Երազիս տեսա, որ մայրս` թշվառ
Երազիս տեսա, որ մայրս` թշվառ,
Շեն պատերի տակ, մեծ փողոցներում,
Ա˜յնպես դողդոջուն, հիվանդ ու անճար,
Անց ու դարձողին ձեռն էր կարկառում:
Երազիս տեսա, որ իմ մայրը` ծեր,
Ցնցոտիներով պատած մուրացկան,
Եվ մարդիկ` անգութ, անտարբեր, անսեր,
Զբոսնում էին և հրում նրան:
Եվ երազիս մեջ ես դառըն լացի,
Ու ցավից զարթնած` լաց եղա անքուն. –
Ա˜խ, որքա˜ն մայրեր` խեղճ, առանց հացի,
Մեր շուրջն են դողում ու մենք չենք զգում …
1908
Թիֆլիս