևաքոռ ման են գալիս, աչքերը կարմրած, մի կեղտոտ շոր ճակատին: Տավարը դաբաղ է ընկնում, կաղալով է քայլում, կճղակների արանքում սպիտակ որդերը ծծում են արյունատար անոթները, և կովի կուրծքի մեջ ցամաքում է կաթը, կովը ցավով է լիզում կճղակները, լեզվով գետին թափում սպիտակ որդերը:

Աքարը հին է՝ անհիշելի ժամանակներից: Եվ այդ ժամանակներից էլ սովորույթ է մնացել հաճար ցանել ավազահողում, քլունգով փորել ոսպատեղը և կռացած, օրն ի բուն, ձեռքով պոկել ոսպի կարճ ցողունները, ոսպը ծեծել և ձմռան կարճ օրերին օրը երկու անգամ ոսպաճաշ ուտել կամ հաճարը ձավար անել, ձավարը մածնով ուտել:

Աքարն աղքատ է: Եվ եթե երկու տարի հողերը չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմերը շաղ կտա, թռչունները կաղին կտանեն կտուրների վրա, և հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի: Եթե անտառը չլինի, սարից եկող հեղեղը մի գիշեր կսրբի Աքարը, քարերով կջարդի կուժ ու խնոցի, կխառնի իրար տուն ու մարագ: Հեղեղի երեսին հիվանդ կովի հետ միասին տաշեղի պես կլողան սպիտակ որդերը:

Ոչ հեղեղ է լինում, և ոչ էլ անտառն է սեղմում Աքարին: Հենց որ ոսպատեղում մի շիվ է բսնում, աքարեցու քլունգը շիվն արմատով է հանում և պահում այն հողը, որը լղար կովի պես ցամաք հյութ ունի:

Աքարի քառասուն ծխից մեկն էլ Հանեսի աղջիկ Շահանի ծուխն է: Թեկուզ Շահանն արդեն տարիքով է և ութը տարվա այրի, բայց նրան գյուղում շարունակում են Հանեսի աղջիկ կանչել: Գուցե նրա համար, որ Շահանի ածխագործ ամուսինը տարին բոլոր անտառի խորքերում էր ապրում և երբեմն գիշերով տուն գալիս, երեսի մուրը լվանում, մինչև լուսաբաց Շահանի հետ գլուխը մի բարձի դնում, առավոտյան էլ բարձի վրա թողնում մի քանի արծաթ, մինչև նոր գալուստ: Եվ այդ կապից չորս տարվա ընթացքում երեք աղջիկ էր ծնվել, որոնց շեկությունը Շահանի ամուսնուն հիշեցնում էր իր մանկությունը, երբ դեռ ածխագործ չէր, գառան բուրդի պես մազեր ուներ գլխին:

Մի շաբաթ էլ ամուսինը չեկավ, և երբ Շահանն անտառը գնաց, ածխահորի մոտ տեսավ ամուսնու կայծակնահար դիակը, խանձված, սևացած, ածուխի մի մեծ կտորի պես: Այդտեղ էլ թաղեցին: Շահանը շորերը շալակին տուն եկավ, լաց եղավ շորերի վրա, և երբ լացը հանդարտեց, ամուսնու արխալուղի գրպանում երեք աբասի գտավ:

Սեր չկար նրանց մեջ և ոչ էլ ատելություն: Մի հարկի տակ ութ տարի ապրել էին և այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին: Մի ձմեռ անցավ, կաղնու տերևները կանաչեցին, և երբ Շահանը ուրիշի համար քաղհան անելիս բլրակի գլխից նայում էր անտառի խորքից բարձրացող ծխին, իհարկե, ամուսնուն էր հիշում, բայց կարոտ չկար և ոչ էլ քաղցր հուշ:

Գիշերները դռան կապն էր գցում և աղջիկների գլուխը դնում բարձի վրա, իր մարմնին մոտ առնում ծծկերին ու տաքացնում: Դարձավ թուխս, փռեց թևերը, և թևերի տաքության տակ աճեցին Շահանի շեկ աղջիկները: Պիտի մեծանային և սպասեին, որ թևավոր մի տղա առներ առաջնեկին, հետո միջնեկին, փոքրին: Եվ ոչ մի թռչուն Շահանի հարկի տակ չպիտի բերեր և ոչ մի շյուղ:

* * *

Ութը տարի անցավ: Հանեսի աղջիկը հացթուխ էր, և քաղհան անող, և շալակով ցախ բերող: Ութը տարի թեժ թոնիրը խաշել էր դեմքը: Դրանից էր, որ դեմքը փայլ ուներ, զոդած խոփի պես: Թոնրի մոտից հեռանում էր, մի քանի տաք լավաշ կռան տակ, բաժանում էր աղջիկներին: Սարյակն էլ կտուցով որդ էր բերում, ճտերին տալիս, նրա փետուրներն էլ փայլ ունեին, բայց սարյակը թոնիր չի տեսել:

