Ռումբ
(Դիվանագիտական տեսիլք)
Վերջապես հայկական հարցը լուծվեցավ․․․
Մի զարմանաք‚ այո՛‚ լուծվեցավ։
Բանն այսպես պատահեցավ։ Եվրոպական դիվանագիտությունը մի կամք, մի հոգի‚ իրենց բոլոր գիտական ու բարոյական հասակով կանգնած‚ որոշում կայացուցին մինչև երեկո՝ արևի մտնելը այնպես մը ընել‚ որ “Հայկական հարց” գոյություն չունենա աշխարհիս երեսին։
(Շատ հետաքրքիր է, տեսնենք ատ ինչպես կըլլա)։
Հա՛։ Է՜‚ ատ ի՞նչպես ընենք‚ ի՞նչպես չընենք‚ ըսին ու որոշեցին անմիջապես կանչել Պողոս փաշային‚ Ահարոնյանին և “դատի” մնացյալ բոլոր ժառանգներուն, անոնք‚ որք այդ “դատով” կապրին, ու խոսել հետերնին։
-Ըսե՛ իրենց‚ որ այսօր մինչև իրենց դատը չլուծվի՝ արևը մայր չի մտնի‚ - պոռացին կանչողին ետևեն։
Հայ պատվիրականությունն այս լսելով՝ հանկարծակիի եկավ‚ այնպես ինչպես մեկը քսանչորս ժամվա ճամփորդության համար պատրաստություն տեսնե ու հինգ վայրկյանեն ըսեն՝ հասար։ Սանկ տեսակ մը կըլլա մարդ։
Դատի լուծումն իդեալն էր իրենց‚ սակայն մենք գիտենք‚ որ իդեալներուն այսքան շուտ հասնելը քիչ մը․․․ անհարմար է։ Բայց ինչ ալ ըլլար՝ “մինչև երեկո”։ Անգլիան մինչև իսկ ձեռքը պեխերուն էր տարեր (որը ածիլված էր) ու ըսեր էր՝ “ասոնք կկտրեմ‚ եթե չլուծեմ”։
Ելան գացին։ Ի՞նչ ընեին‚ խոմ մարդուն պեխերը կտրելուն չէին կրնար պատճառ դառնալ։ Շարքով կեցան դիվանագիտության առջև‚ ըստ իրենց ընկալյալ սովորության‚ ձեռքը խաչաձև‚ վիզը քիչ մը ծռած դեպի վեց վիլայեթները։
-Ո՛չ‚ ո՛չ ամենևին։ Կանգնեցեք ուղիղ‚ հպարտ‚ մինչև իսկ անպատշաճ։ Կուզեք պառկեցեք (ինչպես բժիշկները մեռնելու հիվանդին կըսեն‚ ինչ կուզես կեր) ձեր դատը լուծվելու է այսօր‚ - գոչեց վճռական դիվանագիտությունը։
Երբեք այդ դեմքով չէին տեսած դիվանագիտությունը։
-Կերևի ձանձրացել եք մեզմե։ Ձեզ նեղություն պատճառեցինք․․․
-Եթե չեք վիրավորվի՝ այո՛‚ սաստիկ։ Մինչև անգամ ավելին- Եվրոպիո մեջ կամ մենք՝ կամ դուք։ Այսքան հոգով‚ կանանցով‚ երեխաներով գալ‚ տարիներով մեկի տունը նստել՝ ներեցեք ըսել․․․
-Գիտենք‚ չըսեք ալ գիտենք‚ որ անվայել է‚ - կտրեց Պողոս փաշան ու Ահարոնյանին դառնալով՝ խիստ ցածր.
