Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Հայրենիքից հեռու, մի օր

Հայրենիքից հեռու, մի օր,
Եթե մահը զարկե ինձ,
Միևնույն է` թաղվիմ ուր որ, -
Մեր մոր գրկումն եմ նորից:

Սակայն, քաղցր է ննջել դաշտում.
Խնձորենու շուքի տակ,
Որ գարունքին շիրմիս ծուփ գան
Ծաղիկները սպիտակ:

Եվ ամառը` աղջիները
Վրաս կանգնեն երգելով.
Քաղեն, լցնեն գոգն ու ծոցը
Կարմի՛ր, կարմի՛ր խնձորով:

Եվ աշունքին` սիրուս նման
Մեռած, լացած մի երազ`
Տերևները դալուկ, դեղին,
Իջնին, մեռնին իմ վերաս:

Երբ ձմեռ գա` լռիկ ու հեզ`
Բյուրեղները ճյուղերեն
Շիրմիս կաթեն արցունքի պես
Մենության մեջ ձյունեղեն:

1919
Ժընև