Իմիտատորներ կամ արտաքին կառավարման ռեժիմ Հայաստանում
Խոսքը ամենեւին այն մասին չէ, որ Հայաստանը ղարաբաղցիք են կառավարում: Հայաստանը միշտ էլ ուրիշներն են կառավարել. պարսիկները, բյուզանդացիները, արաբները, մոնղոլները, թուրքերը, ռուսները, լավագույն դեպքում՝ Պետերբուրգով անցած թիֆլիսեցիք կամ Մոսկվային ծառայող բաքվեցիներ: Հիմա էլ, ահա, չգիտես ում ծառայող ֆիզուլեցիք: Եւ երաշխիք էլ չկա, որ ղեկը չեն հանձնի զանգելանցիներին:
Ի դեպ, քիչ է հավանական, որ հայերը հերոսացրած լինեն օտարի կառավարման նպատակահարմարությունը կասկածի տակ առնող անհատներին: Ոնց որ թե մեծամասնությունն էլի կշտամբել է այլախոհին, որը «սեպ է խրում» նույն պետության երկու՝ արաբական ու հայկական կամ, ասենք, հայկական ու բյուզանդական հատվածների միջեւ: Այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ էր Աշոտ Երկաթը աքսորվել Սեւանի կղզի, եւ թե ինչո՞ւ Պապ թագավորին երկու հատվածներով միասնաբար սպանեցին: Բայց պատմությունը թողնենք: Խոսքը այսօր այնպիսի կառավարման մասին է, որ որպես կանոն նշանակվում է սնանկացած բանկի եւ ձեռնարկության վրա: Շեշտենք, որ դա առողջացման ծրագիր կոչված միջոցառումը չէ, որը ենթադրում է կառավարվող հաստատության պահպանումը, այլ կառավարման այն ռեժիմը, որը կոչված է ավարտին հասցնել հաստատության պարտքուպահանջի գործողությունները: Այսինքն՝ լիկվիդացնել:
Հասկանալի է, որ խոսքը Հայաստանը ոչնչացնելու մասին չէ, այլ ուղիղ հակառակը: Պարզապես, այդ կառավարումը վերացնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգի գոյության պատրանքը: Արձանագրում է այդ համակարգի կրախը: Եթե պահպանված լիներ այդ համակարգը, ռեժիմը կլիներ առողջացման, եւ ծրագիրը կստանձներ Համաշխարհային բանկի նման կառույց՝ լիազոր կառավարիչ ունենալով երկրի կառավարությունը: Բայց քանի որ երկրի կառավարման գործողություններից մնացել են բանտային ադմինիստրացիային բնորոշ գործողությունները միայն (նվազագույն կարգուկանոն, նվազագույն սնուցում, նվազագույն ջեռուցում, սանիտարական նորմերի նվազագույն ապահովում-ո´չ բուժում), հետեւաբար եւ արտաքին կառավարումը հանձն են առել Միջազգային կարմիր խաչն ու հումանիտար կազմակերպությունները եւ Քոչարյանին կարգել լիազոր ներկայացուցիչ՝ Մարդու իրավունքների գծով անձնական օգտագործման Հայրիկյանով հանդերձ:
Այդ է պատճառը երբ Երեւանը սնող երկու տասնյակ աղբյուրներից մեկի ակը խցված է լինում եւ դրսի միջոցներով մաքրվում ու մի վեդրո ջուր վայրկյանում ավել է բխում, այդ «աճի» ժապավենը կտրում է Քոչարյանը: Կամ երբ տոմատի նախնադարյան ցեխում երկու չան շուշաթղթել են, կամ ութ տարի կառուցվող դպրոցը մորմոնները իրենց են վերագրել, կամ տեր եւ տիկին Չգիտեմինչյանների անվան ուսանողական լսարանի