Քաջ կիվիվը
Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ,
Կի՛-վի՜վ, Կի՛-վի՜վ...
Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Լագլագի դեմ արշավեցին։
Թևին արավ Լագլագն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ճահճի միջին, առվի եզրին
Մի հատ ոտիս կանգնած էսպես՝
Քաջ Կիվիվի ջըրվորն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Ագռավի դեմ արշավեցին։
Թևին արավ Ագռավն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ծառի ծերին, սարին, քարին―
Սևեր հագած ծընած օրես
Քաջ Կիվիվի երեցն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Սագի վըրա արշավեցին։
Թևին արավ Սագը ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Տիղմի միջին ու մարգերին
Օրոր-շորոր, խոնարհ ու հեզ,
Քաջ Կիվիվի տընտեսն եմ ես»։
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Կըռունկի դեմ արշավեցին.
Թևին արավ Կըռունկն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ամեն աշխարհ, որ աշխարհին
Գարունը գա՝ բանա հանդես―
Քաջ Կիվիվի աշուղն եմ ես»։