Հայաստանի գարունը
Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ,
Այնքան նո՛ր է ու ցանկալի՜.
Ամեն գարուն մի նո՛ր ձայնով
Ու նոր սիրո պե՛ս է գալիս.
- Տե՛ս, հավքերը հազարերանգ
Հին բնե՛րն են վերադառնում.
Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում. –
Հայաստանում նրանց նման
Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում,
Ու բույն շինում, որ միշտ մնան
Հայության բո՜ւյն Հայաստանում...
- Տե՛ս, իր փեշերը հավաքած,
Ձմեռը սա՜րն է բարձրանում,
Ամե՛ն տեղ է սա անկասկած՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում, -
Ձյունից ծնված ամեն առվակ,
Մի գետի չափ գո՜րծ է անում,
Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա
Մեր քարաշա՛տ Հայաստանում...
- Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ,
Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ.
Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում.
Դարավոր սի՜րտն է հայկական.
Իմ աչքերի դեմ մանկանում...
Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ -
Հավե՜րժ է նա Հայաստանում...