Երգ մը
Երգ մը անոր, զոր կճանչնաս։
Ո՞վ կաթեց այնքան լույս քու աչքերուն խորը, ո՞վ պարգևեց քու երիտասարդ ճակատին դարերուն լրջությունը, և քու ամեն մեկ խոսքին մեջ՝ երկունքներու խորհուրդն ու խաղաղությունը։ Աչքերդ տեսնողը պիտի կոչեր. «Բեկորը հսկա արեգակին»։ Ճակատդ տեսնողը պիտի անվաներ քեզ կնքողը բոլոր դամբարաններուն, իսկ ան, որ քու երգը լսեր, պիտի ըսեր. «Ահա՛ ծորակը, ուրկե բոլոր քաղցրությունները կհոսին»։
Բայց ես, որ քեզ ամբողջովին կճանչնամ ճակատդ, աչքերդ, լեզուդ, հոգիդ, սիրտդ, ստինքներուդ աղավնությունը և մերկությանդ աստվածությունը, պիտի ըսեի. «Ահա՛ կույսը, ահա՛ Արշալույսներու մարմնացած շունչը»։