Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Մեր դարը

Մոլեգի՜ն դար է, եղբա՛յր, մեր դարը.
Հըպարտ նա զենքով, հարուստ՝ զոհերով.
Կաշկանդած աստծո ազատ աշխարհը,
Նա գահ է հանում դահճին յուր սըրով։

Զոհվում են ազգեր հանուն սուրբ խաչի,
Արյան ծովերով ողողում երկիր.
«Թո՛ղ խեղճը մեռնի, թո՛ղ թույլը կորչի»,
Կարդում է մեր դարն յուր դատավճիռ։

Չարության ոգին, լայն ցանցի նըման,
Պատել է և՛ կյանք, և՛ սիրտ, խղճմտանք,
Ուր անպարտություն այնտեղ կախաղան,
Ուր արդար տրտունջ այնտեղ հալածանք։

Լսում ենք լո՜ւյս, սե՜ր, ազատ գաղափար,
Օրե՜նք, իրավո՜ւնք, ազա՜տ խիղճ ու ձայն
Օ՜հ, մեր օրերում, մեր դարի համար
Դոքա ծաղրելի խոսքեր են միայն…

Երկաթ ու վառոդ, արցունք ու արյուն,
Գայլի կուշտ ծիծաղ, գառան խուլ մայուն
Ահա՛, բարիքներ, դափնիք պանծալի՜,
Մեր առաջադե՜մ, լուսավո՜ր դարի…