Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։
Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, նստի ու պարապի։ Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը։
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը։
Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։
Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է։
Արևը ստվեր չի տեսնում։
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։
Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես։
Գրականությունը ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
Ես՝ որպէս հայ գրող և հայ Գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վերաբերմունքը դէմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարևոր խնդրում։ Պարոն Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ։ Բայց Հայաստանի Լուսժողկոմը որտեղը՞ց է իմացել, թէ և՛ Աբեղեանը, և՛ ինքը Լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել։ Պարոն Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է, հետևաբար Լուսժողկոմի հրամանը անընդունելի է։Եւ եթէ էսպէս է, ապա նրան՝ Լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, յետ վերցնել իր արած կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց և դնել քննութեան։
Նոր ուղղագրության անցնելու ԽՍՀՄ պատվերի վերաբերյալ, 10 ամիս նախքան մահը, 1922 մայիսի 17
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը ենքան մեծ ու բանական լինի, որմի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
Մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու. մենք՝ կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք կողք կողքի, ինչպես մեր հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ միմյանց թիկունքին և իրենց հիմքերով միացած։
Թշնամությունը մեր ժողովրդի մեջ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը՝ բնական ու շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում։
Թանկագի՛ն ուսուցիչներ և սիրելի՛ աշակերտներ, դուք էլ կռվում եք այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն և ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս, արդարություն։
Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ։
Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է։ Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ։
Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։
Մեր ապագան, ինչպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատ, էնքան լավ, թե մեզ համար, թե աշխարհի։
Կյանքը, նույնիսկ բանաստեղծի կամքին ու քմահաճույքին հակառակ, յուր կնիքը դնում է նրա գործերի վրա, յուր ձայնը լցնում է նրա հոգին։
Գրականություն, տպագրական խոսքը մի անհատի, մի ժողովրդի, մի ազգի հոգեկան կարողություն է, որ հանդես է հանում։
Եթե այդ անհատը կամ ժողովուրդը ունի բարոյական մի կոչում, կյանքի մի վսեմ խորհուրդ, յուր մեջ կրում է աստվածային տարր, նրա խոսքն էլ, անշուշտ, կլինի արտահայտության մաքրության, վեհության, ճշմարտության, բանական, անկաշառ դատողությունների, անկեղծ ու վսեմ մտածմունքների և գեղեցիկ զգացմունքների։
Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհի առջև։
Իզուր ջանք է՝ անտաղանդ մարդկանց օգնել՝ գրող դառնալու համար։ Իր եղջյուրները պախրան ինքը պիտի շինե։
Բանաստեղծությունը չի գրվի հանգով և վանկով, այլ՝ սրտով ու զգացմունքով։
Գրականությունը հայրենիք չունի, բայց յուրաքանչյուր հայրենիք ունի իր գրականությունը։
Ամբողջ մարդկությունը մի ընտանիք է։ Ժողովուրդները այդ մեծ ընտանիքի անդամներն են։ Գնում են մի նպատակի, և ամեն մեկն ունի իր դերը՝ երջանիկ դարձնելու ամենքին և ամենքի երջանկությունը դարձնելու մեկի երջանկությունը։
Չէ՞ որ պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհին։
Իրեն ճանաչելը ամենամեծ հաղթանակն է։
Լավ մարդ էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է և ամենահազվագյուտը։
Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացմունքը։ Մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Եվ ինչքան սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված է իր լավ գործերով։
Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է։
...Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։
Միշտ լավ է, երբ մարդ զգում է, որ մի թանկ բան ունի, որտեղ ուզում է լինել։
Այդպես է, փոքրիկ արարածներն են կյանքը թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ։
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են։
Չէ՞ որ աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար։
Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտակցությունով ու լուսավորությունով ճոխացած. ահա թե ո՛րն է մարդը։
Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստոթյան, վեհության։ Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է։
Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է։
Ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ։
Թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, ու մենք երազկոտ ժողովուրդ ենք։
Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը։
Թանկագին ուսուցիչներ և սիրելի աշակերտներ, դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս և արդարություն։