Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Պատերազմ և խաղաղություն

Ծանրանում է իրիկունը:
Մեր մանկիկը քնեց արդեն՝
Փոքրիկ ձեռքը աղավնու պես
Դրած բարձին:
Իմ սեղանի վրա ավտոն
«Վթարումից» փրկվել հազիվ՝
Զույգ ակերով դեմ է առել
Լերմոնտովի մեծ հատորին.
Իսկ անկյունում՝ նրա սև ձին,
Թամբը գցած բաշի վրա,
Շունչ է քաշում՝ ուրախացած,
Որ ազատվեց չարաճճի
Իր հեծյալից:
Ես կարդում եմ թերթը օրվա,
Վարագույրն ես դու արդուկում
«Չինար ես»-ի դանդաղ տեմպով:
Այնպես լո՜ւռ է, այնպես խաղա՜ղ մեր սենյակում,
Այնքան սե՛ր կա այդ լռության թևերի տակ:
Այնքան երա՜զ, սպասելի՛ք:
Օրվա թերթն եմ ես ընթերցում:
«Չինար ես»-ը ընդհատելով,
Դու խնդրում ես բարձր կարդալ՝
Գանգատվելով կնոջ բախտից,
Որ լրագիր ընթերցելու
Ժամ չի գտնում:
Կարդում եմ ես.
«Վիետնամում արյան հեղեղ...
Մայր ու մանուկ անօթևան...
Եվրոպական բանակներն են վերազինում...
Պատերազմի ուրվականն է առնում մարմին»...
Եվ արդուկը մի կողմ թողած՝
Դու նայում ես մեկ ինձ և մեկ
Նրան, որ արդ քուն է մտել
Իր բուրավետ մահճակալում:
Դու նայում ես մի տագնապով,
Որ հատուկ է լոկ մայրերին:
-Ի՞նչ են ուզում,- ասում ես դու,
Ասում ես դու այնպես կամա՜ց,
Մինչդեռ կարծես ճչո՛ւմ ես դու:
Ու խոսում ենք՝ ես իմ թերթը,
Դու արդուկդ մի կողմ դրած:
Դու խոսում ես և վախենում,
Ինչպես մայրերն են վախենում:
Ես լսում եմ ու լուռ մնում,
Ինչպես այրերն են լուռ մնում:
Թե ինչքան ենք խոսում այդպես,
Ո՛չ ես, ո՛չ դու չենք իմանում,
Մինչև հանկարծ տեսնում ես դու,
Որ երեխան բացել իրեն՝
Տոտիկներն է ներքև կախել
Մահճակալի ցանցաթելից:
-Սկսվեցին շոգերն արդեն.
Պետք է տանել ամառանոց...
Եվ քո ձեռքերը մայրական
Տոտիկներն են ծածկում նրա:
Եվ քո հայացքը մայրական
Լճանում է նրա վրա.
-Երբ մեծանա՝ տեսնես թե նա
Ի՞նչ կդառնա, տե՛ր իմ աստված...
Ու մանկացած՝ մանկան առաջ,
Երազում ենք մանուկ դառած:
...Նա մեծանում, դպրոց գնում,
Նա վազում է «Կազբեկ» գնում:
-Ո՛չ մի վազել, ո՛չ մի «Կազբեկ»:
Մենա՞կ... փողո՞ց... Գժվե՞լ ես դու,-
Հարձակվում ես դու ինձ վրա:
...Նա գնում է համալսարան,
Սիրահարվում, ուշ տուն գալիս:
Հասկանում ենք անխոս նրան
Եվ, իհարկե, ցույց չենք տալիս:
-Սիրահարվո՞ւմ, ո՞ւշ տուն գալիս...
Ի՞նչ է, ուրիշ բան չգտա՞ր,-
Սաստում ես ինձ լեղապատառ,
Քո մայրական խանդի վրա
Ծիծաղում եմ ու թույլ տալիս,
Որ երազը շարունակես՝
Որ նրան շուտ չպսակես,
Որ նա դառնա դաշնակահար,
Որ նա դառնա մեծ գիտնական...
Եվ չենք զգում, որ աննկատ
Ուրվականը պատերազմի
Կյանքի առաջ նահանջելով
Հեռանում է, չքվո՛ւմ, կորչո՜ւմ:
Որ մնում ենք ե՛ս, դո՛ւ, տղա՛ս,
Մեր տնա՛կը մեղմ ու խաղաղ-
Ես՝ զինվորը անցյալ օրվա,
Դու՝ մայրությունն իմ աշխարհի,
Իմ աշխարհը՝ իմ տան նման
Լեցուն սիրով ու երազով,
Լեցուն սիրով ամենազոր,
Եվ մեր տղան՝ մեր ապագան,
Որ քնել է քնով մանկան,
Այնպես հանգի՜ստ, խաղա՜ղ այնպես՝
Փոքրիկ ձեռքը դրած բարձին-
Աղավնու պես...


Երևան