Աստղերը մի օր լուսնյակին ասին
Աստղերը մի օր լուսնյակին ասին.
- Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին.
Բանաստեղծները լուսնոտի նման,
Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման…
Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ...
Եվ լուսինն ասաց.
- Մրջյունն էլ է շատ,
Այնինչ առյուծը մի ձագ է ծնում,
Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ,
Աշխարհում լավը միշտ քիչ է լինում,
Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար,
Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։
Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից,
Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ
Ծնվում է մի մոր անմահ ակունքից,
Բայց նա է ցրում ծարավներն հավետ,
Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ,
Բայց, նա է ցրում խավարն անընդհատ,
Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝
Անթիվ աստղերդ, այն էլ դարերով...
Ինչ որ մի հատիկ արևը կանի՝
Չեն կարող անել աստղերն անհունի։