Շուշանիկ Մատակյանին, 1904թ․
Նորից վեր եմ աոնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ թեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել. – սիրել - ես քեզ չեմ սիրում, ատել ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում քեզ հազար - հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ քեզ/, ամբողջ էությունս բարի է... և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ, երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի՛ որոնիր այս տողեոի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև, մահս քեզ էլ ո՛չ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա՛ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քու առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ, հայհոյեմ քու բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենա նվիրական սերս շան պես դուրս վռնդեցիր, որովհետև, դու ինձ չարչարեցիր, նա հատակեցիր՝ անսահմանորեն:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել - գիտե՛մ, գիտե՛մ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու, չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս... և այդ բոլորից հետո ղու ինձ ոտաց տակ տվիր. խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ մնացին, ժանգոտվան, արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր դեպի ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…
Եթե ամենակատաղի թշնամուս սիրեի, իմ, դեպի քեզ մրրկող սիրուս մի չնչին մասով, թշնամիս ինձ կգրկեր, կգուրգուրեր և կմխիթարեր... Իսկ դու - դու գիտեիր իմ դժոխային տանջանքներս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր… Ես քեզնից է՛լ սեր չէի ուզում, քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ մարդ տեսնեիր…
Դու ասում էիր ինձ, որ այն ժամանակ ջահել էիր և ուրիշները ներշնչում էին քեզ... Բայց, բայց... չէ՛ որ ջահելները ունեն գթառատ սիրտ, բայց մի՞թե դու ջահել էիր. դու հասած էիր՝ և այն էլ շա՜տ զզվելի կերպով, որ աոաջին պատահող ամուսնու գիրկն ընկար…
Այո՛, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ո՛չ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես... Ես զզվում էի քեզնից, բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ա՜խ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը... Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի - ինձ դուրս կանչեց ժողովուրդը, հեղափոխությունը, իմ ջախջախված գենին - ես տեսա իմ աչքում բոլոր իլյուզիաները ցրված, վարագույրները բացված ե քեզ՝ որպես ամենավատ կինը բոլոր կանանցից... և քեզ հայհոյեցի աշխարհքի ամենածանր հայհոյանքով, որ իմ կյանքում մի անգամ եմ ասել, և այն էլ քեզ, իմ հոգուն, իմ իդյալին. այժմ մազերս փետանում են և ամաչում եմ, և սոսկում եմ այդ հայհոյանքից... Եվ այն օրից, երբ գրեցի...
Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել. ես պիտի քեզ անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց կամ սպանեի ինձ. սպանել չուզեցա, որովհետև բնությունը իմ մեջ շա՜տ Է կյանք և կյանքի ուժ ու սեր դրել, բայց հայհոյել կարողացա, իհարկե, ավելի լավ Էր մեռնեի, քան հսանեի այն օրին, որ իմ դարեր, դարեր պաշտած երազը սբապղծեի ոտաց տակ տայի... Բայց այս բոլորի միայնակ մեղավորը դու ես:
Այժմ ի՞նչ եմ ուզում ասել ես. - խոսքս հետ չեմ առնում, բայց այդ հայհոյանքով էլ չբժշկվեցի ես. դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, լայնաբերան, լայնաբերան. դու որդ դարձար իմ վերքի մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի... Այժմ դաոնաս իմ կինը ես իսկույն կփախնեմ քեզնից, դաոնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն սանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց...
Բայց լալիս եմ հիմա, Ա սրտիցս արյուն է կաթում, գնա՛, Շուշիկ, Աստված քէզ հետ, ապրիր քու երեխաների համար. ինձ մի՛ անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում էմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի՛ նայիր, ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար. հոգիս խոստում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծու անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի հնազանդվում. չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի. քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ:
ԱՂԱՉՈԻՄ ԵՄ ՔԵԶ...
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ։
ԴՈԻ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ՜Ր, ՄԵՌԱՐ...
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈԻՐՈԻՄ ԵՄ ՔՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈԻՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈԻ...
ԱՎԵՏԻՔ: