Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Վահագն

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար...
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: - Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու... Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ...

1916