Ես ծնվել եմ ձորերում
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:
Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:
Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":
Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:
Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:
Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:
Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:
Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:
Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:
Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:
Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:
Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:
Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:
Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:
Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան: