Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա
Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում...
Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:
Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ ու հեզ...
Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան...