Բաց նամակ տիկին խոլերային
Նզովյալ քավթառ:
Այն օրից, երբ դու Գանգեսի ափերից դուրս եկար, համայն աշխարհում տարածվեց քո տխուր հռչակը։ Աշխարհակալ կայսրներր միլիոնավոր զորքեր հաղթեցին, երկրներ ավերեցին և շինեցին, իսկ քո դեմ մաքառել չկարողացան։
Դու կարծում ես քաջ էիր, որ չհաղթվեցիր, pardon, դու անամոթ ես, քո երեսին մեռոն չկա։ Դու այնքան համարձակություն չունես, որ դեմառդեմ ասպարեզ դուրս գաս և այնպես կռվես։ Դու խայտառակ կերպով թաքնվում ես և անթիվ զորքերդ տարածում։ Ես հարյուր անգամ քեզ ասել եմ, որ պատրաստ եմ քո զինվորներից ամենաքաջի հետ մենամարտել ինչով կամենաս, ատրճանակով, շիշերով, թրերով, բռունցքով, միայն թե երես առ երես ասպարեզ գաս։
Բայց ինչպես դու, այնպես և քո բոլոր զինվորները կռվում են գողնովի, ստորաբար։ Անցյալ տարի քո գեներալներից մեկը իր զորքով մտավ փտած վարունգի մեջ և այնտեղից իմ ծառայի փորը։ Հապա պատվավոր զորապետը փտած վարունգով կկռվի՞ կամ թշնամու փորը կմտնի՞: Թո՜ո՜բբա... բայց դու մտնում ես։ Եվ ինչ խայտառակություն. մտնում ես թե չէ, հետո ես սկսում թմբկահարել։ Խեղճ ծառա երկու օր չանցած Գաբրիել ապերի դավթարում գրվեց։
Անիծյալ, եթե դու քաջ զորապետ ես, ինչո՞ւ չես մի րեպորտյորի փոր մտնում։ Վախենում ես, որ քո մասին սուտ լուրեր կգրի, հա՜ա՜։ Բայց չէ՝ որ հենց ինքդ քո ոտքով-գլխով մի անպատկառ խաբեբա ես, ստախոս, դավաճան։ Երեկ չէ մեկէլ օրր դու չէի՞ր, որ Մուհամմեդի գերեզմանի վրա Մեքքայում, հազարավոր զոհեր էիր անում Ղուրբանբարմայի տոներին։ Իսկ այժմ հավատդ փոխեցիր ու քրիստոնյա դարձար, հաա՞։ Ա՛յ հողեմ գլուխդ։ Եթե մեր «պատվական և ազնիվ» ամենօրյա լրագրի խմբագիրը լսի, ի՞նչ կասի՛։
Кстати, այդ խմբագրի մասին։ Ո՞նց ես նրա հետ, հա՞շտ ես։ Կարծում եմ, պետք է վաղուցվա բարեկամներ լինեք դու և նա։ Եվ այս զարմանալի չէ, քանզի ձեր երկուսի մեջ շատ նմանություններ կան։ Ինչպես դու վարակում ես մարդկանց մարմինը, նա վարակում է հոգին։ Եթե քո բացիլները Կոխի անուն են կրում, նրա բացիլներր կրում են Գուտենբերգի դրոշմը։ Դու սիրում ես փտած ձմերուկ, կամ նեխված վարունգ, նա սիրում է... Դու մարդկանց կերածը չես թողնում մարսեն, նա էլ ինքը իր կերածը յոթ տարվա ընթացքում չէ կարողանում մարսել: Մի էական տարբերություն կա քո և նրա միջև։ Դու քո հաղթությունը ապահովում ես գաղտնի, նա իր անիծյալ ստամոքսի համար բացարձակ է կռվում։
Բայց միայն նա չէ, որ քեզ նման է։ Մեր մեջ շատ բաներ կան քեզ նման վարակիչ։ Վերցնենք մեր գրականությունը. ինչո՞վ է քեզանից պակաս։ Ոչնչով։ Եթե դու վարակում ես մեծ մասամբ չքավորներին, մեր գրականությունը անխտիր ամենքին է վարակում։ Ճշմարիտ է, մինչև այժմ պահապանները ազատ էին այդ ախտից, բայց նորերումս «Արձագանքը» նրանց էլ վարակեց։ Աոաջին վարակվողը եղավ Տիգրան Նազարանցի ստորոժ Սահակ Տեր-Զաքարյանցը։ Խեղճ մարդը իրեն համար հանգիստ կյանք էր վարում։ Ամեն առավոտ ավլելով «Տարազի» խմբագրության հատակը։ Սամարղանդի և Մերվի բանաստեղծների փառքը խլեց նրա հանգստությունը, և նա դարձավ «Արձագանքի» մշտական աշխատակից։ Իսկ նրանից վարակվեց նույն «Արձագանքի» ստորոժ Միրդիչ աղա Աղլաղանյանցը։ Ասում են, որ Միրդիչ աղային է հանձնված «Արձագանքի» տաճկական բաժինը։ Հապա՛, զազրելի քավթառ, դու կարծում ես քեզանից ավելի վարակիչ ախտեր չկա՞ն։ Ի՜նչ, մի՞թե երաժշտական և երգեցողական ախտը քեզանից պակա՞ս է։ Իսկի էչ չէ։ Այ, այն օրից, երբ մի լրագիր ազդարարեց, թե Շահլամյանը երկրորդ Տամբերլինտն է համայն Թիֆլիսի և Գանձակի Նահանգների տիրացուների և շիքաստա ասողների մեջ, իրարանցում ընկավ։ Եվ ամենքը դեն ձգելով իրանց փուրվառը և դահիրեն, վազեցին Թիֆլիս։ Այժմ քանի՜ - քանի տիրացուներ պահանջում են, որ հայ հասարակությունր նրանց արտաքո կարգի գնացքով ուղարկի Միլան:
Բայց ներողություն քավթառ! ես մի փոքր շեղվեցի նամակիս նպատակից։ Ես կամենում էի մի քանի բաներ իմանալ։ Ուստի բացարձակ քեզ հարցեր կառաջարկեմ, թե ազնվության մի կաթիլ մնացել է քո մեջ պատասխանիր։
Արդյոք այս տարի էլ մենք սեխից և ձմերուկից պետք է զուրկ մնանք, ինչպես անցյալ տարի։ Արդյոք այս տարի էլ բժիշկները պետք է մեր գլխին ընկույզ կոտրե՞ն կամ կոպեկանոց հերոսները ձրի թեյարաններում մարդկային բարերարների դիմա՞կ հագնեն։
Արդյոք այս տարի էլ Միքել Անջելլոյի աշակերտ հռչակավոր Ջիովանի Բաբաքանի Պալատնյանոյին պետք է վնասներ տա՞ս։ Դեռ անցյալ տարի սանիտարական խումբը քո պատճառով անգթաբար այրեց խեղճի մի զույգ չուստը, երկու զույգ գուլպան և մի հատ շինելը։ Սրանք բոլորն էլ 14-րդ դարից մնացած իրեր էին և պատմական մեծ նշանակություն ունեին։ Անիծյալ, իսկի պատմության հետ ծանո՞թ ես։ Եվ մինչև այժմ Զիովանի Բաբայանի Պալատնյանոն մաշում է քաղաքային վարչության դռները, պահանջելով իր մեծամեծ կորուստների փոխարենը։ Եթե մարդ ես, գոնե այս տարի այդ ազնիվ ասպետին խնայիր, իսկ եթե ազնիվ կին ես, պետք է պսակվես նրա հետ։ Արդյոք այս տարի էլ Բաքվի երիտասարդությանր պետք է ստիպես անամոթաբար փախչե՞լ, թե՞ նա քաջություն կունենա քեզ հետ կռվել։ Արդյոք Թիֆլիսի փոխքաղաքագլուխ Իզմայիլյանը կունենա նախկին քաղաքագլուխ իշխան Արղությանի եռանդը։
Վերջապես, ինքդ, անիծյալ պառավ, երկա՞ր կմնաս մեզ մոտ, թե շուտով փասափուսեդ պետք է հավաքես և ռադ լինես։
Այս բոլորը հարցրեցին ազնվաբար պատասխանիր, թև չէ վիպասան Ասքանազ Փամբակեցուն կասեմ, որ քեզ մի լավ նկարագրի։
Առայժմ այս բանը, նզովյալ քավթառ, մյուս անգամ կաշխատեմ ավելի շատ գրել...
Հ. Գ. Վերջին Ժամանակ ես չէի գրում, բարեկամներս կարծում էին, որ դու, քավթառ, ինձ էլ գլորել ես։ Հայտնում եմ ի գիտություն համայն աշխարհի, որ ես ողջ և առողջ եմ։ Գնացել էի Չիկագո՝ ցուցահանդեսին։
Այս մասին կգրեմ։