Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Արշակ Չոպանյան

Տեսլիներ վերհիշում

Ա.

Ինձ կթվի երբեմն հիշել կյանքը մը նախկին`
Բագրատունյաց մայր-քաղաքին մեջ հոյաշեն,
Օրովն անուշ մերին Աշոտ Ողորմածին,
Երբ դեռ Կ’ապրեր մեր ցեղն իր կյանքն խրոխտորեն:

Աչքիս առջև կուգա պալատն ամրապայծառ,
Հաղթ սյուներով, նրբաքանդակ պերճ որմերով.
Բարի արքան, խաղաղ դեմքով իր մեծափառ
Սեղանին գլո՛ւխը կբազմեր հայրագորով.

Իր քով` դշխոն ազնվագեղ, քնքշահայաց,
Կնազեր գողտր, և իրենց շուրջը բազմաթիվ
Խեղճեր, հաշմեր` սեղանակցիլ հրավիրված.

Ես, դեռատի աշուղ, սազիս վրա մեղմիվ
Կերգեի հին երգերն Հայոց. արքան, խոհուն,
Լուռ, կերազեր, ու կժպտեր դշխոն սիրուն:

Բ.
Ու կտեսնեմ ահա պատկերն ալ առնագեղ`
Մերկ սուրերուն կայծակնացայտ ընդհարումին,
Երբ հայ կորո՛վը կկանգներ` թափով ահեղ`
Վանել ամեն դիաց խուժող ժանտ թշնամին.

Կելլեր արքան իր պալատեն` զերդ առտվան
Քաղցր ստվերեն կելլե արևը փողփողուն.
Դեմքն իր քնքուշ` վճիտ բոցով մ’արիական
Կճաճանչեր ու կվառեր սիրտն ամենուն:

Ու ցեղն ամբողջ կխոյանար հետն արքային,
Ծիծաղերես, մահվան մեջեն փառապսակ,
Անկախությունը պաշտպանել վեհ Քաղաքին:

Ես հո՛ն էի, սուրբ պայքարին մեջ հրափայլակ.
Ստվերները կերգեի հին հերոսներուն
Անուշությունը Հայրենիքի համար մահուն:

Գ.

Կվերհիշեմ ասոնք… և սիրտս թունդ ելած,
Երբ կանհետի տեսիլն աղվոր ու ներկային
Կտարածվի դեմս ավե՛րը մռայլամած,
Կդողամ դառն ամոթին դո՛ղը ցավագին…

Չըլլա՞ պիտի երբեք, որ ցուրտ քու շիրիմեդ
Հառնես դուն, ո՜վ Անցյալ փառքի ու ազատության.
Ո՜վ մեծություն հին օրերուն, միթե անհետ
Կորսվեցա՞ր ու մարեցա՞ր դուն հավիտյան:

Ա՜խ, ո՞վ դարձնե պիտ’ ինձ բամբիռնը երբեմնի.
Ու փչե մեջս աստվածային շունչը հրեղեն.
Որ ես գոռամ, ո՜վ իմ ցեղս, երգը զարթոնքի,

Ու ցըցվելով ստրկության անարգ մոխրեն
Բոցավառված նորեն խանդո՛վդ դյուցազնի,
Վերականգնես արևուն տակ տունդ Հայրենի: