Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Հայաստանին

Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր տեսիլների ստեղծագործ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք ի՛մ Հայաստան:

Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան:

Քո գետերըդ` տեգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն – բուրող.
Շարականներըդ` հոգեբուխ, շինականիդ երգը` լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ, ի՛մ Հայաստան;

Դստրիկներըդ քո փափկասուն` անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ` մերկ ու ծարավ, սովալլուկ, մահի ընկեր.
Բախտիդ վրա` ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան:

Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան:

Կըռունկներըդ համբավ տանող պանդուխտներիդ աշխարհալած,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ արյունաներկ` ձայն հեծության, հառաչանաց,
Հընուց ուխտի վըկայարան, ավանդատուն, ի՛մ Հայաստան:

Ծիրանավոր քաջ – Մասիսըդ` սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներըդ ճակատագրիդ ճամփաների սուրբ օրհնաբան,
Նոյ – Նահապետ աստվածատես` ածուներիդ վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան, ի՛մ Հայաստան:

Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ քո Հարությամբ` նորամանուկ ի՛մ Հայաստան:

1921
Վենետիկ