ռեմոնտը պրծել են: Չի կարելի ասել, որ ժապավենը կտրող պարապ-սարապ ուրիշ մեկը չկա: Հարցը նաեւ այն չէ, թե այդքան առիթ չկա, որ վարչապետին էլ հերթ հասնի: Եւ բանը նույնիսկ այն չէ, թե Քոչարյանը չի թողնի, որ առանց իրեն երկրում մի բան տեղի ունենա, նույնիսկ թութունի պահեստի բացումը: Վերջին հաշվով, այդ պաշտոնի մարդը պիտի ժապավեն էլ կտրի: Խնդիրն այն է, թե էլ ուրիշ ինչո՞վ զբաղվի: Ուրիշ ի՞նչ է մնում անել, եթե ոչ արտերկրյա հիմնադրամների միջոցով արված գործի վրա ժապավեն քաշել, հումանիտար օգնություն բաժանել, նվիրատուների կողքը կանգնել... Բայց դա, խոսքը մեր մեջ, նախագահի գործը չէ, այլ նախագահի տիկնոջ:
... Քանի որ արտերկրյա միջոցների մասին խոսք գնաց, պարզաբանենք որոշ տերմիններ, որպեսզի չշփոթենք գրանտը վարկի հետ, վարկը՝ ներդրումի, ներդրումը՝ կայունացման վարկի, կայունացման վարկը՝ բյուջեի պակասող մասում եռամսյա ներարկումների հետ (որը մարդկային լեզվով նշանակում է թոշակների, նպաստների վճարում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից) եւ մանավանդ չշփոթենք «պարեն՝ աշխատանքի դիմաց» զանգվածային ողորմությունը տնտեսական ծրագրի հետ: Մի իմաստուն ասել է. «Պարզաբանենք տերմինների նշանակությունը, եւ վեճերի իննսուն տոկոսը անիմաստ կդառնա»: Ահավասիկ, փող դնո՞ւմ են Հայաստանի տնտեսության մեջ, թե՞ չեն դնում: Չեն դնում: Որովհետեւ ներդրումներ չեն այն միջոցները, որ հատկացվում են աղբյուրների ակունքը բաց պահելու, ոռոգման ցանցերը նորոգելու, էներգետիկ ցանցը պահպանելու համար: Այդ միջոցները նույնիսկ վարկ համարել չի կարելի, որովհետեւ ժամանակի ընթացքում ներվելու են: Որովհետեւ այդ միջոցները ոչ թե Հայաստանին են տրվում, այլ դրվում են երկրի մակերեւույթի այն հատվածի վրա, որը բնակեցված է եւ Հայաստան է կոչվում: Կարող էր ուրիշ անուն ունենալ: Բայց փող չեն դնում, ասենք, Սահարա անապատի կենտրոնից ձախ ու մի քիչ ներքեւ ընկած 29 հազար քառակուսի կիլոմետր հատվածի վրա, որովհետեւ այնտեղ մարդ չի ապրում: Եթե մարդ չի ապրում, ուրեմն այդ հատվածը չի կարող տեխնոգեն, էկոլոգիական եւ հումանիտար աղետի գոտի դառնալով՝ վտանգավոր լինել հարեւան երկրների համար:
Իսկ Հայաստանը կարող է: Ինչպես նաեւ Եթովպիան: Եւ ուրեմն, երկրագնդի նման հատվածների (տվյալ դեպքում՝ Հայաստանի) վրա միջազգային հանրությունը կանոնավորապես միջոցներ է ծախսում՝ հնարավոր զանգվածային ցրտահարությունների, զանգվածային մահացությունների, հետեւաբար եւ՝ համաճարակների դեմը առնելու նպատակով: Ասել է թե՝ միջազգային հանրությունը երկրագնդի վտանգավոր մասերը հարեւան երկրների եւ շրջակա միջավայրերի համար անվտանգ դարձնելու գործը, այդ տարածքում ապրող ժողովրդի սանիտարական ապահովությունն ու պարենային անվտանգությունը չի թողնում