Ծառիս վրա մի գորշ թռչուն
Եղբորս որդու`
Իսահակ Իսահակյանի
I
Ծառիս վրա մի գորշ թռչուն`
Կտուցն առած թևի տակ`
Կուչ է եկել ու հառաչում,
Ա˜յնպես տխուր ու անհույս,
Ասես` առել բերել է ինձ
Վերջին խոսքը սիրելուս …
Ու լսում եմ խոսքը տրտում.
Սրտիցս արյուն է կաթում …
II
Միշտ երկեերկիր,
Ինձանից հեռու,
Թափառում էիր,
Երբ ողջ էիր դու:
Բայց մոտըս եկար
Քո մեռած օրեդ.
Հիմա անբաժան
Շրջում ես ինձ հետ:
III
Մաղում է անձրև`
Սրտամա՛շ, տրտո՛ւմ.
Անձրև՛ ու անձրև՛,
Դանդա՛ղ անդադրո՛ւմ:
Ա˜խ, հիմի, հիմի
Ի˜նչ ցուրտ է ու թաց
Մութում քո շիրմի
Իմ սրտիս սիրա՛ծ …
Հոգուս մեջ դարձար
Դու մի այրող վերք.
Ես քեզ մոռանալ
Չեմ կարող երբե՛ք:
Ու աշնան մեգում
Կանգնել եմ անհույս,
Անհույս հեկեկում
Անունըդ անո՛ւշ …
IV
Աչքս ճամփիդ ծովացած`
Կարոտդ սիրտս էր այրում.
Այցի եկար դու հանկարծ
Ինձ այս օտար աշխարհում;
Դեմքդ քնքուշ ժպիտով,
Ինչպես մանուկ երեկվա,
Գիրկս ընկար կարոտով,
Իմ անուշիկ երեխա՛ …
Այդ ինչքա˜ն ես մեծացել,
Պարթևական ինչ հասակ.
Ի˜նչ շքեղ ես, գեղեցիկ,
Գարնան կանաչ արեգակ …
Հաղթանակից ես եկել,
Ոսկեզրահ, քաջաձի
Ա˜խ, քեզ շատ եմ կարոտցել,
Մոտս կեցի՛, մի դարձի …
Սո˜ւտ է, հոգի՛ս, թե հիմի,
Մարմարե ձյունն է ծածկում
Հողաթումբը քո շիրմի, -
Դու իմ մոտս ես, իմ գրկում:
Ճակտիդ վրա, աստղի պես,
Պստի՛կ, պստի՛կ մի վերք կա …
Թո՛ղ համբուրեմ` լավանա,
Դու, իմ կտրիճ երեխա՛ …
1916
Ժընև