Բանաստեղծի վախը
Ես ի՛նձ համար չեմ վախենում.
Կուզե՞ք՝ վա՜ղն էլ ընկնեմ-մեռնեմ:
Վախենում եմ ջրի՜ համար
Եվ ջրային խճանկար ա՛յն քարերի,
Որոնք, ինչպես բիբերի շուրջ,
Ասես դառնում սպիտակուց
Ու ցոլանք են տալիս ջրին:
Վախենում եմ նրա՜նց համար.
Վախենում եմ,
Որ մի գուցե հետըս նաև իրե՛նց տանեմ...
Վախենում եմ նաև հողի՛, հողի՜ համար՝
Մենախոսող ա՜յն մեծագույն ողբերգակի,
Ում «Լինել թե չլինելը» այսօր արդեն բարձր է հնչում
Մինչև անգամ թեթևսոլիկ քամո՛ւ բերնով,
Որ վարակված ու վարակիչ ամպ կարող է քշել-բերել,
Մշտածիծաղ-զնգուն ձայնով և անձրևի՜,
Որ կարող է անմեղորեն օրհա՛ս փռել՝
Մանուկների երակներում արյունը ջուր դարձընելով:
Քանի ես կամ՝
Թվում է, թե հողը դեռ չի՛ կործանվելու,
Թե չէ՝ կուզե՞ք... այս վայրկյանիս ընկնեմ-մեռնեմ...
Վախենում եմ, որ գնալիս հետս աստղերի ցոլքը տանեմ
Եվ աչքերի գիշերական ու ծովական խորքը տանեմ,
Կաքավների «կղա»-ն, երգի «լո-լո»-ն տանեմ,
Հեռախոսի կարոտ ցրող «ալլո»-ն տանեմ,
Մարդու հոգի կտցահարող աղջըկական քելքը տանեմ,
Քարանձավի և փակուղու ելքը տանեմ,
Տանեմ մարդու զե՛նքը միակ՝
Խե՜լքը նրա,
Ու նա մնա անզե՜ն-անզո՜ր
Այս սասանվող հողի վրա՝
Մենախոսող ա՛յն մեծագույն ողբերգակի,
Ում «Լինել թե չլինելը» լսո՜ղ է պետք,
Գոնե լսո՛ղ, լսո՞ւմ եք ինձ, գոնե լսո՜ղ...
Վախենում եմ սրա՛ համար, թե չէ՝ կուզե՞ք
Ձեր աչքի դեմ ընկնեմ-մեռնեմ այս վայրկյանիս...
22.X.1962թ.
Երևան