Խա՛ղ չէ․․․
Խա՜ղ չէ իմ սերը, ո՛վ կույս գեղեցիկ,
Ես քեզ սիրեցի անձնվեր սիրով.
Մի՛ սեր, որ չէ՛ միշտ անհոգ, երջանիկ,
Որ միշտ չէ՛ հուզվում խաղուն կրքերով...
Սե՛ր, որ սիրողին անուշ վարդի հետ
Բերում է և՛ փուշ դառն հոգսերի,
Սե՛ր, որ չըգիտե կյանք երանավետ,
Առանց տանջանքի, առանց վշտերի...
Եվ այդ բազմահոգ, վշտառատ կյանքում
Միշտ քաջ, անվհատ տանջվելու համար
Ես սեր եմ երգում, կյանքի փոթորկում
Սերն է եռանդի աղբյուր անսպառ։
Ես քեզ սիրեցի, չքնա՛ղ արարած,
Սիրավառ սրտով խաչս կրելու.
Ես քեզ սիրեցի միշտ ոգևորված՝
Կյանքում ապրելու, կյանքում գործելու...