Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Րաֆֆի

Կյանքի հոսանքը

Ի՛նչ զվարճությամբ սահում են ժամեր
Գեղեցկափթիթ իմ կյանքիս գարնան,
Ի ՛նչ անուշահոտ ծաղկում են վարդեր,
Զարդարում եդեմ անհոգ մանկության:

Սահո՛ւմ են ժամեր, վազում ժամանակ,
Բայց Կռոնոսի անիրավ ձեռքեր՝
Ամեն մի րոպե քաղում են անհագ՝
Կյանքիս դրախտեն գեղեցիկ վարդեր...

Տիրում է սարսափ՝ զարհուրանք և դող,
Երբ մտածում եմ, ամեն մի վայրկյան՝
Քանի քայլ հառաջ՝ դիմում եմ դեպ’ հող,
Ուր մարդիկ անդարձ իջան հավիտյան:

Ի՞նչ է իմ կյանք՝ ուրեմն մի ծաղիկ՝
Գարնան ոգիով բացված գեղեցիկ,
Գալիս է աշուն՝ տերևը թառմում,
Փչում է հողմը՝ փոշի է դառնում...