Ութը տարի Շահանի կալը ցորենի խուրձ չտեսավ, մարագի կտուրին անձրևը փոքրիկ փոսեր արեց, և ջուրը կաթեց գերանների վրա: Սարդը ոստայն հյուսեց, և մի ձմեռ էլ մարագի երկու գերանը ձյունի ծանրությունից կքեցին, հող թափվեց մարագում:

Երբեմն Շահանն ուշադիր նայում էր մեծ աղջկան՝ Սանդուխտին, ուզում էր նկատել, թե հասնու՞մ է աղջիկը` հունցած խմորի պես, ինչու՞ ուշ է ձևավորվում մարմինը, շարժումները դեռ մնում են մանկական, հարցերն անմեղ ու միամիտ: Սրա-նրա հացատանը Շահանը լուրեր էր որսում, և երբ խոսք էր ընկնում աղջիկ տալու և առնելու մասին, Սանդուխտին էր մտաբերում: Մի տեղ լիներ, տեղաց աներ երեսի ջրով, բեռը թեթևանար, մնացած երկուսի մասին մտածեր: Հանկարծ ոչ ոք չուզեր, աղջիկները դեղնեին սերմացու վարունգի պես և անպտուղ մնային նրանք: Բայց չէ՞ որ շնորհքով էր Սանդուխտը, ամոթխած ու խոնարհ, աչքերը` կտավատի կապույտ ծաղիկներ:

Եվ մի օր էլ, երբ Ղազախի Օհանը փողոցում Շահանից ուզեց Սանդուխտին իր որդու համար, ոչ մի խոսք չասաց կտավատի կապույտ ծաղիկների մասին, հարցրեց, թե Սանդուխտի հետ կալն ու խանգարված մարագը կտա՞ Հանեսի աղջիկը:

Երեկոյան միտք արեց, գնաց եղբոր հետ խոսեց: Եղբայրն էլ համաձայն եղավ:

Ինչի՞դ ա պետք մարագը: Դրանից էլ լավ տեղ…

Հոր տնից վերադարձավ, դարձյալ միտք արեց: Եվ Սանդուխտը չհասկացավ, թե ինչու մայրը նրա մազերը շոյեց, հետո կռացավ ճակատը պաչեց: Թարմ լավաշի հոտ էր գալիս մոր ծոցերից, և երբ Սանդուխտը աչքերը կիսաբաց արեց` տեսնելու մորը, զարմացավ, թե ինչքան շատ փող ուներ նա: Երդիկից լուսնի կաթնագույն շողքն էր ընկել, և Շահանի բռան արծաթների վրա շողքն էր ցոլցլում: Սանդուխտին մի դեյրացու առնելու փողը կար, մի քիչ էլ ավել:

Մյուս օրը, երբ Ղազախի Օհանը կնոջն ուղարկեց աղջկատես, Շահանը Սանդուխտին լվաց և խնամքով հյուսեց շեկ ծամերը: Օհանի կինը հավանեց Սանդուխտին: Նա տուն մտնելուց առաջ կալն ու մարագն էլ էր նայել:

Օրը շաբաթ էր, երբ Ղազախի Օհանը, տղան, Շահանն ու Սանդուխտը գնացին զագսում գրանցելու ակտը: Կալ ու մարագի վաճառման թուղթը նախորդ օրն էին պատրաստել:

Սանդուխտը նոր դեյրա ուներ: Երբ քամուց փռփռում էր դեյրայի տուտերը, սիրտն էլ հետը լայնանում էր: Բայց Օհանի տղին նայելիս իսկույն ընկնում էր հաճույքի ալիքը, ետ էր քաշվում, պատյանի մեջ մտնում, ինչպես խխունջի շոշափուկները: Մութ և անորոշ կասկած կար նրա սրտում, կասկածի հետ և ուրախություն, որ մոր փեշից բռնած եկել է բավական ճամփա, Աքարը թողնելով անտառի ետև: Աշխարհն ինչ մեծ թվաց նրա համար, դիմացի սարերը մոտիկ:

Եվ եղավ անսպասելին: Բժիշկը ներս կանչեց Շահանին ու Սանդուխտին, աղջիկն ամաչկոտ շարժումով դեյրան հանեց, բժշկի աչքերն ակնոցի միջով տեսան վտիտ ուսերը, տափակ կուրծքը և ձյունի պես սպիտակ մարմինը: Շահանը փորձեց ստել, թե հասած է, տերտերն է սխալ գրել, Սանդուխտը հիվանդ է եղել, դրա համար էլ մարմինը չի հասել, բայց բժիշկն օրենքից էր խոսում և համոզում, որ աղջկա համար վատ կլինի: Սանդուխտը հասկացավ և երբ կոճկեց դեյրան, չուստերը հագավ, մոր փեշից բռնեց դուրս գնաց, տեսավ թե ինչպես բժիշկը օրորեց գլուխը։ Դռան մոտ Շահանը բարկացավ աղջկա վրա, որ փեշից է բռնում ծծկերի պես։

Ղազախի Օհանն օրենքի մասին լսեց, հոնքերը վեր քաշեց, մեկ էլ աչքերը փոքրացրեց։ Հենց այդ վայրկյանին նա որոշեց օրենքը զանց առնել, թռնել վրայով, որպես բարակ մի առու, կողպեք կախել Հանեսի աղջկա մարագի դռնից։

