Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հուսիկ Արա

Դորիան Գրեյի դիմանկարը

Դու իմ Դորիան Գրեյն ես,
ես` քո դիմանկարը, քաղա՛ք.
տարիները խորշեր են թողնում ու կնճիռներ դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ նույնը ու ջահել:
Մեր մանկության բարի կախարդով հեքիաթն էինք նկարում
նրբանցքներում ու այգու ճեմուղիներին՝ հենց մարդկանց ոտքերի տակ,
մինչև պատանության մեր երազի ժամանակը եկավ,
և սկսեցինք նկարել քո ձեռնահաս երկնքում:
Մի ոսկե քաղաք էր, մի բարակ աղջիկ,
և մեր սիրտը` լցված սիրով բերնեբերան.
ու մի գիշեր, հանկարծ, հեքիաթի չար դևը գողացավ աղջկան:
Հետո դափդատարկ իջանք փողոց ու իրականություն.
ի˜նչ հեշտ էր բռնվում պահը ու ամեն փախչող բան.
ամռան օրը երկար լուսաբաց ու մեր թևերի վրա էր.
գետն էինք նետում գարեջրի դատարկ շշերը
ու համբույրները մեր.
երիտասարդ, անհագ կյանքը շուրջօրյա էր ու անգիշեր:
Այդպես մեր սերերը փափուկ օրորում` սիզամարգին պառկած,
ու երբեմն էլ հիշում էինք անցյալի երազը, որ ամպերի մեջ էր քնել,
և աստղերի վրա ինքնագրեր թողնում
չար դևի գողացած աղջկա համար:
Քանի դեռ կա այս հեքիաթը` էլ ի՞նչ ցաﬖ է մեր,
երբ հին մարդիկ` ծեր ու հոգնած թնկթնկում են,
թե` սա մեր քաղաքը չէ,
երեսպատման սալիկների տակ մնաց մերը,
որ հիշողության սարդոստայնում է խճճվել:
Համոզված էինք, որ համաչափ հասակով ենք բարձրանում ես ու դու
և նույն կորագծով էլ իջնելու ենք ձեռք ձեռքի տված:
Հիմա, երբ ցնդել է տեսիլքը պոետական,
քո տեսքով ծերություն են գծում տարիները դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ ջահել՝ կրծքիդ տակ իմ ոգին.
ես քո դիմանկարն եմ,
դու իմ Դորիան Գրեյը, քաղաք: