Մայրիկիս
«Դու մեզ հետ էիր և երազ դարձար...»
Դու մեզ հետ էիր և երազ դարձար,
Երբ առկայծում էր պաղ վառարանի
Կրակը վերջին:
Մենք մենակ էինք փոքրիկ ու տկար,
Եվ դու գնացիր այնքան հուսաբեկ,
Այնքան հուսախաբ
Բախտից ապիկար,
Երբ առկայծում էր պաղ վառարանի
Կրակը վերջին:
Բայց ապրեցինք մենք ու հասակ առանք,
Ու հասակ առավ, ամրացավ մեզ հետ
Երկիրը մեր ջինջ։
Գիտնական դառած հիմա որդին քո,
Չափում, ձևում է
Աստղերի հեռուն,
Իսկ ես պոետի անեղծ բերկրանքով
Կյանքն եմ ներբողում
Իմ լույս երգերում:
Բայց նրա անհուն երկնակամարում,
Մի աստղ է անվերջ փայլում ու մարում,
Իսկ իմ երգերում՝ ջերմ ու սրտաշող,
Ծխում է անվերջ հարազատ մի տող:
«Մենակ մի օր լուռ ու մունջ...»
Մենակ մի օր լուռ ու մունջ
Ել, կանգնիր իմ դեմ.
Մենակ մի օր մոր աչքով
Հոգուս մեջ նայիր:
Ինչ ունեի ողջ առան,
Բայց ինչ տվին, չգիտեմ
Մենակ մի օր,
Գեթ մի օր
Մայր ունենայի։
Մենակ մի օր քո կյանքի
Աստղիկը շողար,
Միշտ կարոտ ու կարկամած
Հոգուս երկնքում.
Ես աշխարհի հրկիզվող
Բերկրանքը թողած,
Սրտիս բոլոր ծալքերով
Լաց լինեի քո գրկում:
Այս երազը երկնային
Թող ինձ կյանքը տա,
Ես լաց լինեմ աշխարհում,
Աշխարհը խնդա.
Մենակ մի օր լուռ ու մունջ
Ել, կանգնիր իմ դեմ:
«Ասում են թե մահամերձ...»
Ասում են թե մահամերձ
Մայրս վերջին իր շնչում
Լուռ խնդրել է ինձ իր մոտ...
Չգիտեմ ինչու...
Նայել է բորբ արևին
Ու ցույց տվել ինձ,
Բայց շուրթերից
Սառն ու փակ
Չի լսվել ոչինչ։
Պառավ կանայք են եղել
Վճռել են լռին,
Որ խնդրում է արևին
Ինձ որդեգրի:
Մահը թողել ինձ հեռու
Փարվել է նրան
Վերջալույսն է ծունր իջել
Սնարի վրա:
Հիմա պայծառ արևին
Մայր եմ ասում ես,
Որ նայի ինձ մոր նման
Սրտավառ ու կեսը
Եվ գուցե թե ինձ ասի
Որևէ մի օր,
Խոսքերը փակ շուրթերի
Անամոք իմ մոր:
ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Թողնեմ ես մի պահ իմ ջռայլ սերը
Եվ անցուդարձը ողջ աշխարհի,
Երգեմ մայրիկիս մաշված մատները,
Հայացքը՝ հոգնած, դեմքը՝ բարի:
Թողնեմ ես մի պահ իմ շռայլ սերը,
Ուրախ ցերեկը մեր փողոցի,
Երգեմ հոգնած մոր անքուն գիշերը՝
Չոքած առջևը օրորոցի:
Եվ ամենօրյա լուռ այն հոգսերը,
Որոնց մանրուք են միշտ անվանում,
Եվ որոնց համար վաստակողները
Ոչ մի աստիճան չեն ստանում:
Որ անսկիզբ են, անվերջ են, անծայր,
Անձև, աննկատ ու անանուն,
Որով իր տան մեջ ամեն մի մայր
Աշխարհն է ուսին առած տանում:
Թողնեմ ես երգի բոլոր ձևերը,
Մարդկանց հույզերը, կոչումն ու դերը,
Թողնեմ արևն ու աշխարհը լայն,
Երգեմ մայր կոչվող
Անհատնում սերը,
Ամենավե՛րը`
Աշխարհում այն:
«Ամեն մեկիս...»
Ամեն մեկիս
Հոգու խորքում
Ջինջ մի ակունք,
Պարզ մի կոհակ,
Մաքուր
Մի հուն է հարկավոր,
Մի ապավեն
Ուղիղ, շիտակ,
Կուռ մի հավատ
Խորունկ ու տաք,
Հոգու խորքում
Լույսի մի ջահ,
Պահող
Մի սյուն է հարկավոր:
Ի՞նչ ենք այսպես
Հասնում երկինք,
Տիեզերքներ
Տալիս իրար,
Հրաբխում
Հազար գույնով,
Ու փշրված
Գավւ իրար:
Երկար-երկար
Այս հին կյանքում,
Դարեր քաշող
Տառապանքում
Ամեն մեկիս
Մի ճառագայթ
Երջանկություն է հարկավոր։

