Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Վերջին օրը

Եփրատի ափին դեմուդեմ եկած՝
Զարկվում էին խիստ, զարկվում ու զարկում
Աննահանջ ու քաջ խըմբերը հայի
Եվ քուրդն ու թուրքը կիտված արենխում։

Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
«Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձըր լեռների

Ամենից բարձըր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թըշնամու...»
Բարձրացավ ջըլուտ հայդուկը հայի,
Բարձրացավ բարձըր գագաթը լեռան
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին.

«Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչև Տավրոսի լեռները կապուտ,
Մինչև մըշուշոտ պարը Պոնտոսի,

Մինչև բարձրաբերձ ժայռերը Մոկաց․․․
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմա սարերից,
Ծուխ է բարձրանում Վանա կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,

Կըրակ է կանգնած Զեյթունի վըրա...
Ամեն կողմերից թըշնամին գունդ-գունդ
Շարժվում է մեր դեմ, ու չի երևում,
Չեմ տեսնում վերջը նըրա շարքերի...»
«Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն այնժամ,

Հե՜յ, ընկե՜ր, ասավ, ետ նայիր հապա,
Ետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռվից
Չե՞ն գալիս արդյոք մեզի օգնության...»
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին,
Կըտրիճ հայդուկը նայեց դեպի ետ.

― «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպես ափիս մեջ,
Սև ծովից մինչև ծովը Վըրկանա,
Մինչև Կովկասի պատնեշը ձյունոտ.
Գալիս են խումբ֊խումբ հայերը ճեպով,

Գալիս են ճեպով մեզի օգնության։
Իջնում են Սյունյաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչև Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի

Անվերջ տագնապով իրար են անցնում...
Գալիս են ամեն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարոտ պանդուխտներն ամեն,
Գալիս են ցըրված տըղերքը նորից,

Գալիս են՝ պարզած դըրոշն հայրենի...»
«Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետը փորձ,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դեպ հյուսիս, ավելի հեռու,
Չի՞ շարժվում արդյոք հյուսիսը հըզոր...»

Ու նայեց հայդուկն ավելի հեռու,
Նայեց սըրատես աչքով արծվենի։
«Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Աչքըս չի կըտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժվում է, ահա, հյուսիսն ընդհանուր.

Հորձանք է տալիս ծովն ըռուսական,
Հորձանք է տալիս ծանր ու ահավոր,
Դեպի ամեն կողմ ափերն հեռավոր.
Եվ, հուր ու շոգի շընչելով ուժգին,
Գընացքը կըտրած գընացքի ետև,

Ու, գալարվելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպես վիշապներ սև-սև...»
«Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, դե՛ ցած եկ արագ,
Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,

Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա...»
«Խըմբապե՛տ, կանչեց, ընկեր խըմբապետ,
Խըմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահել,

Հայոց երկնահաս լեռների վըրա
Խո՜ր, խորհրդավոր ձայներ են լսվում.
Դըղըրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիվ ձայներից...»
«Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետը հին,

Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կյանքում տանջված, տանջանքով մեռած
Անթիվ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հեգ, որ լաց ու կոծով,
Արյան մըրրիկով երկինք վերացան։

Փոթորկում են դեռ աստծու առաջին,
Բողոքում անհուն երկրնքովը մին.
Նըրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքև՝ հայի ականջին...
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, խաչ հա՛ն երեսիդ,

Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի,
Մեծ տառապանքի վերջին օրն է սա...»

1915