-Ես որ կըսեի կնիկդ ետ ճամփե․․․
-Ինչո՞ւ‚ դուն 60 տարու ես չես ճամփեր։
-Այդպես կընեք‚ որ այսպես կըլլա։
-Լավ‚ կարճ կապե․ (Դեպի դիվանագիտություն) Ձեր ողորմած կամքը թող կատարվի։
-Բոլո՞րդ եք դատին պաշտպանները։
-Բոլորս։ (Չեմ գիտեր Պողո՞սն էր ըսավ, թե Ահարոնյանը)։
-Լավ մտիկ ըրեք‚ քնած մարդ չըլլա ներսը։
Պատվիրակները երկու հատվածի բաժնվեցան‚ Ահարոնյանը իր մարդոց հաշվեց։ Պողոս փաշան՝ իր։ Երկուսի հաշիվները չնչին տարբերությամբ ճիշտ դուրս եկան (Պողոսը Ահարոնյանին չէր հաշվեր․ Ահարոնյանն ալ Պողոսին)։
-Ճիշտ է‚ - ըսին միասին։
Ան ատեն դիվանագիտությունը թշերն ուռցուց‚ ոտքի ելավ‚ կում մը ջուր առավ բերան (ուրեմն ճառ պիտի խոսեր) ու անշարժ կեցավ։
Պատվիրակության կռնակն ի վեր սողաց բարակ դող մը‚ ու պաղ քրտինք մը վերեն սկիզբ առնելով վար կուգար։
-Դիվանագիտությունս միաձայն որոշեց հայկական հարցը արմատապես լուծելու համար‚ վերացնել Հայաստանը երկրագնդի երեսեն․․․
Ունկնդիրներիս ոտքի տակ ռումբ պայթեցավ (այս խոսքին վրա Ահարոնյանը կուզեր վար իյնալ‚ բայց տեսնելով‚ որ Պողոսը կենդանի մնաց՝ ինք ալ չմեռավ․․․ ու մինչև անգամ խոսեց)։
-Մեր էքսպերտները‚ հարգելի միսթր‚ պիտի ցուցնեն, որ ատիկա համարյա անկարելի է։ Այդ երկիր մենք ավանդ ենք ստացեր Նոյեն‚ ինչպես ձեզի ալ հայտնի է‚ տապանը Մասիսին վրա իջավ։ Հետո‚ կարծեմ գիտեք‚ որ Աստված դրախտին մեջ հայերեն է խոսեր (կուզեր բանալ Չամչյանը), հետո‚ հետո․․․ (Պողոսին մշտելով) երկու փաստ ալ դուն հիշե։
-Գիտեմ‚ գիտեմ‚ - առանց լսելու‚ խոսքը կտրեց դիվանագիտությունը, - ձեզ ի պաշտոնե կիյնա փաստել։ Համեցեք առանձնասենյակս‚ - ըսավ ու ներս քաշվեցավ։
Սենյակին անցքը նեղ ըլլալով‚ Պողոսն ու Ահարոնյանը կես ժամու չափ չկրցին ներս մտնել‚ վասնզի Պողոսն կաթողիկոսի ներկայացուցիչն ըլլալով‚ չէր կրնար Ահարոնյանեն ետքը մտնել‚ իսկ Ահարոնյանն ալ իր կարգին անդրանիկ կառավարությանը փոխանորդն ըլլալով‚ անհարմար կսեպեր վերջը երթալ։ (Ու թեև վերջը մտավ‚ բայց ելնելուն ուշք վրան պահեց‚ որ Պողոսեն առաջ ելնե)։
-Հա‚ սիրելիք‚ - այս անգամ արդեն‚ մտերմորեն շարունակեց դիվանագիտությունը։ Հայ‚ Հայաստան‚ կըսեք ու կքալեք։ Երկրիս երեսին հավերժական ժառանգություն չկա։ Կըսեք Նոյեն եք առեր‚ Նոյի՞ն ով էր տվեր․ Աստվա՞ծը։ (Ժպտաց)։ Թույլ տվեք նկատել քիչ մը․․․ քիչ մը․․․ Աստված գոյություն չունի։ Երկիրը ով տիրեց‚ իրենն է‚ ուրիշ արդարություն չկա։ Ձեր երկիրն առաջ խալդիներունն էր‚ ի՞նչ իրավունքով քշեցիք ու տիրացաք երկրին։ Ան ատեն‚ քշեցիք, հալալ էր ձեզի‚ բարի վայելումն։ Պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցեր‚ երբ թույլ՝ կորսնցուցեր։ Հիմա թույլ եք։ Մեզի կըսեք եկեք կռվեցեք թյուրքերու հետ և երկիրն առեք տվեք մեզի։ Լավ‚ կռվին մեջ զոհեր կիյնան‚ ես ո՞ր անգլիացի մորն ըսեմ‚ տուր քո երեսուն տարեկան տղայիդ, որը չորս փոքրերու հայր է, տանեմ հայերու համար սպանեմ‚ որ անոնք կառավարություն ըլլան‚ Երևանին մեջ պառլամենտ կազմեն ու ծալապատիկ զրույցի նստեն։ (Ներքին զայրույթ)։