այդ երկրի, մանավանդ Հայաստանի նման երկրի ղեկավարության հույսին: Ահա ինչու այդ միջոցները նույնիսկ օգնություն չի կարելի համարել: Այդ աշխարհն է ինքն իրեն օգնում՝ մեր դեմ: Եւ այդ միջոցները կհատկացնեն միշտ, եթե անգամ մյուս անգամ Հայաստանում իշխանության գան Թուրքիայի քրդերը: Ինչպես նաեւ պետք չէ խաբվել կենտրոնական բանկին կայունացման միջոցներ տրամադրելու փաստից: Եթե միջազգային հանրությունը որոշակի միջոցներ է տրամադրում մի երկրի աղետի եզրին պահելու համար, նաեւ այդ միջոցները տեղ հասցնող մեքենան պիտի պահի սարքին վիճակում: Նաեւ թղթադրամ տպող գրասենյակ է պետք, քանի դեռ ամբողջովին չենք անցել «պարեն՝ աշխատանքի դիմաց» համակարգին. պարեն՝ գրելու դիմաց, պարեն՝ դասախոսելու դիմաց, պարեն՝ օրենք գրելու դիմաց, պարեն՝ ամուսնական պարտականությունը կատարելու դիմաց եւ այլն: Այսինքն՝ պայոկի: Բնականաբար, կառավարության դերը այս պայմաններում սահմանափակված է իրեն իսկ կից գործող հումանիտար օգնության հանձնաժողովի գործառույթով: Կառավարությունը նույնպես այլ անելիք չունի, որովհետեւ չի կարելի կառավարում համարել օդակայանում նախագահ խաղացնելը, տուրիստ հայեր ընդունել-ճանապարհելը, ինչպես նաեւ երկուսուկես դյույմանոց ջրի խողովակի շիթի կողքը հիմար ժպիտը դեմքին՝ կանգնելը: Նաեւ հին բյուջեի տեքստը արտագրելով՝ նոր անուն կպցնելը:
Բայց հույս ունեմ, որ կառավարությունը, գործունեության իմիտացիա անելով, գոնե քրտնում է՝ օրնիբուն ողորմություն խնդրելով ու քծնելով տարբեր պատվիրակությունների, ինչը, սակայն, չի կարելի ասել ազգային ժողովի մասին, որը քծնում է առանց կարմրելու եւ այն էլ՝ մի մարդու: Մի մարդու նման քծնում է մի մարդու: Այո, անցնող բան չէ սարսափը: Եթե այլ պատճառ չլիներ այդ պառլամենտը ցրելու համար, հոկտեմբերի 27-ի սարսափն ու ստորացումը լիովին բավարար են, որովհետեւ միայն հատակին պառկած պառլամենտն է ընդունակ մի մարդու նման, ուղիղ եթերով, այդքան անամոթաբար իր նվիրվածությունը մատուցել Քոչարյանին այն բանի համար, որ այդ օրը ընդամենը 8 մարդ կոտորեցին, ոչ թե՝ 30, թեեւ շատ լավ էլ հասկանում են, որ կոտորեցին հենց նրանց, ում որ որոշել էին:
... Ուրիշ ինչո՞վ են զբաղված պատգամավորները, բացի անհատապես ու խմբակցային քծնանքից: ՀԺԿ-ն, օրինակ, լծվել է այն միակ գործին, ինչին ընդունակ է իր մտավոր կարողության բերումով: Որոշել է դառնալ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի կենդանի խմբակային հուշարձանը: Ճիշտ է, գնալով հազվադեպ են հղում անում «Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի ծրագրերին», որովհետեւ կարող է նեղացող լինի: Կոմունիստներն ու Միաբանությունը՝ նախկին կոմերիտականներից, նախկին ցեխավիկներից, նախկին միլիցիայի (ոչ Խթը-ի) շեստյորկաներից