Մարի, էգ թռչուն...
Չգիտեմ, Մարի, երկնքի մովից
Ինչո՞ւ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՜գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի:
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ,
Աշխարհը մեռավ հավերժի առաջ
Եվ ես մոռացա բախտը աշխարհի՝
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ էր շուրջս ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է սեր:
Մեռած է, Մարի՜, իմ սիրտը հիմա:
Շուրջս լռություն, ու գիշեր, ու մահ
Շուրջս քարացած երազը մահի.
Կուզեի՜ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո՜ղը լիզեի, որպես համր շուն
Ու լո՜ւռ կորչեի աշխարհի փոշում...
Ախ, ցուրտ է այստեղ երկնի կամարում
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի՛մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա՛ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի նայիր դու վեր. թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա՛ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՛գ թռչուն...
Իսկ ե՞ս. ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի
Լսո՞ւմ ես, Մարի, ի՞նչ արի ես ինձ:
Ինչո՞ւ արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, ունի,
Կամ գուցե առաջ ունեցել է նա
Կարմիր կարոտը կարմիր արյունի
Ու հրդեհումի երազը անահ:
Ախ, մարդու հոգին, ասում են, առաջ
Ապրել է այնտեղ արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ, ու անունը Ռա:
Վառվել է անմար արևի հոգում՝
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփռել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ.
Աղոթք են արել հրակամ Ռային
Ապրել են հրում ու անցել են գոհ:
Հոգնե՜լ եմ, հոգնե՜լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի՜ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ՝ հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:
Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է սեր.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես ինձ եմ ուզում, ի՛նձ, լսո՞ւմ ես, կի՛ն,
Ինձ, որ չե՛մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հող դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարք չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին, ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը՝ աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին՝
Հավիտենության սահմանը ունայն
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ...
Եվ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ, անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ
Նա էլ չի դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար...
Օ, ծա՛նր է, ծա՛նր է, օ ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
Ախ, լինել թեթև՜, հրոտ, հրակամ,
Վառվել, որպես զոհ, զոհս չմերժի
Արևը արև, ու Ա՛գնի, ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա՝
Զոհի՜ պես արդար, ինքնաամոքիչ
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...