Քեզ գտա նորից, թեև չգտա
Քեզ գտա նորից, թեև չգտա՝
Քառաթև ուղու բախվող ճամփեքին,
Ու կարծես ինքս ինձնից հեռացա,
Լուռ կղզիացա ես հենց իմ կողքին:
Բախվեցին իրար հայացքները ﬔր,
Մի ակնթարթում էջեր թերթվեցին,
Խոցված հայելուս` նորից կաթոցներ...
Ու ենթարկվեցի ծանոթ տարերքին:
Լուռ նայում էինք անծանոթի պես
Ծանոթ աչքերով՝ սառն ու բոցավառ,
Այրված կամրջի թռիչքը կարծես
Մեզ դարձրել է հարազատ օտար:
Նույն գարունն էիր, աշունը սրտիս,
Շողեր արձակող ջերմացնող արև,
Եվ ի պատասխան տանջվող ժպիտիս`
Մեղմ շշնջացիր ﬕ քնքուշ բարև:
Երկինք հառնեցին մտքերս խռով,
Մոխրացած հույզս սուրբ աղոթք դարձավ,
Գնում եմ անդարձ, բայց քեզ օրհնելով,
Եվ հեռանում եմ ճամփեքով խոնավ:
Քեզ գտա նորից, թեև չգտա`
Քառաթև ուղու բախվող ճամփեքին,
Ու կարծես ինքս ինձնից հեռացա,
Լուռ կղզիացա ես հենց իմ կողքին: