Գարնան հրավեր
Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կգա՞ս, իմ ընկե՛ր,
Գընանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...
Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՛ր կաց, վե՜ր, ընկե՛ր,
Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նըրանք ու բուրում այնտեղ...
Կանչում են գարնան
Հավքերն անհամար.
Գընա՛նք, իմ ընկե՛ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև...
1911