Ամեն առավոտ
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։