Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Քընքուշ լուսնի շուշան-փոշին

- Քընքուշ լուսնի շուշան-փոշին
Մաղեց հեզ գետի վըրա.
Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,
- Սիրտըս անդո˜րր կըծըփա:

Ուռիները նազա˜ն-ծածա˜ն,
Տերևները կըշնչեն,
Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան
Վառ երազում կընընջեն…

Լուռ կըծորե աստղը շողե˜ր
Ու ծըղրիդը կըծըղրա.
Քամին կերգե գաղտնի երգե˜ր, -
- Միտքըս հեռու˜ւ կըսըլանա…

Լուսնակն անցավ, - մութը մըթին
Մաղեց հեզ գետի վըրա…
Ծանըր խըշշաց լացող ուռին,
- Սիրտըս տըխո˜ւր կըհևա…

1895
Հոռոմոս – Անի