ու դեռ չբացահայտված դաշնակցականներից բաղկացած մի խումբ,-այդ էլ չեն անում եւ տրված են գեշ կույսի՝ մեկնումեկի վրա մնալու (այս դեպքում՝ Ռուսաստան-Բելոռուսի) իրենց մտասեւեռմանը: Միակ աշխույժ ուղեղը էլի Խորեն Թռչունիչն է, բայց մամուլը դատողունակ մարդուց առակախոս է սարքել, այնինչ լուրջ-լուրջ մեջբերում է Հրանտ Ոսկանյանի տաղտկալի երկարախոսությունները ոչ մի բանի մասին: Իսկ դաշնակցական խմբակցությունը, նկատե՞լ եք, չի ժպտում տեսախցիկի առաջ: Այո, եզակի թվով, մի մարդու նման՝ չի ժպտում, իբր, իրենք էլ ժողովրդի մասնիկն են ու սիրտ չունեն ժպտալու: Կեղծ ընդհատակայինի թրաշը դեմքներին՝ կոռուպցիայի դեմ պայքարողի կեցվածք ընդունել՝ տակից դեղի գործ են անում, շուկան Սերժի ու Դավիթ Վարդանյանի հետ իրար մեջ բաժանած: «Մազութի» նաղլը կապել ու մեջը ԱԺՄ-ի հետ չփչփացնում են որպես սատանի փնթի ճտեր եւ Քոչարյանից «նեղանում» են, որ «մինչեւ վերջ չի գնում»: Միտքն այն է, որ ուրանալը ուրանալ է, ինչո՞ւ է կես ճամփին կանգ առնում, թող ա´յդ էլ ուրանա. այն, որ մազութը, վարկերը, մոլիբդենի հանքանյութը՝ գունավոր ու անգույն մետաղների հետ, նաեւ Սեւանի կորսված ջուրը, նաեւ զենքն ու զինամթերքը (որը Հայաստանի բանակին կբավարարեր 20 տարի), վերջապես Հայաստանը՝ իր հազարավոր զավակների արյունով,-այդ ամենը թող ուրանա, որ կապ է ունեցել Ղարաբաղի հետ, եւ դատի մնացած բոլորին: (Հետաքրքիր է, ինչո՞ւ հանգամանալից՝ տոննա առ տոննա, միլիոն առ միլիոն, կիլովատտ առ կիլովատտ, գնացքակազմ առ գնացքակազմ, արյուն առ արյուն չի ուրանում: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ այդ բոլոր «կորուստները» փաստաթղթավորված են եւ ամենեւին էլ պետական գաղտնիք չեն, եւ դրանց մասին տեղյակ են նաեւ մեծ տերությունները):
Եթե այդ է, ինչո՞ւ չի բացատրում, ինչո՞ւ է հիմար վիճակի մեջ դնում իր դաշնակիցներին, որոնք այդպես ժամանակ առ ժամանակ «նեղանում» են Քոչարյանից, իսկ հիմնականում իրենց նախագահի հետ միաբանած՝ անվրդով ձեւ են անում, թե իրենք կապ ունեն Ցեղասպանության բանաձեւերի քննարկումների հետ, եւ ոչ թե դա՝ մեծ տերություններն են իրենց խնդիրները կարգավորում Թուրքիայի հետ, ինչպես հարյուր տարի առաջ են արել եւ ինչպես կանեն հարյուր տարի հետո... Եւ երբեմն միայն խայթվածի նման սթափվում են այն մտքից, որ Լեւոնը կարող է վերադառնալ: Այստեղ Քոչարյանին խնդրում են մի քիչ էլ խաղալ մազութի ու ժողովրդի հոգու հետ: Թույլ է տալիս, նույնիսկ դատախազ է ուղարկում հետները զբաղվելու: Զբաղվում են մինչեւ Քոչարյանը ձայն տա: Համոզված են, որ նա իրենցից լավ գիտի երբ ձայն տա, որովհետեւ ավելի լավ գիտի իրենք սովա՞ծ են, թե՞ քուններն է տանում: Այսպիսի գործիչներով այս վիճակին հասած երկիրը իսկապես մի մարդու, մի վերակացուի, մի