Դիվանագիտությունը կում մը ջուր խմեց։
-Կըսեք թյուրքերուն հետ գեշացեք։ Կրնա՞նք։ Չէ՞ մեր ապրուստը մահմեդական ժողովրդի վրա է։ Երեք հարյուր միլիոն են (մարդ‚ հայկական չեք չհասկնաք)‚ միլիոն մը հայության համար ելնենք անոնց խաթրը կոտրե՞նք։ Դժգոհ ժողովուրդ կառավարելը դյո՞ւրին բան գիտեք։ Եթե Հայաստանը ձեռքերնեն առնենք դժգոհ կմնան․ կոտորե՞նք բոլորին։ Երկրագունդը կամայանա։ Մեզի կըսեք զսպեցեք մահմեդականությանը‚ որ մեզի չդիպնան։ Լավ‚ բայց ատ ի՞նչպես‚ ան մեծ‚ դուք պզտիկ‚ քով քովի կպառկեք‚ մեկ ալ գիշերը դուրս երթալուն ոտներդ կկոխե‚ կամ անզգույշ շարժումով մը արմունկը աչքերուդ կզարնե․ դե ելիր ապացուցե‚ որ դիտմամբ ըրավ․․․ Ազատեցեք մեզի, ի սեր Աստծու, վերջ տվեք․․․
-Ի՞նչպես կուզեք‚ որ ընենք։ Մեր աշխարհ գալը թյուրիմացութուն ըլլա ըսես․․․
-Եկեք ձուլվեցեք եվրոպական ազգի մը հետ, լմննա երթա։
-Ինչպես․․․ ալ հայ ազգ չըլլա՞։
-Չըլլա։
-Հետո․․․ այլևս արևը պիտի ծագե՞ երկրագնդիս վրա։
-Անտարակույս։
-Երկիրը իր առացքին շուրջը դառնա՞ պիտի։
-Այո։
-Այո‚ դառնա պիտի‚ բայց ով գիտե քանի ժամեն․ քսանվեց‚ քսանյոթ․․․
-Կհավատացնեմ ձեզ‚ որ դարձյալ 24 ժամվա մեջ։ Ա՜յ հիմա կհեռագրեմ ու աստղաբաշխներեն կիմանամ․ թող գիտությունը խոսե։
Ու ելավ հեռագիր մը խփեց Իտալիո Ֆիջինո աստղադիտարանին տիեզերագետ Ջեկսոնին այսպես․ “Կխնդրեմ ամենակարճ ժամանակի մեջ հայտնեք․ եթե հայ ազգը երկրիս երեսեն վերանա՝ հաջորդ առտու արևը պիտի ծագե՞, երկիրը պիտի դառնա իր առանցքին շուրջը և քա՞նի ժամվա մեջ”։
Պատասխան։
“Հեռագիրնիդ առնելուն պես դիտարանը ելա‚ ամենամանրազնին դիտողության ենթարկեցի տիեզերքը։
Եթե հայ ազգը անհետի‚ արևը պիտի ըստ սովորականին ծագե‚ իսկ գալով երկրին‚ հավանականություններ կան‚ որ իր առանցքին շուրջ պտտելու գործը 23 ժամեն վերջացնե‚ հայ ազգին նման ծանր բեռ մը իր ուսերեն վերանալուն պատճառով։ Խորին հարգանոք՝ Ջեկսոն”։
-Տեսա՞ք‚ - ըսավ դիվանագիտությունը‚ բարձրաձայն կարդալով հեռագիր-պատասխանը։
-Աղեկ‚ բայց չէ՞ որ ազգերը քաղաքակրթության պսակին մեջ ուրույն ծաղկեփունջ կներկայացնեն․ ա՞տ ինչ ընենք։
-Ջանըմ հոգ չէ‚ մենք քիչ մը ավելի կաշխատենք ու ձեր պակաս թողուցածը քաղաքակրթության մեջ կլրացունենք։ Ատ մեր պարտքը։ Ալ ըսելիք ունի՞ք։
-Ունինք‚ - ըսավ Պողոսը‚ դիվանագիտության ականջին մոտենալով, - քանի որ վճռեր եք անպատճառ ազգ մը ջնջել երկրիս երեսեն‚ եկեք սա Գերմանիան ջնջեք‚ մանավանդ որ հայկական ջարդերուն ալ պատճառն է եղեր․ 60 տարու եմ‚ քանի մը տարի կուզեմ նախագահ ըլլամ․․․ Օր մը եթե Եգիպտոս իջնաս՝ աղեկությանդ տակեն կելնեմ։ Բայց պայման կդնեմ․ եթե Ահարոնյանը պիտի ըլլա նախագահը՝ համաձայն եմ‚ ազգը թող վերանա։
