Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Գուրգեն Մահարի

Հողի երգը

Մեծ քաղաքների խօլ խուժը
Կանչում է նորից անհանգիստ,
Մշուշում թարթում է կամուրջը,
Հայեացքը յառած իմ յանդին։

Իսկ անդին գիւղերն իմ անթեւ,
Իսկ անդին հիւանդ մի տենդով
Հիւղերն են իմ ճամբան բանտել,
Հողերն են դժգոհ մրթմրթում։

Բաւական է որքան շրջեցիր
Քաղաքից֊քաղաք երգելով․
Տե՛ս, ձէթի ծրագը շիջել է,
Սերմեր են մեռնու հերկերում։

Կոպերիդ տակ կապոյտ երիզ,
Մազերիդ՝ բոյրը գինետան,
Իմ կորած զաւա՛կ, էլ հերի՛ք
Մնաս քո երկրին օտար։

Դու այստեղ ուրի՜շ կը լինես,
Կը գտնես քո երգի հունը․
Կը սիրէ քո նոր երգերը
Բարձրացող զւարթ սերունդը։

Քեզ այստեղ ճանաչում են նրանք,
Երգում են քո նոր երգերը,
Իսկ դու թափառում ես մռայլ,
Ու նեղ է թւում երկիրըդ։

Միեւնոյն է՝ որքան էլ փախչես,
Ցնորես քաղաքներ հսկայ,
Քեզ հո՛ղըդ պիտի ճանաչէ,
Քեզ հո՛ղըդ պիտի զգայ։

Եւ Հայաստանն է քո հերկը,
Ուր պիտի երգըդ զընգայ․
Դու երգի՛ր, պոէ՛տ, քո երգը,
Եւ պայծառ եղիր, եւ զգաստ։

«Մրգահաս», 1925