Երբ տեսնում եմ, մարդ տակավին...
Երբ տեսնում եմ, մարդ տակավին
Պահանջածը դեռ չի ստանում,
Եվ հուսահատ գերեզմանին,
Մոլությանն է ապաստանում.
Երբ աչք եմ ածում շուրջս ու հեռու
Եվ չեմ գտնում խաղաղ անկյուն,
Ուր հառաչը տանջվող գերու
Չտարածվեր տխրահնչյուն.
Այնինչ խոսքը մարդու որդու
Արհամարհված ու մոռացված,
Եվ գլուխը ազատ մարդու
Մինչև գետին խոնարհած,
Բարկությունով լցված հոգով
Ես ուզում եմ, որ հենց իսկույն,
Տիրող կյանքը յուր վայելքով
Դառնար ժանտախտ ու մահաթույն...
Թող մեղավոր հարանց շիրմի
Վերա որդիքն անապական
Ապրեն հանգիստ, և թող լինի
Նրանց օրենքն ավետարանն:
1891