Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Ինքս ինձ հերքում եմ

Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս.
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել:
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել.
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս,
Ամենքի պես էլ աշխարհով գնա...
Իսկապե՛ս.
կարգին հագուստ կա հագիս,
Թե վաստակածըս գրպանըս մնար՝
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր,
Ինձ կարող էին և հարուստ կոչել:
Ես դուր եմ գալիս սրան ու նրան,
Ինձ շատերն անգամ սիրում են կարգին:
Շուտով կստանամ և բնակարան,
Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից,
Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,-
Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել,
Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,-
Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս,
Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս,
Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս:
Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ,
Աշխարհի վատը, լավը մոռանամ.
Ես հո չեմ նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի մասին:
Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել,
Որ ճմըռթելով գրպանս խրեմ...
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին,
Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն,
Թե նրա վատը նաև իմ վատն է,
Նրա հավատը և իմ հավատն է:
Նա իմն է եղել և իմն է մնում.
Նա էր մոր նման ինձ երեկ սնում,
Նա է ինձ տվել քնքշանք ու գորով,
Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով,
Նա է ինձ ազնիվ - անազնիվ դարձնում...
Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում,
Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ,
Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ:
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում...

22.IV.1957թ.
Մոսկվա