-Թողեք այդ մանր հարցեր‚ աստվածնիդ սիրեք․․․ հա, ուրեմն այսպես․ ձուլվեք եվրոպական որևէ ազգի մը հետ‚ ձեր որդիք կծնեն որպես կիրթ ազգի մը զավակներ․ գիտության‚ գեղարվեստի մոտիկ։ Ձեր միակ փիլիսոփան Ֆրանգյանն է‚ իսկ գերմանացիք‚ որոնց մասին քիչ առաջ կըսեիք ջնջեք‚ երկու որդիներեն մեկը փիլիսոփա կծնեն։ Շատ հեռու չերթանք‚ ահա աս դուն‚ աս ալ ես‚ դուն հայ՝ ես եվրոպացի․ ես քեզմե ավելի գեր‚ ավելի ճերմակ‚ ավելի գիտուն‚ զգեստներս քոնեն ավելի մաքուր ու թանկ․ կխոսեմ անգլերեն‚ մեր լեզուն ավելի ճոխ‚ սեղանիս վրա Շեքսպիրի‚ Բայրոնի‚ Դիկենսի բնագրեր‚ կրոնով բողոքական։ Վնա՞ս եմ ըրեր‚ որ լուսավորչական չեմ ու Փափազյանի “Աբաղայի դաշտում” և Ահարոնյանի “Պուտ մը կաթ” չեմ կարդացեր․․․
-Ահարոնյանը ես եմ․․․ - խոսքը գիլիոտինի արագությամբ անոր խոսքին վրա իջեցուց Ավետիսը։
-Դո՞ւք եք‚ ներողություն․․․ Նոյի տապանը Մասիսի վրա իջավ՝ այդ պատճառով հայ եք ծներ‚ եթե Ալպյան սարերուն վրա իջներ՝ զվիցերիացի կըլլայիք‚ է գե՞շ կըլլար։ Ձեր կովերը 10 ֆունտ կաթ կուտան‚ անոնցը՝ քառասուն։ Հե՞‚ ըսեք նայիմ‚ չե՞ք ուզենա անգլիացի ծնած ըլլալ։ Անկեղծ եղեք։
-Ի՞նչ ըսեմ‚ միսթր‚ մարդս հայ ծնած ըլլալու է‚ որ գիտնա թե հայը ինչ ըսել է։ Լեզվով չի պատմվիր‚ - ակամա առարկեց Ահարոնյանը‚ որը սարսափով սկսեր էր զգալ‚ որ եվրոպացիին ըսածները ճիշտ են‚ և որ ինքը հոգով կուզենար փոխանակ Ահարոնյանի՝ Լլոյդ Ջորջ ըլլալ։
-Օն‚ շտապեցեք‚ արևը մեզի կսպասե՝ որ մտնե։ Եկեք ու ստորագրեցեք վճիռը․ մի մտածեք։ Ենթադրենք թե‚ այս հայ ազգը վսեմ‚ խոշոր‚ անըսգյուտ հատկություններով օժտված ազգ մըն է‚ բայց անզգուշությամբ երեկո մը պաղ քարի մը վրա նստելով սանճի է եղեր ու վախճանվեր։ Փյունիկեցիք‚ որ ձեզմե պակաս ազգ չէին՝ մեռան։
-Պայմանով‚ որ ինձի ամենահյուսիսային հանրապետության նախագահությունը տաք․․․ ամառները‚ - ըսավ Պողոս փաշան գրիչը՝ թաթախելով։
-Ան ատեն ինձի ալ հարավային բևեռի քով տեղ մը տվեք‚ - հարեց Ահարոնյանը։
-Տեսա՞ք‚ -գոչեց դիվանագիտությունը ուրախ։ Ազգին վերացումով դուք այն հարմարությունն ունեցաք‚ որ ալ կրնաք իրար երեսը չտեսնել․ հակառակ բևեռները երթալով. մինչ առջի դրությամբ պզտիկ ազգի մը մեջ քիթ-քիթ պիտի նստեիք ու ազգի սիրուն՝ իրար դատեիք։
Պայմանն ստորագրվեցավ։ Երկիրը ազատ շունչ քաշեց։ Դիվանագիտությունը կերթար ընթրելու‚ ներկայացման հասնելու համար․․․
-Իսկ մե՞նք․․․ -ետևեն վազելով պոռացին ազգային պատվիրակության մնացյալ անդամները, մեզի ալ փոխանցեք ուրիշ ազգի մը վրա‚ անոր դատը պաշտպանենք․․․
Դիվանագիտությունը չեմ գիտեր ինչ պատասխանեց ու դուռը գոցեց։
Այս երազին մեջն էի‚ երբ կատուն պատուհանեն թռավ փորիս վրա ու արթնցա։
Արթնցա տեսնեմ ի՞նչ․ ամեն բան առաջինի պես՝ հայերը հայ ըլլալուն համար կկոտորվին․ հայկական պատվիրակությունը ծնկաչոք կխնդրե՝ դիվանագիտությունը կխոստանա․․․
Գետինը մտնես դուն կատու‚ ինչո՞ւ արթնացուցիր զիս․․․
1922թ․