Մանրապատում
Ուրբաթ օրվա պառլամենտի նիստին պատգամավոր Ազատյանը չխոսեց։ Պատճառը անհայտ է։
Վերջերս հայկական կառավարությունը Թիֆլիսեն ստացավ վագոն մը պաշտոնյա ու մոտ օրերս պիտի բաժանվի ազգաբնակչության վրա։
Քաղաքիս աղքատները ամսի 18-ին հետևյալ գրություն են ուղղեր կառավարության. «Մենք, մայրաքաղաքիս քսանութ հազար աղքատներս, ի նկատի ունենալով, որ օրական մեկ ֆունտ կարտոֆիլով և 60 կոպեկով չենք կշտանար և օրերով անոթի կանցուցնենք, կխնդրենք ետ վերցնեք նպաստի գրքույկները և փոխարեն մեզ ուտելու պաշտոն տաք համապատասխան պաշտոնատանց մեջ։
Որովհետև դրամի կուրսը ինկած է, կոպեկով ու շահիով ոչինչ կարելի է գնել, այդ պատճառով մուրացկանները պատի տակեն կպոռան. «Ողորմությո՜ւն, ողորմացե՜ք, անտեր մայիֆ աղքատ եմ, մեկ պաշտոն տվեք...»։
Խեղճ, ողորմելի մուրացկաններ... մարդուս սիրտը կտոր-կտոր կըլլա... կմտածես` ծո, ախպար, մարդս այնքան թշվառ ըլլա այս քաղաքի մեջ, որ մեկ պաշտո՞ն ալ չունենա։
Խոլերայի դեմ կռվող վարչությունը գրությամբ մը ծանուցանելով խոլերայի վերացման մասին` գլխավոր բժիշկեն խնդրեր է պաշտոնեությունը պարապ չձգելու համար ուրիշ հիվանդություն մը հայտարարել քաղաքին համար։
Բժիշկը հարգելով ծառայողներուն խնդիրքը` քաղաքս բծավոր տիֆի վտանգի տակ է հայտարարած։ Երեկվնե սկսյալ քաղաքիս բոլոր հիվանդները բծավոր տիֆե կմեռնին։
Լսելով պարենավորման կոմիտեի խոստումը եկող ամսեն հացը կես ֆունտ բարձրացնելու մասին` քաղաքիս երիտասարդները ամուսնանալու ձեռնարկներ կընեն, իսկ ամուսնացածները կպատրաստվին սկսել ընդհատված որդեծնությունը։
Այս ծանրակշիռ պարագան ի նկատի ունենալով` կառաջարկեի հիշյալ կոմիտեին անգամ մըն ալ մտածել. եթե չի կրնար իր խոստումը ի կատար ածել, թող զուր խոստումներ չընե, հակառակ պարագային հազարավոր նոր որբերու և այրիներու հայտնության դուռ բանա պիտի։
1918թ.