Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ

Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...

1908