Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։

Անհատականություն

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։

Պոեզիա

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ։

Ստեղծագործական աշխատանք

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։