Սիրո վիշտը
Որպես վառ կոկոն քաղցրաբույր վարդի,
Նոր փթթում էիր կյանքի ծաղկոցում,
Երբ հեզ հայացքըդ շնչեց ինձ հոգի
Եվ սիրո կայծը վառվեց իմ կրծքում։
Եվ այդ րոպեից ես ջերմ, հուսալի
Քանի՜ անկեղծ երգ քեզ նվիրեցի.
Ո՛հ, քանի՜ անգամ, մանո՛ւկ սիրելի,
Ջերմ արտասուքով կուրծքդ թացեցի…
Բայց երբ քեզ ժպտեց պայծառ արշալույս,
Նոր գարնան արև դու ողջունեցիր.
Ավա՜ղ, խե՛ղճ երգչիս… խորտակվեց իմ հույս…
Դու մաքուր սերըս ծաղրի մատնեցիր…
1888, 30 մայիսի