Ճանապարհին Սանդուխտն առաջից էր գնում, Շահանն ու Օհանը միասին, Օհանի տղան հետևից։ Ծանրաշարժ ու ծանրամիտ էր Օհանի տղան, ոսկորը պինդ։ Խոսելիս պռոշը կախում էր. դրա համար էլ պռոշի անկյունից ծլոլն էր թափվում, որպես կտուրի նովդան։ Նայում էր Սանդուխտին, զոլավոր դեյրին, և ծլոլն ավելի շատ էր թափվում պռոշի նովդանից։

Շահանը ճանապարհին պատմեց բժշկի ասածը՝ սպասելու մասին, բայց Օհանը կտրուկ հայտնեց, որ սպասել չի ուզում։ Աքարում աղքատ աղջիկ շատ, ավեր կալ ու մարագ լի։

− Թող ապրեն, որ հասակն առավ, էն ժամանակ տանենք զագս․ օրենքն ի՞նչ պիտի իմանա։ Դու հիմա պայմանը կապիր...

Այդպես էլ արին։ Սանդուխտին լացով ու խաբելով տարան, մայրը մինչև լույս մնաց նրա մոտ, խոստացավ ամեն օր գալ, ծեծով սպառնաց, մայրն էլ լաց եղավ։ Լուսադեմին Սանդուխտը կոտրեց իր խոսքը և վախով նայեց Օհանի տղին, որ ցորենով լի ջվալների մոտ պառկել, խռմփացնում էր։

Հաջորդ գիշերն էլ լաց եղավ Սանդուխտը, բայց գլուխը խոնարհեց Օհանի տղի հետ մի բարձի վրա։ Լուսաբացին սփրթնած, արցունքն աչքին մոր մոտ վազեց, փաթաթվեց նրան, բայց մայրը ետ բերեց, դարձյալ համոզեց։

Ղազախի Օհանը նորոգել էր կոտրած գերանները և քար թափել Հանեսի աղջկա կալ ու մարագի մոտ։

* * *

Չորս ամիս անցավ։ Աքարի պատմության համար չորս վայրկյան էլ չէր անցած ամիսները։ Էլի հաճար էին ուտում, իսկ նորոգած մարագը մատնաչափ չէր փոխել գյուղի ընդհանուր տեսքը։ Սանդուխտը հաշտվել էր վիճակին, անխոս էր մնում, եթե հարց տային, գլխի շարժումով էր պատասխան տալիս։ Թվում էր, թե ոչ միտք ունի և ոչ էլ ցանկություն, լիմոնի տրորված կճեպ է, անշունչ մի իր։ Ինքն իր մեջ էր ամփոփվել, հայրական տունն էլ չէր գնում։

Եվ հանկարծ զգաց, որ կրծքի տակ մի բան է շարժվում։ Վախեցավ, ձեռքը սրտին տարավ, հանգստացավ։ Թվաց, թե ջրի մի կում շարժվելով կորավ կրծքի տակ։ Մի քանի օրից հետո նորից շարժվեց, և մի կասկած սողաց այդ շարժումի հետ։

Սանդուխտը մայր պիտի դառնար։ Մարմինը լարում էր բոլոր մկանները, հավաքում բոլոր հյութերը, արագորեն զարգանալու և հարմարվելու նոր վիճակին։ Նա նմանվում էր խնձորենու մի ճյուղից կախված փոքրիկ խնձորի, որին արևը կարմիր գույն էր պարգևել, բայց նիհար ճյուղը հյութ չէր հասցրել, որ մեծանա, հասունանա։

Ջրի գնալիս՝ մանկամարդ մի ուրիշ հարս Սանդուխտին սովորեցրեց, թե ինչպես են վիժում։ Սանդուխտը նախ վախեցավ, բայց հետո, երբ կուժը տեղը դնելիս կռացավ ու նորից կրծքի տակ շարժվեց, մի վճռականություն եկավ վրան։

Կատարեց այնպես, ինչպես հարսն էր պատվիրել։ Սոված մնաց երկու օր, երրորդ օրը դեղին ծաղկի ջուր խմեց և երբ փորում անասելի ցավեր զգաց, շրթունքներն ու փոքրիկ բռունցքները ցավից սեղմելով, աննկատ վազեց գոմը, դուռը դրեց։ Ցավը թնդելիս պիտի քարով խփել փորին...

Երեկոյան նախիրը հանդից տուն եկավ։ Ղազախի Օհանը գոմի դուռը բաց արեց, հենց դռան մոտ արյուն տեսավ և հարսին՝ ուշաթափ ընկած։

Սանդուխտին տուն տարան։ Լուսադեմին արյան վերջին կաթիլի հետ թռավ և նրա շունչը։

Շահանը լաց եղավ, գերեզմանի մոտ էլ, տանն էի։

Այդ գիշեր նրա ծամերից մի փունջ սպիտակեց։

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Village Yard
Village Yard
Play Online