Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Նահատակ

I

Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Երկնաբերձ լեռան զառիվայր կրծքին,
Հանգչում է վաղուց մի սուրբ նահատակ,
Կուսական և թավ ծմակի միջին։

Քանդված է մատուռն, քարերը ցրված,
Եվ ավերակի վերա սգառած,
Կանաչ բաղեղով խստապինդ գրկված
Նիրհում էր ուռին ճյուղերը փռած։

Խոնարհված էր խաչն յուր պատվանդանից
Եվ ընկած հեռու սուրբ ավերակից,
Իսկ գերեզմանը մեծ նահատակի
Մամռոտ նայում էր խաշամի տակից։

Գիշերներն այնտեղ կանթեղ չէր վառվում,
Այցելում էին նրան երեները,
Եվ միշտ հանգստյան երգ էր հորինում
Քամին, շարժելով լայն տերևները։

II

Այդ լուռ ու խաղաղ վայրում մենացած,
Երկար ժամանակ աստուծո մարդու
Անշուք շիրիմը մարդկանցից մնաց
Անհայտ և անզարդ, առանց այցելու։

Մինչև որ մի օր աստուծո հրամանով,
Երազ եկավ մի արդար մարդու մոտ,
Թե այս ինչ տեղը թաղված է մի սուրբ,
Ցավերով լիքը երկրին անծանոթ։

Այսպիսի հրաշքով նա հայտնվեցավ
Մարդկային ազգի փրկության համար,
Եվ հռչակավոր ուխտատեղ դարձավ,
Բարձրացավ խորան գեղեցկակամար։

III

Նա անտրտունջ, ասում է հին բանը,
Ինչպես քրիստոնյա բարեպաշտ և քաջ,
Պահելով Տիրոջ սուրբ պատվիրանը,
Գլուխը թեքեց թշնամու առաջ։

Եվ արդար մարդիկ տեսել են աչքով,
Ասում է նույնպես ավանդությունը,
Որ լույս է իջել երկնային հրաշքով
Եվ բժշկում է հիվանդությունը։

Հաճախ բերանովն արժանավորի
Հայտնել է երկրին աստըծո կամքը,
Եվ ժողովուրդը գլխովին տեղի
Ձոնում է նրան իրան հարգանքը։

Բայց և շատ անգամ յուր զորությունը
Նա ցույց է տվել մի պատժով արդար,
Քանդելով մեկի ողջ տեղ ու տունը,
Մարդկանցն անհայտ մեղքերի համար։

Նա է մեղավորին տալիս պատիժը,
Արժանավորին ուզած բարիքը.
Նա է սահմանում, գործքին համեմատ,
Մահկանացուի գլխի գալիքը։

Ահա թե ինչու հայ ժողովուրդը,
Խաչ կամ նահատակ անունը տալով,
Զուր է համարում մարդկային ջանքը,
Նրա մեծ զորքի վերա հուսալով։

Կամ երբ որ տերտերն յուր տուփը ձեռքին
Հայտնվում է նրան կրկին և կրկին,
Առատ շահելով, հանուն սուրբ խաչին,
Նա հավատում է թե՝ փրկեց հոգին։

IV

Անցնում է անցվոր այն մատրան մոտից
Երկյուղածությամբ և խաչակնքում,
Չարատանջ օրով դառնացած սրտից
Այսպես լիասիրտ աղոթում մտքում.

«Ո՜վ սուրբ Նահատակ, գլխովդ պտույտ գամ,
«Դուն հասցնես ինձ ապրուստ օրական,
«Քո մեծ զորքովդ, անգութ, անզգամ
«Թշնամուս ջնջես և առնես կոխան»։

* * *

Հայոց ժողովուրդն ահա խռնված
Հետևում է յուր ծերուկ տերտերին՝
Խաչից խնդրելու, որ բռնված
Երկինքը խնայե իրան արտերին։

Թե մի վարակիչ ցավ է տարածված,
Մարախն ուտում է գյուղացու ցանը,
Աքս «երկնառաք պատուհասի» դեմ
«Օրհնած հողն» է միակ դարմանը։

* * *

Արևը կրակ է թափում վերից.
Հայուհին ընկած խաչի առաջին,
Արյուն արցունք է չափում աչերից,
Օգնություն հայցում, հիվանդ է որդին։

Եվ զարդարում է ջերմեռանդ սրտով
Ծառի ճյուղերը յուր կտրած մազով.
Ուխտում է երկար պաս ու ծոմ պահել,
Ինչպես ազդել է խաչը երազով։

* * *

Ահա մի ծեր կին մաղախն ուսին,
Որդի չի ծնում մանկատի հարսին,
Պիտի յոթն գյուղ «խաչի սեր» ման գա,
Ամուլ արգանդին խաչը պտուղ տա։

Տատի ետևից քողը երեսին,
Ոտքերը բոբիկ, կուչ ու հուպ գալով
Գնում է հարսը գրավը ձեռքին,
Իրավ չըգործած մեղքերը լալով։

* * *

Ահա ուխտավորն ահով ու դողով
Խմբված լսում է պատգամավորին,
Որը պատմում է, իրան ծեծելով,
Ինչ է կամեցել երկինքը որին։

Սրան մուրազը, նրան աշխարանք,
Կամ պահանջում է զոհեր ծանրագին.
Մյուսին ցեղե֊ցեղ նզովք, բանադրանք,
Որ հայհոյել է յուր ընկնավորին։

V

Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Ուր չոր քարն էլ է ծլում, կանաչում,
Տեղացու սիրտը միաժամանակ
Մի գաղտնի երկյուղ հալում է, մաշում։

Նա իրան ուժին դեռ չէ հավատում,
Նա դեռ իրանից դուրս է որոնում
Բարօրությունըն յուր չարքաշ կյանքի
Եվ գոհացումն հասած զրկանքի։

1888