Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Սովորական հրաշք

Մենք հանդիպեցինք...
Եվ ի՜նչ կատարվեց, հասկացա՞ր արդյոք.
Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց՝
Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման:
Օդը, որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալված,
Կեղևաթափվեց՝
Տեսքով անձրևի,
Ձյան կերպարանքով,
Եվ... օդի համը զգացինք կրկին.
Այնպես է համե՜ղ - առարկայացա՛ծ,
Որ... չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես...
Մենք հադիպեցինք...
Եվ ի՜նչ կատարվեց, արդյոք հասկացա՞ր.
Հարազատության ա՛յն զգացումին,
Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել,
Քնքշանք խառնըվեց կրկնակի՛ չափով,
Որից ստացվեց մի... սե՜ր անվախճան,
Ինչպես անվախճան ջուրն է ստացվում,
Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին...
Մենք հանդիպեցինք...
Եվ - ահավասիկ այսպե՛ս - տապալվեց
Բանաստեղծության պարիսպը խարխուլ.
Գիտությունները սիրով լուծվեցին աչքերում քո թաց,
Ոտներըդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին,
Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց՝
Հարստացնելով երկրաչափությունն ա՛յն օրենքներով,
Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին...
Մենք հանդիպեցինք...
Եվ խոր քուն մտան «բայց»-երը բոլոր,
Որ խնդությունը զարթնելով հանկարծ՝
Ընդոստ վե՜ր ցատկի
Եվ պտտահողմի ահարկո՛ւ տեսքով
Աշխատի մի կերպ շաղափել - ծակել
Բոլո՜ր շերտերը կարծըր երկնքի,
Եվ երկրի վրա, շաղափված անցքից,
Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա՜ն,
Որին բացվել կա՛ և... չկա՜ փակվել...
Մենք հանդիպեցինք...
Եվ հանդիպեցինք
Շատ սովորակա՜ն - հասարա՜կ ձևով,
Որ հրաշքները իրե՛նք էլ դառնան
Շատ սովորակա՜ն - հասարա՛կ բաներ...

18.III.1964թ.
Դիլիջան