թաղայինի կառավարելու երկիր է: Փող են տալիս՝ բաժանում ես, չեն տալիս՝ չես բաժանում, հաց են տալիս՝ աղում ես, սերմացու են տալիս՝ թույլ են տալիս ցանեն, հնձում են՝ հարկը հավաքում ես... Մի մարդու կառավարելու երկիր՝ օրենքի գծով օգնականով, դատ ու դատաստանի գծով օգնականով, ավագ հարկահանով ու գանձապետով: Իսկ Սահմանադրությունը երկիրը տնօրինելուն չի խանգարում: Բանն այն է, որ դրամա-տնտեսական կրախի մեջ հոգի տվող երկրում Սահմանադրական մարմինների գործառույթները անիմաստ են դառնում: Մնում է զբաղվել հասարակական կազմակերպություններին հատուկ գործառույթներով. բարեգործություն, նվիրատվություն, ժողովներ, հոբելյալններ, բացումներ, փակումներ, հուղարկավորություններ, վերաթաղումներ եւ այլն: Եւ գնալով հեշտանում է այդ մարդու գործը: Ուտող բերանը երկրում պակասում է, հումանիտար օգնության ծավալը մնում է նույնը: Վիճակագրությունը թաքցնում է պատկերը, այլապես պարզ կդառնա, որ երկրում մնացած բնակչությունը սովամահությունից փրկվում է միայն գնացողների փայի շնորհիվ: Իսկ հումանիտար օգնություն ուղարկողները ձեւ են անում, թե հավատում են պաշտոնական վիճակագրությանը, որովհետեւ սովամահությունը եւ համաճարակը միջազգային հանրությանը ձեռ չի տալիս նաեւ սեփական անվտանգության տեսակետից: Իսկ մենք արդեն կերել ենք «աշխատատեղերի» հերթական կուտը: Ընդ որում, մեր հիացմունքի առարկա սովետական կրթությունը, որ, իբր, մենք ստացել ենք, մեզ օգնական չի այս հարցում: Կրթությունը մի կողմ, տարրական թվաբանական գիտելիքներն էլ են լքել հայ մարդուն, այլապես կարող էր պարզագույն հաշիվ անել եւ պարզել, որ այն տեմպերով, որ անցյալ տարի էր «աշխատատեղեր բացվում», այդ տեմպով գնալու դեպքում 40 հազար տեղ բացելու համար կպահանջվի 80 տարի: Իշխանության եռանդը կրկնապատկվելու դեպքում՝ 40 տարի, քառապատկվելու դեպքում՝ 20 տարի, տասնապատկվելու դեպքում... Ի դեպ, իրենք էլ, հավանաբար, հաշվեցին ու զավեշտը նկատեցին: Այդ էր պատճառը, որ նոյեմբերին արտասանած թվերը դեկտեմբերին կտրուկ բազմապատկեցին եւ սկսեցին խոսել արդեն բացած հազարներից:
Դուք զարմանո՞ւմ եք, թե ինչու միանգամից չեն ասում, որ 20 հազար տեղը 2000 թվականին արդեն բացվա՞ծ է: Պետք չէ զարմանալ, որովհետեւ խնդիրը ոչ թե ամիսը մի քանի հազար տեղ բացելն է, այլ ամիսը մի քանի հազարի մասին զավզակություն անելը պետական հեռուստատեսությամբ: Տեղ չի բացվելու, բայց հո´ խոսակցությունը կձգվի: Իսկ թե ինչու հատկապես 40 հազար, ոչ թե, ասենք, 90, այստեղ պիտի արժանին մատուցել որոշողներին եւ արձանագրել, որ դա օպտիմալ թիվ է եւ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկի օրոք իրականանալի... Որովհետեւ այն ժամանակ այդքան աշխատատեղ Հայաստանին հազիվ էլ պետք լինի:
.
17.01.2001