Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։
Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։
Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։
Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։
Տես արծւենի ազգերում Հայն էլ ազգ է արծւօրէն Ուստրս, դու որ չճախրես Էլ ո՞վ ճախրի հայերէն։
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս, Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,- Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար, Թէ պիտ խօսես օտար լեզուով, Խմես հայոց գինին նեկտար, ...Կենաց կանչես օտար լեզուով, Քաղես հայոց վարդերն ու հեզ Աղջիկ կանչես օտար լեզուով։
Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։
Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում։
Մեր լեզուն մեր ազգի բոլոր գրողների բառապաշարի միասնությունն է։ Ամեն մի մեծ գրող մի հորդառատ գետի է նման, և բոլորը միասին, տարբեր լեռնաբարձունքներից գալով, ստեղծում են ծով-մայրենին։
Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։
Ավելի քան իմ գրական 45 տարվա մեջ հյուսածս ծիածանի մեկ կամ երկու գույնն են միայն «տեսել» և ասել։ Մասնավորապես, քննադատները չեն խորանում մյուս գույներիս մեջ։
Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։ ...Ժողովրդի մտքի «անմշակ» հանճարն է, որ երբեք չի սխալվում։
Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։
Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները։
Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, - Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել, Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա Համբույրներիդ գինին սրտանց վերցնել։
Ամեն մի ապրող բանաստեղծություն այս կամ այն զգացմունքի ալեկոծումից ծնված բախմունք է, հետևապես վիշտ է կամ տվայտանք, կարոտ է կամ կարոտի հառաչանք, երազների փլուզում է կամ թե անհաս երազանք, բախտի կամ սիրո որոնմունք։ Ամեն մի զուտ, ճշմարիտ պոեզիա ավելի վշտածին է, քան ծափածին, հույսից է ծնվում, քան առավելյալ լույսից, ըղձանքից, քան գովքից, մարգարեությունից, քան կատարվածից։
Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ...
Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը... այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։
Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում։
Բանաստեղծությունը ծաղիկն է, որը իր մեջ է թաքցնում արմատը՝ միտքը։
Բանաստեղծությունը..., իմ կարծիքով, պետք է լինի ինչքան պարզ, այնքան խոր, ինչքան խոր, այնքան պարզ։ ...Բանաստեղծության երաժշտականությունը ինքնին արդեն բանաստեղծության թագուհին է։