Անվերնագիր 18
Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի, այնքան է հեռու,
Հիմա ողջն ասես լինի մի ծանոթ, մի անցած երազ:
Հերանցդ տնից, որ դեմի սարի լանջին է թառում,
Իջնում ես դու ցած՝ գլխարկդ թեքած մի կողքի վրա:
Քո ափսեաձև գլխարկը դեղին միշտ թեքած մի կողմ,
Ինձ այնքան ծանոթ քո կանաչավուն զգեստը հագիդ,
Երբ անցնում էիր դպրոցի շենքի ու մեր տան կողքով,
Դու նման էիր, շա՜տ էիր նման արևածաղկի:
Չէ՛, այդ ե՜ս էի, ես էի նման արևածաղկի.
Որտեղ դու՝ այնտեղ և իմ գլուխն է ակամա հակվում,
Որտեղ որ դու ես՝ միշտ նույն գլխարկը ու շորը հագիդ,
Ինձանից անկախ, ուրիշից թաքուն՝ այնտեղ եմ թեքվում:
Շա՜տ ջուր է հոսել - անցել են արդեն տարիներ քանի:
Մեծ քաղաքների մայթերում արդեն՝ ես նույնիսկ հիմա
Երբ հանդիպում եմ քեզ նման մեկին՝ միշտ շուռ եմ գալիս,
Միշտ ետ եմ դառնում՝ արևը սիրող այն ծաղկի նման...
23.I.1947թ. 20.VII.1953թ.
Երևան Նավչալու