«Օրորոց... դա է առաջին դպրոցը մարդկանց որդիների։ Օրորոցի երգը... առաջին դասը, որ մայրերը խոսում իրենց երեխանների ականջին։ Մանուկը իր ընտանիքի ծոցում է ստանում կյանքի հիմնական առաջին դաստիարակությունը՝ երբ նա դեռ անխոս, մի ծծկեր երեխա է, կըդիտի իր ծնողների նիստ ու կացը, շարժ ու ձևերը, նրանց վերաբերումը և նրանցով կտպավորվի, կկերտի իր կյանքի առաջին քայլերի ընթացքը, հար և նման իր ծնողների կենցաղին։ Առաջիկայում, դպրոցի մեջ կկատարելագործվի իր ստացած ընտանեկան դաստիարակությունը, ուսյալ լինելու համար, կրթված, գիտակից ու պարտաճանաչ մեկը՝ ընտանիքին, ազգին, հայրենիքին և մարդկությանը ծառայելու պատրաստ։»
Հայ ժողովուրդն այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը։
Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ։ Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակություն։ Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը։
Ոչինչ արտահայտությունն այնպես ճշտությամբ չէ թարգմանում սրտի հատկությունները, որպես երգը։ Մի ստրկացած ազգի երգը նույնպես տխուր է, որպես նրա կյանքը։
Օտարի օգնութունից մեզ շահ չկայ։ Դժբախտ է այն ազգը և դժբախտ կը մնայ, որ օտարի օգնութեան կարօտ կլինի։ Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի։ Նա պէտք է տասը բան առնէ մեզանից, որ մի բան տայ։
Կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունենա արդար և հավատարիմ բնության հետ։
Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է։
Բանաստեղծը ազատ է, նա չի պիտի լինի պատմության ստրուկը։ Եթե նա ամենայն ճշտությամբ կհետևի ճշմարտությանը, այլևս չի լինի նա ստեղծագործող, բայց միայն արտագրող։ Նա մինչև անգամ շատ դեպերում իրավունք ունի ոչնչացնելու պատմության փաստական ճշմարտությունը, որովհետև նրան պետք են գաղափարական ճշմարտություններ։
Ռոմաններն են այն կախարդական հայելիքը, որոնց մեջ ազգերը տեսնում են իրենց դեմքը։
Ով չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարիտ սիրել այն։
Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց։
Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը։
Մի ազգի և ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշմարտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա գրքերը։
Մենք ամեն ինչ դպրոցից ենք սպասում, բայց ժողովուրդը ինքը մի մեծ դպրոց է, որին պետք է կրթել, որին պետք է ուղղություն տալ... Իսկ դա այլ կերպ չէ կարող անել, եթե չենք տա նորա ձեռքը ընթերցանության գրքեր։
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ։
Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան։
Բանստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գործվածքները ազգի թե ոգևորողը և թե ղեկավարողը պետք է լինեն։
Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից։